Աստղագետները պարզել են, որ սպիտակ թզուկները՝ Արեգակի նման աստղերի մնացորդները, կարող են ամենատարբեր երանգներն ունենալ՝ ներառյալ կանաչը, վարդագույնը, մանուշակագույնը և փիրուզագույնը։ Նախկինում համարվում էր, որ այս օբյեկտների գույնը, ինչպես մյուս աստղերինը, հիմնականում որոշվում է դրանց ջերմաստիճանով։ Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարևոր դեր է խաղում նաև դրանց խիտ մթնոլորտի քիմիական կազմը։
Տիեզերական «զոմբիներ», որոնք սնվում են իրենց մոլորակների մնացորդներով
Ինչպես գրում է Space.com-ը, հայտնագործությունը հատկապես ուշագրավ է նրանով, որ սպիտակ թզուկները կարող են անսովոր գունավորում ստանալ, երբ կլանում են մոլորակների, աստերոիդների և գիսաստղերի բեկորները։ Այդ դեպքում մեռած աստղերը հիշեցնում են տիեզերական «զոմբիների», որոնք շարունակում են սնվել իրենց մոլորակային համակարգերի մնացորդներով։
«Աստղերի մեծ մասը, այդ թվում՝ սպիտակ թզուկների մեծ մասը, իրենց պահում են իբրև իդեալական ճառագայթիչներ. դրանց գույնը գրեթե ամբողջությամբ որոշվում է ջերմաստիճանով։ Սակայն նախկինում ոչ ոք իսկապես չէր ուսումնասիրել, թե սպիտակ թզուկների համար ուրիշ ինչ տարբերակներ են հնարավոր», — պատմել է հետազոտության ղեկավար Մարկ Հոլանդսը՝ Ուորիքի համալսարանից։
Նրա խոսքով՝ պարզվել է, որ աստղային այս չափազանց խիտ մնացորդները կարող են այնպիսի գույներ ստանալ, որոնք գիտնականները չէին ակնկալում։
Ինչու կարող են «սպիտակ թզուկները» փոխել գույնը
Սպիտակ թզուկները ձևավորվում են այն բանից հետո, երբ Արեգակի զանգվածի հետ համադրելի զանգված ունեցող աստղերը սպառում են վառելիքի պաշարները և այլևս չեն կարողանում դիմակայել սեփական ձգողությանը։ Դրանց միջուկը սեղմվում է, իսկ մնացած նյութը դառնում է չափազանց խիտ։ Հետազոտության մեջ ներկայացված տվյալների համաձայն՝ սպիտակ թզուկի նյութի խտությունը կարող է միլիոնավոր անգամ գերազանցել Արեգակի լուսոլորտի խտությունը։
Հենց այսպիսի պայմաններում են քիմիական տարրերը սկսում փոխազդել շրջապատող խիտ հելիումային պլազմայի հետ և լույս կլանել սպեկտրի ավելի լայն տիրույթում, քան սովորական խտության դեպքում։ Արդյունքում սպիտակ թզուկի գույնը կարող է տարբերվել աստղային տաք մնացորդներին բնորոշ սովորական սպիտակ կամ բաց երկնագույն լուսարձակումից։
Ինչի՞ց է կախված գույնը
Հետազոտողները պարզել են, որ հնարավոր գունավորումը կախված է «սպիտակ թզուկի» մթնոլորտի քիմիական կազմից։ Այսպես՝ ածխածնի բարձր պարունակությամբ օբյեկտները կարող են վարդագույն կամ մանուշակագույն երանգ ունենալ։ Սպիտակ թզուկները, որոնց մթնոլորտը հարստացել է կլանված աստերոիդների, գիսաստղերի և նախկին մոլորակային համակարգերի այլ մնացորդների նյութով, կարող են դեղին գույն ստանալ։
Խառը ջրածնահելիումային մթնոլորտ ունեցող ավելի սառը սպիտակ թզուկները կարող են լուսարձակել փիրուզագույն կամ բաց երկնագույն։ Նման երանգն առաջանում է խիտ մթնոլորտում ջրածնի մոլեկուլների և հելիումի ատոմների փոխազդեցության հետևանքով։
Հատկապես անսովոր կարող է լինել կանաչ լուսարձակումը։ Ինչպես բացատրում են գիտնականները, այն կարող են առաջացնել սպիտակ թզուկի մթնոլորտում առկա նատրիումի չնչին քանակությունները. դրանք կլանում են սպեկտրի նարնջագույն հատվածը՝ թողնելով բնորոշ կանաչավուն լուսարձակում։
Այսպիսով՝ սպիտակ թզուկների մասին պատկերացումը՝ որպես միատեսակ սպիտակ կամ կապտավուն օբյեկտների, կարող է թերի լինել։ Դրանց իրական գունապնակը շատ ավելի բազմազան է, իսկ մթնոլորտի քիմիական կազմը գիտնականներին հնարավորություն է տալիս նորովի դիտարկել աստղերի մահից և դրանց մոլորակային համակարգերի քայքայումից հետո տեղի ունեցող գործընթացները։






