Չի կարելի մի կողմից պնդել, թե մի քանի տարի անց պատրաստվում ենք ունենալ գիտության ֆինանսավորման կտրուկ աճ՝ մինչև ՀՆԱ-ի 0,75%-ը, բայց երկու տարի անընդմեջ ֆինանսավորումը չավելացնել։ NEWS.am Tech-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ասոցացված անդամ Արսեն Առաքելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի գիտության ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները։

Նա հիշեցրեց, որ սկզբում եղավ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հրաժարականը, որին գիտական հանրությունը բավականին բուռն արձագանքեց։

«Խնդիրն այստեղ ոչ այնքան Սարգիս Հայոցյանի անձն է (թեպետ գիտական համայնքը, չնայած ունեցած որոշակի տարաձայնություններին, նրա աշխատանքը շատ բարձր է գնահատում), այլ այն ազդակը, որ նա իր հրաժարականով տվեց հանրությանը»,- նշեց նա՝ հավելելով, որ դրանից հետո հրապարակվեց 2027 թվականի բյուջեի նախագիծը։ Դատելով այդ նախագծից կարելի է եզրակացնել, որ գիտության զարգացման վերաբերյալ կառավարության ռազմավարությունը փոխվել է, սակայն այդ տեղեկատվությունը թափանցիկ կերպով չի ներկայացվում գիտական հանրությանը։

«Ինչպե՞ս կարող է կառավարությունը, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ նույն վարչապետն Ակադեմիայում ասում էր՝ «եթե ֆինանսավորումն ավելանա, չզարմանաք», հետո այսպես զարմացնել։ Զարմացանք, բայց հակառակ կողմից զարմացանք»,— նշեց Արսեն Առաքելյանը։

Նա պարզաբանեց, որ ըստ նախագծի՝ 2027 թվականի գիտության ֆինանսավորման բյուջեն 2026 թվականի արդեն իսկ կրճատված բյուջեի կրկնությունն է՝ որոշակի ավելացումներով, որոնք կապ չունեն զարգացման ծրագրերի հետ։ Այսինքն՝ նոր բյուջեով չի նախատեսվում դրամաշնորհային ու նպատակային ծրագրերի ֆինանսավորման աճ, մինչդեռ դրանք են մեծամասամբ ապահովում նոր խմբերի ստեղծումն ու երիտասարդների ներգրավումը գիտության ոլորտում։ Ընդ որում, ինստիտուտի տնօրենը նկատեց, որ հենց այդ մրցութային-դրամաշնորհային ծրագրերի կատարողականները վերջին տարիներին ձգտել են 100 տոկոսի։

Ըստ նրա՝ դրամաշնորհային ծրագրերն այն մրցակցային գործիքներն են, որոնք թույլ են տալիս ընտրել և ձևավորել նոր, ուժեղ ու մրցունակ խմբեր․ «Այսինքն՝ ֆինանսավորման համար պայքար է ընթանում լավագույն թիմերի միջև։ Դրամաշնորհային ծրագրերը նաև տրամաբանական ուղեծիր են հանդիսացել գիտական խմբերի զարգացման համար։ Օրինակ՝ կային մեկնարկային, ապա լաբորատորիաների ստեղծման, լաբորատորիայի ամրապնդման, պոստդոկերի ինտեգրման, հեռավար և առաջատար հետազոտությունների աջակցության դրամաշնորհային ծրագրեր։ Նոր սկսող մասնագետը տեսնում էր իր ուղին, ուղեգիծը, թե ինչպես է աճելու և ինչպես է զարգանալու իր մասնագիտական կարիերան», - ասաց գիտնականը։

Արսեն Առաքելյանի խոսքով՝ սրանով կառավարությունը հակասում է ոչ միայն իր ընդունած «Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարությանը», որը կարելի է դիտարկել որպես ցանկություն կամ տեսլական, այլև «Կառավարության 2026–2031 թվականների ծրագրին», որով կոնկրետ հանձնառություններ է ստանձնել առաջիկա հինգ տարիների համար։

«Հենց կառավարության ծրագրում են ամրագրված այն բոլոր թվերը, որոնք այս պահին ինձ համար արդեն անիրատեսական են։ Չի կարելի մի քանի տարի անընդմեջ ֆինանսավորման չափը չավելացնել, հետո կտրուկ թռիչքաձև աճ արձանագրել։ Համակարգը պետք է զարգանա համընթաց՝ որոշակի տրամաբանությամբ։ Եթե մենք չորս տարի ոչ մի աճ չարձանագրենք, հետո հինգերորդ տարում ինչ-որ հրաշքով ֆինանսավորումն ավելանա մինչև ՀՆԱ-ի 0,75%-ը, գիտական համայնքն արդեն չի լինի այնպիսին, որը կկարողանա այդ աճին համապատասխան արդյունքներ ապահովել»,— ասաց նա։

Արսեն Առաքելյանի համոզմամբ՝ ընթացքում կլինեն կորուստներ, քանի որ շատ երիտասարդ գիտնականներ ու ավելի փորձառու մասնագետներ, որոնք, տեսնելով նախորդ տարիների շարունակական զարգացումը, իրենց ապագան կապել էին գիտության հետ, կհեռանան ոլորտից։

«Գիտական համակարգը սիրում է կայունություն, շարունակականություն և կանխատեսելիություն։ Եթե դա չլինի, համակարգը չի կարող նորմալ գործունեություն ծավալել։ Մենք դրա հետևանքներն արդեն տեսել ենք 90-ականներին, երբ գիտնականների մեծ բանակ լքեց Հայաստանը, ինչի պատճառով էլ հասանք այս վիճակին։ Այն սերունդը, որը պետք է կրթեր երիտասարդներին և զբաղեցներ գիտական կառավարման պաշտոններ, պարզապես չկար Հայաստանում»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ սա հենց առաջին խնդիրներից մեկն էր, որ բարձրաձայնել էր Գիտության կոմիտեն և գործուն քայլեր էր ձեռնարկում այդ միջին սերունդը վերականգնելու համար։ «Ու հիմա մենք նորից կարող ենք կանգնել նույն խնդրի առաջ», - ասաց Արսեն Առաքելյանը։

Որպես վտանգված ծրագրի օրինակ՝ նա նշեց Առաջատար հետազոտությունների աջակցության հնգամյա դրամաշնորհային ծրագիրը, որն այս տարի ավարտվում է, և պարզ չէ՝ հաջորդ տարի այդ մրցույթը կրկին կհայտարարվի՞, թե՞ ոչ, քանի որ նախատեսված ֆինանսավորումը հազիվ բավարարի ընթացիկ ծրագրերի իրականացման համար։

«Ես ինքս այդպիսի ծրագրի ղեկավար եմ։ Այս հինգ տարիների ընթացքում իմ ասպիրանտների մի մասն արդեն այնքան պատրաստված էր, որ ծրագրում էր դիմել սեփական նոր դրամաշնորհների, ձևավորել նոր գիտահետազոտական խմբեր, որոնք իրենց հերթին կներգրավեին երիտասարդ կադրերի։ Բայց եթե այդ ծրագիրը չշարունակվի, և ֆինանսավորումը չավելանա, նոր երիտասարդների ներգրավում չի լինի, և հնարավոր է կադրերի արտահոսք սկսվի»,- նշեց նա։

Խոսելով այն մասին, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է անեն գիտնականները՝ Արսեն Առաքելյանն ընդգծեց․ «Պետք է հնարավոր բոլոր ճանապարհներով ու ալիքներով սպասվող աղետի վերաբերյալ տեղեկատվությունը տեղ հասցնել և հույս ունենալ, որ կառավարությունում ռազմավարական որոշումներ ընդունող օղակները կկարողանան ճիշտ հասկանալ, թե որքանով են իրենց իսկ նախանշած նպատակներն իրատեսական նման գործընթացների պարագայում»։

Ըստ ինստիտուտի տնօրենի՝ հնարավոր է նաև երկրորդ տարբերակը․ թերևս կառավարության առաջնահերթությունները փոխվել են, թեև դա անհասկանալի է։ Սակայն այդ դեպքում ևս տեղեկատվությունը պետք է թափանցիկ ձևով հասցվի գիտական համայնքին։ «Որովհետև անորոշությունն ամենամեծ խնդիրներից մեկն է․ մարդ անորոշության մեջ կարող է միայն մի ընտրություն անել՝ գնալ ավելի որոշակի բանի հետևից․ տեղափոխվել ուրիշ երկիր, որտեղ կշարունակի գիտական կարիերան, կամ գնալ ուրիշ ոլորտ՝ գիտությունից հեռու»,- եզրափակեց նա։