Այսօր մարդը Լուսին է վերադառնում այլ հավակնություններով ու բոլորովին այլ տեխնոլոգիաների կիրառմամբ, մարդիկ առցանց հետևելու են Լուսնի վրա կատարվող իրադարձություններին, իսկ տիեզերքում զարգացող բոլոր տեխնոլոգիաները կօգնեն լուծել երկրային ամենաբարդ խնդիրները։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հայտնի աստղաֆիզիկոս, «Starmus» փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը, ներկայացնելով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիր Քամ Ղաֆարիանին։

«Քամ Ղաֆարիանը այն մարդկանցից է, ովքեր ամենամեծ ներդրումն ունեն այս ասպարեզում։ Նա միլիոնավոր մարդկանց ոգեշնչում է ընտրել գիտության ուղին։

Այսօր առանց մասնավոր հատվածի ջանքերի անհնար է նախագծեր իրականացնել տիեզերական տեխնոլոգիաների խիստ մրցունակ ոլորտում»,- նշեց Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ սա այն ոլորտներից է, որտեղ անգամ կորոնավիրուսի համավարակի շրջանում անկում չի արձանագրվել։

«Մեր սերունդն ականատես եղավ մարդու կողմից տիեզերքի նվաճման սկզբնավորմանը։ Հենց այդ ժամանակ էլ ձևավորվեց չափազանց ուժեղ ստեղծագործական մի սերունդ, որը ներշնչված էր այդ իրադարձություններով։ Այդպիսի մարդկանց թվում են Քրիստոֆեր Նոլանը, Հանս Ցիմերը, ովքեր ինձ հետ զրույցում պատմել են, որ ոգեշնչվել են հենց այդ իրադարձություններից։ Նույնը վերաբերում է ռեժիսոր Սթենլի Կուբրիկին, որի ֆիլմերից մեկում հնչում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի երաժշտությունը։

Այնուհետև եկավ հաջորդ սերունդը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, որը հայտարարեց Մարսը նվաճելու մտադրության մասին։ Այդ նախաձեռնությանը միացան նաև Ջեֆ Բեզոսն ու Քամ Ղաֆարիանը, որի ընկերությունը («X Energy») կօգնի Լուսնի վրա բազա կառուցել և այլ ընկերությունների հետ համատեղ կլուծի միասնական գլոբալ խնդիրներ։

Խոսքն այնպիսի խնդիրների մասին է, որոնք խթանում են մարդկության առաջընթացը։ Մենք սովոր ենք, որ նման գլոբալ հարցերը լուծում են պետությունները, սակայն այժմ ի հայտ են եկել առանձին անհատներ, որոնք առաջ են մղում գիտությունը։ Նման գիտնականներ միշտ էլ եղել են, և հիմա այս միտումը նկատվում է նաև տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում»,- հավելեց Իսրայելյանը։