SpaceX-ը Լուսին կհասցնի FLEX ռովերը, որը կկիրառվի տիեզերագնացներին և բեռներ տեղափոխելու համար

3 ապրիլի, 2023  18:11

Astrolabհայտարարել է, որ SpaceX օդատիեզերական ընկերության հետ համաձայնագիր է կնքել, որի շրջանակում իր Flexible Logistics and Exploration (FLEX) ամենագնացը պետք է տեղափոխվի Լուսին, որտեղ այն ծառայելու է բեռների և տիեզերագնացների տեղափոխման համար։

FLEX-ը Լուսին կտեղափոխվի Starship տիեզերանավի միջոցով՝ որպես անօդաչու առաքելության մաս, որը նախատեսված է 2026 թ․ կեսերին: Ըստ Astrolab-ի՝ սա Լուսին բեռներ հասցնելու համար SpaceX-ի առաջին կոմերցիոն պայմանագիրն է։ Գործարքի արժեքը չի հաղորդվում։

FLEX ռովերի քաշը բեռի հետ միասին կկազմի երկու տոննայից մի փոքր ավելի։ Չափերով, այն մի փոքր մեծ է NASA-ի Perseverance ռովերից և շատ ավելի արագ է գնում․ այն կարող է շարժվել մինչև 24 կմ/ժ արագությամբ։ FLEX-ը կկարողանա տեղափոխել նաև երկու տիեզերագնաց, որոնք այն կղեկավարեն՝ օգտագործելով կողային վահանակը։ Բացի դրանից, ռովերը կարող է կառավարվել Երկրից: FLEX-ը կառուցված է NASA-ի Lunar Terrain Vehicle-ի (LTV) պահանջներին համապատասխան, որոնք երկարաժամկետ հեռանկարում Artemis առաքելության ստանդարտ մասը կկազմեն:

FLEX .jpg (311 KB)

FLEX-ն ունի ռոբոտացված ձեռք, որի միջոցով էլ կիրականացվի տարատեսակ բեռների բեռնումն ու բեռնաթափումը: Astrolab-ն արդեն մի քանի պայմանագիր է կնքել հաճախորդների հետ գալիք առաքելության շրջանակում օգտակար բեռներ տեղափոխելու համար։ Այս գործարքների մանրամասները դեռ չեն բացահայտվում, այս պահին հայտնի է, որ FLEX-ը Լուսին ուղարկելու առաքելությունն ամբողջությամբ կոմերցիոն է և կիրականացվի առանց NASA-ի ֆինանսավորման։

«Քանի որ մեր ռովերը կարող է անցնել տարեկան մինչև 2000 կիլոմետր, մեզ համար նշանակություն չունի, թե որտեղ կիրականացվի [Starship-ի] վայրէջքը,- The New York Times-ին ասել է Astrolab-ի գործադիր տնօրեն Ջարեթ Մեթյուզը,- Այն օպտիմիզացված է [Լուսնի] հարավային բևեռային տարածաշրջանում օգտագործման համար, քանի որ կարծում ենք, որ հենց այստեղ գործունեության մեծ մասը տեղի կունենա»:

Ակնկալվում է, որ FLEX-ը հետագայում կօգտագործվի Լուսնի վրա ենթակառուցվածքի կառուցման ժամանակ։ «Դա կլինի իր տեսակի UPS [ամերիկյան առաքման ծառայություն] Լուսնի համար։ Ըստ այս անալոգիայի՝ Starship-ը օվկիանոս հատող կոնտեյներային նավ է, իսկ մենք բաշխման համար տեղական լուծում ենք»,- հավելել է Ջարեթ Մեթյուզը: 


 
 
 
 
  • Արխիվ