James Webb-ը ցույց է տվել 500 միլիոն տարի առաջ 2 գալակտիկաների բախման վառ արդյունքը

5 հուլիսի, 2023  16:05

James Webb տիեզերական աստղադիտակը հերթական ուշագրավ լուսանկարն է արել, որում երևում է NGC 3256-ը՝ արտաքինից հանգիստ գալակտիկա, որը ձևավորվել է 500 միլիոն տարի առաջ երկու այլ գալակտիկաների բախման արդյունքում, տեղեկացնում է Space.com-ը:

NGC 3256 գալակտիկան գտնվում է Երկրից մոտ 120 միլիոն լուսատարի հեռավորության վրա և պատկանում է Hydra-Centaurus սուպեր կլաստերին։ Օբյեկտի բուռն անցյալի մասին են ակնարկում փոշու և աստղերի պայծառ, երկար թևքերը, որոնք տարածվում են գալակտիկայի հիմնական զանգվածից:

Տիեզերական նման բախումների ուսումնասիրությունը գիտնականներին կարող է պատմել աճի մեխանիզմների մասին գալակտիկաների և դրանց միջուկներում գտնվող և Արեգակի միլիոնավոր և միլիարդավոր չափերի հասնող գերզանգվածային սև խոռոչների միաձուլման ժամանակ։

Միաձուլումը, որի արդյունքում ստեղծվել է NGC 3256-ը, առաջացրել է աստղերի ձևավորման ինտենսիվ պայթյուն: Նման գործընթացներում արդեն ձևավորված աստղերը հաճախ խուսափում են միմյանց հետ բախվելուց. դրանց միջև ընկած տարածությունն արդեն չափազանց մեծ է լինում:

Սակայն գազի և փոշու ամպերը միավորվում են ավելի խիտ կազմավորումների մեջ, և այստեղ սկսում են նոր աստղեր ծնվել: Այս գործընթացում արտադրվում է ինտենսիվ ինֆրակարմիր լուսավորում, իսկ James Webb-ը, որը նախատեսված է հենց այս տիրույթում աշխատելու համար, պարզվում է՝ ամենահարմար գործիքն է նման իրադարձությունները դիտարկելու համար:

Լուսանկարի կարմրա-նարնջագույն հատվածները ցույց են տալիս աստղերի ինտենսիվ ձևավորման շրջանները։ NGC 3256-ի լուսանկարում երևում են նաև աստղային ամբողջական թելեր, որոնք գրավիտացիոն ուժերի ազդեցության տակ պոկվել են իրենց հարազատ գալակտիկաներից։ Լուսանկարն արվել է James Webb-ի մերձակա ինֆրակարմիր տիրույթի (NIRCam) և միջին ինֆրակարմիր տիրույթի (MIRI) տեսախցիկներով։


 
 
 
 
  • Արխիվ