Որպես գիտնական՝ հոգնել եմ անընդհատ ապացուցելուց և բացատրելուց, թե որքան կարևոր է գիտության կայուն ֆինանսավորումը։ Ես երազում եմ, որ մի օր ես ոչ թե կառավարությանը կամ այլ անձանց կհուշեմ, թե ինչքանով է կարևոր գիտությունը, այլ բուն իմ մասնագիտական հետազոտություններով կզբաղվեմ, կվերլուծեմ միջազգային հոդվածները, կհասկանամ, ինչ խնդիրներ կան, կներգրավեմ երիտասարդներին։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նորընտիր ասոցացված անդամ, դեղագետ և կենսօրգանական քիմիայի մասնագետ Աննա Մկրտչյանը։

Նա գիտության ֆինանսավորման հնարավոր կրճատումը համարում է լուրջ ռիսկ Հայաստանի գիտական համակարգի համար։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին գիտության ոլորտում ձևավորված դրական միտումները պահպանելու համար անհրաժեշտ է շարունակական ֆինանսավորում, և այդ շարունակականությունը կարևոր է ոչ միայն ընթացիկ հետազոտությունների, այլև գիտական նոր սերնդի ձևավորման և արդեն ձեռք բերված ենթակառուցվածքների պահպանման համար։

Նա հիշեցրել է, որ 2021 թվականից հետո գիտության ֆինանսավորման ավելացումը և ոլորտի նկատմամբ ուշադրության մեծացումը հնարավորություն տվեցին երիտասարդ հետազոտողների ներգրավել գիտություն, ինչպես նաև արտերկրում աշխատող մասնագետների մի մասին վերադարձնել Հայաստան։

«Սկսած 2021 թվականից՝ շատ մեծ ֆինանսավորում եղավ, խոստումներ եղան, բավականին մեծ թվով երիտասարդներ թեքվեցին դեպի գիտություն, եռանդով, շատ դրսի փորձագետներ վերադարձան Հայաստան, ինչը շատ ողջունելի էր»,- նշել է նա։

Գիտնականի գնահատմամբ՝ այդ ընթացքի կտրուկ ընդհատումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ամբողջ համակարգի համար։

«Երբ մեքենան մեծ արագություն է հավաքում, և միանգամից արգելակում է, ի՞նչ կլինի մեքենայի հետ։ Հաստատ այն չի հասնի իր վերջնակետին, որտեղ պլանավորված էր։ Նույնն էլ այստեղ է։ Եթե ֆինանսավորման այդ նպատակի մեջ փոփոխություններ լինեն, երիտասարդները նորից կփորձեն գումարներ վաստակել մեկ այլ ոլորտում։ Եթե երիտասարդները չլինեն, հաջորդ սերունդը չլինի, ապա ի՞նչ է լինելու։ Գիտություն չի լինելու այդ դեպքում։ Մենք ուզո՞ւմ ենք ունենալ գիտություն, թե՞ ոչ․ դա է հարցը»,- ընդգծել է Մկրտչյանը։

Նա կարևորել է նաև վերջին տարիներին գիտական հաստատություններում ձեռք բերված թանկարժեք սարքավորումների պահպանման խնդիրը։ Դրանց արդյունավետ օգտագործման և հետազոտական աշխատանքների շարունակականության համար, ըստ նրա, անհրաժեշտ է կայուն ֆինանսավորում։

«Այդ թանկարժեք սարքավորումները պահպանելու համար մեզ անընդհատ հաստատուն ֆինանսավորում է պետք։ Ինչպես թանկարժեք մեքենան, եթե անընդհատ չխնամես, կդառնա ուղղակի մետաղ»,- ասել է նա։

Անդրադառնալով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարներ Սարգիս Հայոցյանի և Արթուր Մովսեսյանի հրաժարականներին՝ Մկրտչյանը ափսոսանք է հայտնել։

«Ես շատ ցավում եմ Բարձրագույն կրթության և գիտության ղեկավարների հրաժարականի համար, որովհետև այդպիսի կադրեր, ես կարծում եմ, որ շատ քիչ կան։ Ես եղել եմ տարբեր մրցույթների հանձնաժողովներում, և միշտ հիացել եմ Մովսեսյանի ճշգրիտ և դիպուկ տեղեկատվությամբ, թե որ լաբորատորիայում ի՞նչ գիտնականներ կան, ի՞նչ ռեսուրսներ կան, ի՞նչ սարքավորումներ կան։ Միշտ հիացել եմ Սարգիս Հայոցյանի ընդհանուր ամբիցիաներով և գաղափարներով և այն երազանքով, որպեսզի մեր գիտությունը դառնա մրցունակ և միջազգային զարգացած երկրների գիտռությանը համարժեք։

Ես ել եմ կիսել իր այդ գաղափարը։ Եվ շատ եմ ափսոսում, որ իրենք դուրս են եկել այս համակարգից։ Ես հույսով եմ, որ անկախ ամեն ինչից նրանց տաղանդը կծառայի Հայաստանի գիտական համայնքին, որևէ ուրիշ հատվածում», -ասել է նա։

Ակադեմիայի նոր կազմի առաջնահերթությունները

Անդրադառնալով Գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների ընտրություններին՝ Աննա Մկրտչյանը նշել է, որ թեկնածուների գիտաչափական ցուցանիշները կարևոր չափորոշիչ են։ Նրա համոզմամբ՝ ակադեմիկոսը կամ ասոցացված անդամը պետք է գիտական ակտիվությամբ և արդյունքներով առանձնանա միջին ակտիվություն ունեցող գիտնականից, որպեսզի կարողանա օբյեկտիվ գնահատել գիտական համայնքում առկա իրավիճակը։

Մկրտչյանի խոսքով՝ չնայած հանրային ելույթների մեծ փորձին, Ակադեմիայի ընտրությունների երկրորդ փուլում՝ հանձնաժողովի առջև գիտական գործունեության և արդյունքների ներկայացման ժամանակ նա մեծ հուզմունք է ապրել։

«Ես իմ կյանքում անցել եմ մի քանի պաշտպանություն, տարբեր տեղերում ունեցել եմ բանավոր ելույթներ, բայց այն հուզմունքը, որ այս անգամ ունեի, երբևէ չէի ունեցել։ Թեև համոզված էի, որ իմ տվյալները համապատասխանում են պահանջներին, միևնույն է՝ պատասխանատվություն կար, որն առաջացնում էր այդ հուզմունքը»,- պատմել է նա։

40-ամյա գիտնականն ընտրվել է մինչև 50 տարեկանների համար նախատեսված ծրագրով։ Նրա խոսքով՝ նոր ասոցացված անդամների ներգրավումը կարող է նոր մոտեցումներ և թարմություն բերել Ակադեմիայի աշխատանքում։

Նոյեմբերի 10-ին Ակադեմիայում կայացած հանդիպման ընթացքում, նրա փոխանցմամբ, պայմանավորվել են պարբերաբար հավաքվել և առանձնացնել այն ուղղությունները, որոնցում կարող են իրենց ներդրումն ունենալ։

Առաջնահերթությունների թվում են գիտության միջազգայնացումը, գիտական հրապարակումների որակի բարձրացումը և գիտության հանրայնացումը։

Մկրտչյանի խոսքով՝ ասոցացված անդամները կարող են իրենց միջազգային գործընկերներին ավելի ակտիվ ներգրավել հայաստանյան հետազոտական ծրագրերում։ Մյուս կարևոր ուղղությունը գրախոսվող գիտական հոդվածների հրապարակումների մակարդակի բարձրացումն է։ Նա նաև կարևորում է միջազգային չափանիշներին համապատասխան, մրցունակ և գրախոսվող տեղական գիտական հանդեսների զարգացումը։

Գիտության հանրայնացման հարցում, նրա համոզմամբ, անհրաժեշտ է ավելի վաղ տարիքից զարգացնել երեխաների հետաքրքրասիրությունն ու հետազոտական մտածողությունը։

«Գիտությունը հետաքրքրասիրություն է, այն պետք է զարգացնել մանկապարտեզից»,- նշել է նա՝ հիշելով 2014 թվականին բժշկական համալսարանում անցկացված Nobel Days միջոցառման ժամանակ հնչած միտքը։

Գիտնականի կարծիքով՝ դպրոցականների հետ հանդիպումներից և ցուցահանդեսներից բացի՝ կարելի է տաղանդավոր ու գիտությամբ հետաքրքրված աշակերտներին կապել կոնկրետ հետազոտական ինստիտուտների հետ՝ հնարավորություն տալով նրանց մասնակցել իրական հետազոտությունների։ Կարևոր է նաև աջակցել ուսուցիչներին, որպեսզի աշակերտները կարողանան ավելի բարձր մակարդակի հետազոտական աշխատանքներ ներկայացնել համահայկական դպրոցական մրցույթներին։

Դեղագիտությունից՝ դեպի կենսօրգանական քիմիա․ գիտական ուղին

Աննա Մկրտչյանի մասնագիտական ընտրությունը որոշել են նաև 1990-ականների իրադարձությունները։ Ծնողների օրինակով նա վաղ տարիքից տեսել է, թե ինչպես կարող է սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունը ազդել նույնիսկ պահանջված մասնագիտությունների ներկայացուցիչների կյանքի վրա։

«Իմ ծնողները ուսուցիչներ են եղել, և երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մեկ օրում նրանք իրենց մասնագիտության կարևորությունը կարծես կորցրեցին՝ ոչ թե իմաստային, այլ գումարային առումով։ Ամիսներով աշխատավարձ չէին ստանում։ Երբ մասնագիտությունս էի ընտրում, որոշեցինք ընտրել այնպիսի մասնագիտություն, որը, ինչ էլ փոխվի, միշտ պահանջարկ կունենա։ Դեղերը միշտ պետք են լինելու, մարդիկ, ցավոք սրտի, միշտ հիվանդանում են։ Մտածում էի՝ սև օրվա աշխատանք միշտ կունենամ, դրա համար ընտրեցի դեղագիտությունը»,- պատմել է նա։

Դեղագիտության ուսումնառության ընթացքում գիտության նկատմամբ նրա հետաքրքրությունը ձևավորվել է դեղագործական քիմիայի բաժնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Սաղյանի շնորհիվ (այսօր ԳԱԱ Նախագահի պաշտոնակատար)։ Չորրորդ կուրսում լավ սովորող ուսանողներին իր ղեկավարած ինստիտուտ հրավիրելով՝ նա նրանց ներկայացրել է գիտությամբ զբաղվելու հնարավորություններն ու ստեղծագործական կողմը։

«Նա բացեց գիտության աշխարհը։ Բացատրեց, որ գիտությամբ զբաղվելով՝ ստեղծագործում ես, ազատ թռիչք ունես, և բացի դրանից՝ դա հասարակությանը ծառայելու մի ձև է․ կարող ես հետաքրքիր բացահայտումներ անել և հասարակության համար օգտակար բաներ ստեղծել»,- հիշել է Մկրտչյանը։

Հինգերորդ կուրսից նա արդեն աշխատում էր «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում՝ սկզբում որպես լաբորանտ, ապա՝ կրտսեր գիտաշխատող։ 2008 թվականին աշխատանքի անցնելուն զուգահեռ ընդունվել է ասպիրանտուրա։ Նրա հետազոտության թեման նոր տեսակի մետաղակատալիզատորների նախագծումն ու ստեղծումն էր։

Քանի որ անհրաժեշտ փորձարարական հնարավորությունները Հայաստանում հասանելի չէին, գիտական ղեկավարի առաջարկով Մկրտչյանը գործուղվել է Մոսկվա՝ Ա. Ն. Նեսմեյանովի անվան Էլեմենտաօրգանական միացությունների ինստիտուտ։ Այնտեղ երկու տարի իրականացրել է հետազոտության փորձարարական մասը՝ սովորելով նյութերի սինթեզի, մաքրման և փորձարկման մեթոդները։

2012 թվականին վերադառնալով Հայաստան՝ նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, իսկ 2013 թվականին նշանակվել «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի լաբորատորիայի վարիչ։

Գիտական գործունեությանը զուգահեռ Մկրտչյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում՝ սկզբում որպես լաբորանտ, այնուհետև՝ դասախոս։ 2017-2023 թվականներին եղել է Ֆարմացիայի ինստիտուտի գիտության հարցերով փոխտնօրեն, իսկ 2023 թվականին ընտրվել է տնօրեն։

Ներկայումս «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում աշխատում է որպես ավագ գիտաշխատող՝ Ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզի և ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայում։ Նա շարունակում է խորհրդատվական և գիտական աշխատանքը երիտասարդ հետազոտողների հետ՝ օգնելով նրանց ինքնուրույն հետազոտական թեմաներ ձևավորել, դրամաշնորհային ծրագրերի դիմել և գիտական հոդվածներ հրապարակել։

Համալսարանում, որպես Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, համակարգում է ինչպես կրթական, այնպես էլ գիտական գործունեությունը։

Մկրտչյանի հետազոտական հետաքրքրությունները դեղագիտությունից աստիճանաբար ընդլայնվել են դեպի կենսօրգանական և բժշկական քիմիա։ Նրա հիմնական մասնագիտական ուղղությունը նոր կենսաբանորեն ակտիվ միացությունների ստացումն ու հետազոտումն է, այդ թվում՝ նախակլինիկական ուսումնասիրությունները։

Հիմնարար գիտությունը՝ կիրառական հետազոտությունների հիմք

Խոսելով գիտության կիրառական նշանակության մասին՝ Աննա Մկրտչյանը կարևորել է հիմնարար և կիրառական հետազոտությունների փոխկապակցվածությունը։ Նրա համոզմամբ՝ հասարակության համար անմիջական արդյունք ապահովող կիրառական գիտությունը չի կարող զարգանալ առանց հիմնարար գիտության։

«Ֆունդամենտալ գիտությունն է սնուցում կիրառական գիտությանը։ Մասնագետները հետագայում իրենց արդյունքները կարող են տանել դեպի կիրառություն, բայց եթե սկզբնական հիմքերը չիմանան, կիրառություն չի կարող լինել»,- ասում է նա։

Այս կապը բացատրելու համար գիտնականը բերում է գրագիտության հետ համեմատությունը․ ինչպես հնարավոր չէ գրականություն վերլուծել ու քննադատել՝ առանց այբուբենն իմանալու և գրականություն կարդալու, այնպես էլ հնարավոր չէ զարգացնել կիրառական հետազոտությունները՝ առանց հիմնարար գիտական գիտելիքի։

Մկրտչյանի կարծիքով՝ գիտական համայնքն ինքն էլ պատրաստ է ավելի ակտիվ աշխատել հետազոտությունների կիրառական ուղղությամբ։ Որպես օրինակ՝ նա նշում է 2026 թվականին հայտարարված նպատակային մրցույթը, որի շրջանակում, իր տեղեկություններով, 48 խնդիր էր առանձնացվել, իսկ գիտնականները ներկայացրել էին շուրջ 200 հայտ։

«Եթե ձևավորվել է 200 նախագիծ, դա նշանակում է, որ 200 առաջարկ է եղել՝ ուղղված նպատակային ծրագրերին։ Այսինքն՝ գիտական համայնքը պատրաստ է իր ռեսուրսներն ուղղել դեպի կիրառական խնդիրներ, որպեսզի կարողանա ծառայել հասարակությանը։ Կարծում եմ՝ դա շատ լավ ցուցանիշ է»,- եզրափակել է նա։