Google-ը կսահմանափակի ԱԲ գործակալների անվճար հասանելիությունը Gmail-ին, Google Drive-ին, Calendar-ին և Workspace-ի մյուս ծառայություններին։ Ապրիլի 1-ից այն մշակողները, որոնց նախագծերը գերազանցում են յուրաքանչյուր պրոդուկտին ուղղված օրական 5000 հարցման սահմանաչափը, ստիպված կլինեն անցնել վճարովի սակագնային պլանի կամ բախվել սահմանափակումների։ Այս քայլը կարող է նախադեպ դառնալ ԱԲ գործակալների շուկայի համար. խոշոր հարթակները կարող են սկսել վճար գանձել իրենց ծառայություններին հասանելիության համար, որոնցից օգտվում են այլ ընկերությունների գործիքները։

Անվճար սահմանաչափը կարող է չբավարարել

ԱԲ գործակալները նախատեսված են օգտատիրոջ անունից առաջադրանքներ կատարելու համար՝ նամակների որոնում, փաստաթղթերի վերլուծություն, շնորհանդեսների պատրաստում, աղյուսակների խմբագրում և տարբեր հավելվածներում հանդիպումների պլանավորում։

Google-ի նոր սահմանափակումները վերաբերում են մշակողի նախագծին, այլ ոչ թե յուրաքանչյուր առանձին գործակալի։ Ուստի հազարավոր օգտատերերի սպասարկող ընկերությունը կարող է արագ սպառել անվճար քվոտան։ Նման մշակողների համար Workspace-ի մեկ պրոդուկտին ուղղված օրական 5000 հարցման գերազանցումը նշանակում է վճարովի ծառայության անցնելու անհրաժեշտություն։

Google-ը փոփոխությունները բացատրում է ծառայությունների հուսալիությունը պահպանելու և հաճախորդների տվյալները պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Ընկերության գնահատմամբ՝ ակտիվ մշակողների ավելի քան 99%-ը կմնա անվճար սահմանաչափերի շրջանակում։

Սակայն, ինչպես նշում է Business Insider-ը, սահմանափակումները նաև եկամտի նոր աղբյուր են ստեղծում. ավելի շատ հարցումների կարիք ունեցող մշակողները ստիպված կլինեն վճարել հասանելիության համար։

Microsoft-ը կարող է հայտնվել նման իրավիճակում

Թվային վերլուծության խորհրդատու Հիմանշու Շարման ենթադրել է, որ Google-ի օրինակին կարող են հետևել ծրագրային ապահովման այլ խոշոր մատակարարներ։ Մասնավորապես, Microsoft-ը կարող է նմանատիպ սահմանափակումներ սահմանել Outlook-ի, Word-ի, Excel-ի և այլ հավելվածների հետ աշխատող անկախ ԱԲ գործակալների համար։

Սա Microsoft-ին հնարավորություն կտա առավելություն տալ սեփական Copilot գործակալներին, օրինակ՝ նրանց ազատելով սահմանափակումներից կամ լրացուցիչ վճարներից։ Google-ի դեպքում էլ նմանատիպ հարց է առաջանում՝ արդյոք նոր կանոնները կտարածվեն Gemini-ի վրա։

Business Insider-ի նյութի հրապարակման պահին Google-ը չէր պատասխանել՝ արդյոք սահմանաչափերն ու վճարները կվերաբերեն նաև իր սեփական ԱԲ գործակալներին։ Microsoft-ը նույնպես օպերատիվ պատասխան չէր տրամադրել երրորդ կողմերի գործակալների հնարավոր սահմանափակումների և Copilot-ի հասանելիության պայմանների վերաբերյալ։

Հարթակների սեփականատերերը վերահսկում են թվային «վճարովի ճանապարհները»

Հետևանքները կարող են անդրադառնալ ԱԲ գործակալների ամբողջ շուկայի վրա։ Նման գործիքներ ստեղծող ընկերությունները, այդ թվում՝ OpenAI-ը, Anthropic-ը և Meta-ն, ստիպված կլինեն հաշվի առնել այլ տեխնոլոգիական հսկաներին պատկանող աշխատանքային հավելվածների հասանելիության կանոնները։

Business Insider-ի հոդվածում ներկայացվում են արագ աճող շուկայի օրինակներ. ընկերության տվյալներով՝ Meta-ի Muse ԱԲ օգնականը սեպտեմբերին գործարկվելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում և Կանադայում հավաքել է ավելի քան 10 միլիոն օգտատեր։ OpenAI-ը ներկայացրել է մշտապես աշխատող Dots օգնականներին, Anthropic-ը՝ Claude Duet-ը, իսկ ստարտափները մշակում են գործակալներ, որոնք կարող են առաջադրանքներ կատարել միանգամից մի քանի հավելվածներում։

Հենց այս հնարավորություններն են գործակալներին օգտակար դարձնում, սակայն նրանց անհրաժեշտ ծառայություններից շատերը պատկանում են փոքրաթիվ խոշոր ընկերությունների։ Եթե այս հարթակների սեփականատերերը սկսեն վճար գանձել ինտենսիվ հասանելիության համար, գործակալների մշակողները կախված կլինեն ոչ միայն սեփական մոդելներից ու ենթակառուցվածքից, այլև այլ ընկերությունների ծրագրային ապահովման հասանելիության պայմաններից։

Առայժմ Google-ը հայտարարել է կոնկրետ սահմանաչափեր, իսկ Microsoft-ի հնարավոր քայլերը մնում են ենթադրություն։ Սակայն իրավիճակն արդեն ուրվագծում է ԱԲ ապագա տնտեսության համար կարևոր մի հարց. ո՞վ է վերահսկելու այն հավելվածների հասանելիությունը, որոնց միջոցով գործակալները աշխատանք են կատարում, և որքա՞ն է արժենալու այդ հասանելիությունը։