Wildberries-ում 650 մլն ռուբլու խարդախություն է բացահայտվել. խարդախներին քրեական մեղադրանք է սպառնում

11 մայիսի, 2023  20:05

Wildberries առցանց առևտրային հարթակի անվտանգության ծառայությունը բացահայտել է խարդախության դեպք, որը մոտ 650 միլիոն ռուբլու վնաս է հասցրել հարթակին. մոտ 300 վաճառող, արտաքին ծառայությունների կիրառմամբ, կայքում առաջխաղացման անօրինական  մեթոդներ է օգտագործել:

«Օնլայն հարթակում «գորշ առաջխաղացման» ծառայություններից օգտվել է մոտ 300 վաճառող. Չարագործներն իրենց ծառայությունները նրանց առաջարկել են տելեգրամյան բոտի միջոցով։ Դրա միջոցով վաճառողները, օգտագործելով հատուկ գրված ալգորիթմներ, օգտվել են կայքում տեղադրված գովազդային ծառայություններից, սակայն դրանց դիմաց չեն վճարել, ինչը զգալի վնաս է պատճառել ընկերությանը»,- ասվում է Wildberries-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Wildberries-ի ներկայացուցիչները դիմել են իրավապահ մարմիններին առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու համար (նախնական տվյալներով՝ խոսքը 650 մլն ռուբլու մասին է, բայց գումարի ճշգրիտ չափը կորոշվի հետաքննության ընթացքում)։

Հարթակի վաճառողները, որոնք իրենց արտադրանքը գովազդել են զարտուղի ճանապարհով, գուցե ստիպված լինեն ամբողջությամբ վճարել գովազդային ծառայությունների համար, հատկապես, եթե դատարանը նման որոշում կայացնի։ 

Ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Wildberries-ի աշխատակիցները նոր գործադուլ են արել ընկերության գրասենյակի մոտ, որը գտնվում է Մոսկվայի Դեմիդով բիզնես կենտրոնում։ Նրանք պնդում են, որ հարթակը մեկ գիշերվա ընթացքում իրենց հաշիվներից հանել է հարյուր միլիոնավոր ռուբլի։

Շուկայի ներկայացուցիչները պնդում են, որ իրենք գումար դուրս գրելու ոչ մի գործողություն չեն արել, այլ միայն «հաշիվներն են ներկայացրել այն վաճառողներին, որոնք օգտագործել են խարդախ սխեմաներ», որպեսզի չվճարեն գովազդի համար։

Այլմոլորակայիններն ու հաքերները չե՞ն ներխուժել ընկերության տվյալների բազա

Վերջերս ցանցում տեղեկություններ հայտնվեցին, որ կոտրել են հարթակի տվյալների բազաները, ինչի հետևանքով հարձակվողներին հաջողվել է Wildberries-ի հաշիվներից 654 մլն ռուբլի հանել։ Telegram-ի ալիքներում խոսվում էր նաև այն մասին, թե ինչպես են հարթակի աշխատակիցները փոխում ապրանքների գնապիտակները, գնում դրանք ավելի ցածր գնով և հետո վերավաճառում՝ ստանալով մեծ շահույթով։

Ընկերությունը, սակայն, հերքում է այս տեղեկությունը։

«Տելեգրամյան Mash, Shot և Baza ալիքների տեղեկությունը «կոտրված տվյալների բազաների», հաքերների և այլմոլորակայինների կողմից առցանց հարթակում հարձակումների, անհետագծելի ծանրոցների, ապրանքների փոխված գնապիտակների և այլնի մասին չի համապատասխանում իրականությանը և դրանց հեղինակների երևակայության արդյունքն է։ Ընկերության ծառայություններն աշխատում են ստանդարտ ռեժիմով»,- հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։


 
 
 
 
  • Արխիվ