Դիլիջանում ընթանում է 10-րդ «Արմաթ» տեխնոճամբարը

25 հուլիսի, 2024  15:55

Հուլիսի 19-28 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվում է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբարը՝ նախատեսված 10-14 տարեկան պատանիների համար: 

Հայաստանի բոլոր մարզերից մասնակիցները կմիավորվեն կրթության, ժամանցի, սպորտի, մշակույթի և հայրենաճանաչողական արշավների շուրջ՝ ստանալու հիմնարար գիտելիք, գործնական հմտություններ ու թիմում աշխատելու փորձ։ Սա հետագայում նրանց հնարավորություն կընձեռի առավել համարձակ շարունակելու իրենց դասընթացները, հետագայում առավել ճկուն կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում։ 

Ճամբարին մասնակցելու են «Արմաթ» ճամբարներ հաճախող և նույնիսկ չհաճախող պատանիները: Նպատակն է՝ խտացված օրակարգով, մասնակիցներին հիմնովի պատկերացում տալ ճարտարագիտական աշխարհի մասին, համայնքի մաս դարձնել, որն էլ իր հերթին նրանց հետագա ուսումնառությունն ավելի արդյունավետ կդարձնի: Այս ինը օրերի ընթացքում տեխնոճամբարը խթանում է պատանիների թիմային մտածելակերպը, բացահայտում նրանց ուժեղ և թույլ կողմերը, սովորեցնում հետադարձ կապի հմտությունը և արդյունակենտրոն աշխատանքը:

Ճամբարում երեխաների առօրյան հագեցած է՝ ռոբոտաշինության մրցույթին նախապատրաստություն, ողջ մնալու արվեստի վարժանքներ, առաջին բուժօգնության դասընթաց, լողի ու ֆուտբոլի առաջնություն ջոկատների միջև, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր, քայլարշավ և այլն։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն և մրցանակաբաշխությունըտեղի կունենա հուլիսի 27-ին՝ ժամը 14։30-ին։


 
 
 
 
  • Արխիվ