Եթե պետական մի կառույցի, որը ոլորտի շահառուների տեսակետից լավ է աշխատում, ղեկավար կազմը հրաժարական է տալիս, դա «արտակարգ իրավիճակ» է պետության համար։ NEWS.am Tech-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ԳԱԱ ասոցացված անդամ Արամ Սահարյանը՝ մեկնաբանելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ղեկավարության հրաժարականները։

Նա նշել է, որ կոմիտեն այն կառույցն էր, որի հետ Հայաստանի գիտնականները վերջին տարիներին հարմոնիկ աշխատում էին։ Կոմիտեի նախագահի և նրա տեղակալների հրաժարականներին գիտնականների բուռն արձագանքը, նրա կարծիքով, օրինաչափ էր, իսկ պատճառը գիտության 2027 թվականի բյուջեի նախագիծն էր։

Գիտության ֆինանսավորումը չի համապատասխանում ընդունված ռազմավարությանը

Վերջին տարիներին (2022-2026 թթ.) պետության կողմից գիտնականների աշխատավարձերի էական բարձրացումը բերեց գիտության զարգացման դրական դինամիկայի և կարևոր է ապահովել այդ դինամկիայի շարունակականությունը, կարծում է գիտնականը։ Սակայն 2026 թվականի գիտության ֆինանսավորման միտումներն արդեն անհանգստացնող են։ Եթե 2024 թվականին այն կազմում էր ՀՆԱ-ի 0.38%-ը, ապա 2026 թվականի փաստացի ցուցանիշը կազմել է մոտ 0,27%, իսկ 2027 թվականի նախագծով գիտությանն ուղղվող ծախսերը նախատեսվում է իջեցնել ՀՆԱ-ի շուրջ 0,25%-ի (չհաշված կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում կատարված 2,35 միլիարդ դրամի վերաբաշխումը)։ Ռազմավարության գործողությունների պլանով նախատեսվում էր, որ 2027 թվականին գիտության բյուջեն պետք է ավելանար 12.5-ից մինչև 21.5 միլիարդ դրամով։ Մինչդեռ ավելացումը կազմել է 3.85 միլիարդ դրամ։

Բացի այդ՝ նախկինում գիտական խմբերը ֆինանսավորում էին ստանում գիտության բյուջեի մեջ չմտնող այլ աղբյուրներից, բայց հիմա դրանց մի մասը ներառվել է գիտության ֆինանսավորման մեջ։ Արամ Սահարյանը կարծում է, որ դա համարել գիտության մեջ լրացուցիչ ներդրում կամ ավելացում այնքան էլ ճիշտ չէ։ Եվ ի վերջո՝ 2027 թվականի բյուջեի՝ կառավարության կողմից հաստատված նախագծում դրվել է ոչ այն գումարը, որի մասին խոսվել է տարեսկզբի նախագծում։

«Մարտին, երբ պլանավորվում էր 2027 թվականի բյուջեն, գիտության համար մոտ 45 միլիարդ դրամ էր նախատեսված, որը հետո իջավ, եթե չեմ սխալվում, մինչև 30 միլիարդին մոտ։ Չնայած որոշ հավելումներ եղան և գուցե էլի կլինեն, դա չի բավականացնի ծրագրային թիրախների հասանելիությանը», – ասել է նա՝ հավելելով, որ այս տարի արդեն տարբեր մրցույթներ են եղել, բայց դրանց արդյունքները չեն հրապարակվել, քանի դեռ պարզ չէ, թե կրճատված բյուջեով դրանք ինչպես պետք է ֆինանսավորվեն։

Գիտնականը հիշեցրել է, որ գիտության ֆինանսավորումը սկսել է էականորեն ավելանալ հենց ներկա իշխանության օրոք, ինչի շնորհիվ գիտնականներն այդ ընթացքում նոր ծրագրեր են մշակել, պլաններ են կառուցել, և ամենակարևորը՝ երիտասարդներ են եկել գիտություն։ Ու հիմա այս ընթացքը կեսից կասեցնելը ճիշտ չէ։ Առավել ևս, որ կառավարությունն իր իսկ ընդունած ռազմավարական ծրագրով որոշակի թիրախներ է սահմանել․ մինչև 2031 թվականը գիտության պետական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 0.75%-ի։

«Դա շատ լավ թիրախ է և խոսում է այն մասին, որ պետությունը կարևորում է գիտությունը որպես կրթության և տնտեսական զարգացման հիմնական գրավականնեից մեկը։ Բայց դա բավարար չէ ժամանակակից մրցունակ գիտական ոլորտ ունենալու համար։ Մոտավորապես աքսիոմի նման բան է․ եթե գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի մեկ տոկոսից պակաս է, ապա էական առաջընթացի մասին խոսելը իրատեսական չէ», – ասել է նա։

Արամ Սահարյանը նշել է, որ, օրինակ, Իսրայելում գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի մոտ 6.8% տոկոսն է կազմում, իսկ Հարավային Կորեայում՝ մոտ 5.1%-ը։ : Այս ցուցանիշով Իսրայելը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Այնտեղ գիտական ծախսերի առյուծի բաժինը նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և ռազմական մշակումների ոլորտներին: Սակայն, պետք է նշել, որ երկու երկրների դեպքում էլ ֆինանսավորման էական մասը մասնավոր ընկերությունների ներդրումների շնորհիվ է։ Ցավոք, մեր երկրում նման ներդրումները քիչ են։ Եվ կառավարության, և գիտնականների աշխատանքի հիմնական ուղղություններից պետք է լինի մասնավոր սեկտորից գիտության մեջ ներդրումների ավելացումը։ Այդ ուղղությամբ կառավարությունը արդեն քայլեր կատարել է։ Մասնավոր ընկերություններում հետազոտություն կատարող աշխատողները պետության կողմից ստանում են հարկային արտոնություններ։ Նա նկատել է, որ գիտության պետական ֆինանսավորման տեսակետից ավելի բարվոք վիճակ չէ հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ Այնտեղ գիտության ֆինանսավորման ՀՆԱ-ի տոկոսը նույնիսկ ավելի ցածր է, քան Հայաստանում։ Տարածաշրջանում ֆինանսավորման տոկոսը առավել բարձր է Թուքիայում՝ մոտ 1.4%, որի մոտ կեսը մասնավոր հատվածի մասնակցությամբ է: Հետխորհրդային հանրապետություններից առավել բարձր է ֆինանսավորման մասնաբաժինը Էստոնիայում՝ մոտ 2%: Գիտության ֆինանսավորման աճի տեմպերով առաջատար դիրքերում է Չինաստանը։ Վերջին տարիներին այնտեղ գիտության ֆինանսավորումը աճում է տարեկան մոտ 7%-ով, իսկ ընդհանուր ֆինանսավորման ծավալով արդեն առաջ է անցնում Միացյալ Նահանգներից», – ասել է նա։

Երբեմն կարծիքներ են հնչում, թե Հայաստանում գիտությունը արդյունավետ չէ։ Գիտնականը նման պնդումները անհիմն է համարում։ Եթե դիտարկում ենք ծախսված միջոցներ/գիտական հոդվածներ հարաբերակցությունը, Հայաստանն ունի չափազանց բարձր ակադեմիական արդյունավետություն՝ նվազագույն ֆինանսավորման պայմաններում արտադրելով զգալի քանակությամբ միջազգային հոդվածներ: Դա մասնակիորեն պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում գիտությունը հիմնականում տեսական և հիմնարար է, ինչն իր բնույթով անմիջապես հանգեցնում է հրապարակումների: Օրինակ, մեկ գիտական հոդվածի հաշվով ծախսվող միջոցների ծավալով Էստոնիան զգալիորեն գերազանցում է Հայաստանին։

Գիտությունից երիտասարդների արտահոսքի վտանգը

Արամ Սահարյանի կարծիքով՝ գիտության ոլորտի վերջին բարեփոխումների հիմնական ձեռքբերումներից մեկը երիտասարդների ներգրավումն է։ Սակայն առաջացած անորոշության պայմաններում մեծ է հավանականությունը, որ կրկին երիտասարդների արտահոսք կսկսվի։

«Մասնավորապես, մեր վերջին մեծ դրամաշնորհը առաջատար հետազոտությունների դրամաշնորհն էր, որը, կարծում եմ, կարևոր ծրագիր էր՝ 5 տարի տևողությամբ։ Այն մեզ երիտասարդներին մոբիլիզացնելու հնարավորություն տվեց, բայց սեպտեմբերին ժամկետն ավարտվեց, ու քանի որ այս անորոշությունը ծագեց, հիմա մենք վախ ունենք, որ երիտասարդները կլքեն գիտության ոլորտը կամ հետազոտական աշխատանքը կշարունակեն արտասահմանյան կենտրոններում։

Այսինքն, բավական վտանգավոր իրավիճակ է ծագել։ Նման է նրան, որ նոր տուն ենք կառուցում, ֆինանսներ ենք ներդնում ու հետո կիսակառույց թողնում։ Դա արժեզրկում է նաև ծախսված ֆինանսական միջոցները։ Մենք այնքան հարուստ չենք, որ նման «շռայլություն» թույլ տանք։ Պատկերավոր ասած, եթե շենքն այդպես կիսակառույց թողնենք, մի քանի տարի հետո այն այնպիսի վիճակում կլինի, որը շատ ավելի ֆինանսական միջոցներ և ջանք կպահանջի», - ասել է նա։ Ու ամեն դեպքում, ըստ ամբիոնի վարիչի, ֆինանսական կորուստը շատ ավելի մեծ կլինի, քան եթե ապահովվի զարգացման տեմպերի շարունակականությունը, իսկ երիտասարդների արտահոսքը կարող է անդառնալի լինել։

Նա նշել է, որ եթե անգամ գիտության ֆինանսավորումն այդքան չաճեր, իր սերդի գիտնականները միևնույն է աշխատելու էին, քանի որ նրանք դատապարտված են այդ ուղղությամբ աշխատելու։ Հիմնական խնդիրը երիտասարդ գիտնականների հարցն է ու այն, որ առկա է միջին սերնդի գիտնականների էական պակաս։ Ու հիմա ավագ սերնդի հիմնական խնդիրը նոր սերունդ կրթելն է, ու եղած գիտական դպրոցները պահպանելն ու զարգացնելը։

«Կամ, ասենք, մենք Ակադեմիական քաղաք ենք կառուցում։ Հաշվե՞լ ենք արդյոք, ինչքան բյուջե է անհրաժեշտ դրա համար։ Տարվա սկզբին այդ նպատակով բավական մեծ միջոցներ էին նախատեսվում։ Սակայն բյուջեի ներկայացված նախագծում այդ միջոցները էապես նվազել են։ Վերջին ճշտումներից հետո այդ գումարը ավելի պակասեցվեց, մի մասը ուղղելով գիտական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ո՞ւմ համար ենք կառուցում ակադեմիական քաղաքը, եթե բավարար քանակով գիտնականններ չենք ունենալու։ Ինչպե՞ս կարող ենք տասնամյակի վերջում 6000 գիտաշխատող ունենալ, եթե այսօր ստիպված ենք կրճատումներ կատարել։ Ի՞նչ է, ֆոկո՞ւս ենք անելու, 2029 թվականին միանգամից այդքա՞ն մարդ գա գիտության ոլորտ։ Ռազմավարական ծրագիր եթե գրում ենք, չէ՞, պիտի գրենք, թե յուրաքանչյուր տարի ինչի՞ ենք ուզում հասնել։ Մենք այդքան հարո՞ւստ ենք, որ այսքան փողը ծախսել ենք, ու գնա կորչի», – ասել է գիտնականը։

Արամ Սահարյանը հասկանում է, որ երկրում ֆինանսների խնդիր կա, և կառավարությունը փորձում է եղած գումարը հավասարապես բաշխել ոլորտների միջև։ Սակայն վերջինս պետք է կարողանա հստակ որոշել առաջնահերթությունները՝ համաձայն իր իսկ ընդունած գիտության զարգացման ռազմավարական ծրագրի ու 2026-2030 թվականների գործունեության ծրագրի։

«Ցավոք սրտի, գիտության ֆինանսավորման ավելացումը ներկայացվում է որպես լավություն գիտնականներին։ Բայց դա այդպես չէ, մենք ներդրում ենք անում երկրի ապագայի մեջ։ Ասում են՝ մեր տնտեսությունը վատ վիճակում է, այդ պատճառով չենք կարող գիտությանը շատ գումար տալ։ Իսկ մենք ասում ենք՝ տնտեսությունը բարվոք վիճակում չէ նաև այն պատճառով, որ գիտությունը պատշաճ չի ֆինանսավորվում։ Պետք է պատճառն ու հետևանքը տարբերել իրարից։ Այսօր մեկ հաջող գիտական նվաճումը պատերազմի ելք է որոշում։ Մի տեխնոլոգիա, որը դու ունես, իսկ հակառակորդը չունի, կարող է իրավիճակ փոխել։ Տեսանք թե ինչ կատարվեց՝ արցախյան պատերազմում անօդաճու թռչող սարքերի օգտագործմամբ։ Գիտական տեխնոլոգիա, որի համար գուցե առավել շատ միտք է պետք, և ոչ ռեսուրս։ Խնդիրը դա է», - ասել է նա։

Արամ Սահարյանը հիշեցրել է հայտնի խոսքը, թե ինչով է քաղաքական գործիչը տարբերվում պետական գործչից. «Քաղաքական գործչի գործունեությունը ուղղված է հաջորդ ընտրություններին, պետական գործչինը՝ հաջորդ սերունդներին»։ Բայց Հայաստանում, ցավոք, չկա պետական քաղաքականության շարունակականություն․ ամեն հաջորդ կառավարություն մերժում է նախորդին, և ամեն բան սկսվում է նորից, ինչն էլ թույլ չի տալիս իրականացնել երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր։

Գիտնականը հույս է հայտնել, որ կառավարությունն, այնուամենայնիվ, կվերանայի 2027 թվականի գիտության բյուջեն։

«Որ նախարարի հարցազրույցն էի նայում, ես մի քիչ իր տեղը վատ էի զգում, որովհետև ինքը պիտի թվեր բացատրեր, բայց այդ թվերն էլ բացահայտ երևում են, չէ՞։ Ոզում ենք զարգացած գիտություն ունենալ առաջարկվող ֆինանսավորման պայմաններում։ Դա համարյա մաթեմատիկական թեորեմ է, որ հնարավոր չէ։ Ինչպե՞ս անես, ֆոկուս հո չես անելու», - ասել է նա։

Գիտությունների ազգային ակադեմիայի նոր ընտրություններն ու նոր դերը

Այս տարվա սեպտեմբերի սկզբին ԳԱԱ-ում, 12 տարվա դադարից հետո, առաջին անգամ տեղի ունեցան ասոցացված անդամների ընտրություններ՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի պահանջներին համապատասխան։ Արամ Սահարյանը նոր ընտրված ասոցացված անդամներից է։ Խոսելով ընտրությունների նոր կարգի մասին՝ նա նշել է․ շատ կարևոր էր, որ դրանք տեղի ունեցան հստակ գիտաչափական ցուցանիշների հիման վրա։

«Հիմա այնտեղ կոնկրետ գիտաչափական չափանիշներ են դրված։ Որոշ գիտնականներ դժգոհ են, բայց այս փուլում կարծում եմ դա լավագույն տարբերակն էր։ Դա չի նշանակում, որ բարելավում լրացուցիչ բաղադրիչների ներառմամբ հնարավոր չէ։ Իհարկե, կարևոր է նաև որակական չափանիշների ներառումը։ Հայտնի է, թե գիտաչափական տվյալների անտեսումը նախկին ընտրություններում ինչպիսի «ընտրությունների» էին բերում։ Քիչ չեն օրինակները, երբ ընտրվում էր այն հավակնորդը, որն իր գիտաչափական տվյալներով էապես զիջում էր ընտրություն չանցած գիտնականին։ Հիմա կոնկրետ գիտաչափություն է դրված, ու մարդիկ գիտեն՝ եթե ուզում են մասնակցել, այս տվյալները պետք է ունենան», - ասել է նա։

Խոսելով առանց ինստիտուտների մնացած Ակադեմիայի դերի մասին՝ նա նշել է, որ այժմ հիմնական գործառույթը պետք է լինի փորձաքննությունը, գիտնականների աստիճանակարգումը, ատենախոսությունների պաշտպանությունը, խորհրդատվությունը և գիտության գերակա ուղղությունների որոշումը։ Ինստիտուտներն Ակադեմիայից հանելն Արամ Սահարյանը սխալ է համարում, քանի որ այժմ ադմինիստրատիվ ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի վրա, մինչդեռ Կոմիտեի աշխատողների քանակը չի փոխվել, և պարզ չէ, թե ինչպես են նրանք կարողանալու կատարել այդ ահռելի ծավալի աշխատանքը։ Նրա կարծիքով, եթե Ակադեմիայի աշխտանքից դժգոհություն կար, այն կարելի էր բարեփոխել շատ ավելի վաղ, ու առանց կառավարման համակարգի էական փոփոխության։

Գիտության դերը միայն գիտության զարգացումը չէ

Արամ Սահարյանի կարծիքով՝ գիտությունը նույնքան կարևոր դեր ունի հասարակության համար, ինչքան արվեստն ու մշակույթը. այն երկրի ու հասարակության ընդհանուր զարգացածության մակարդակն է որոշում։

«Զարգացած հիմնարար գիտությունը ապահովում է հասարակության բարձր կրթական մակարդակ։ Եթե մենք այսօր չունենք լավ նախարար, պատմաբան, կամ քաղաքական մեկնաբան, դա նաև ընդհանուր ցածր կրթական մակարդակի պատճառով է», - ասել է նա։

Գիտնականը հավելել է, որ եթե գիտությունից պահանջվում է զուտ կիրառական արդյունք, որը կարելի է միանգամից ներդնել տնտեսության մեջ, դա նշանակում է լավ չհասկանալ գիտության բուն դերը։

«Եթե միայն այդպես լիներ, գիտնականը պետությունից փող էլ չէր ուզի։ Ինքը կաներ, այդ փողն էլ ինքը կաշխատեր։ Այսօրվա գիտական հիմնարար արդյունքները հիմք են ստեղծում ապագայի նոր տեխնոլոգիաների համար։ Այսօրվա բազմաթիվ գյուտեր՝ համակարգիչները, ինտերնետը, լազերները և բժշկական սարքերը, հիմնված են հիմնարար գիտական հայտնագործությունների վրա։ Դրանք այնքան օգուտ են բերել մարդկությանը, որքան բոլոր պետությունների կողմից գիտության մեջ ներդրումները միասին։ Գիտության մեջ ներդրումները ներդրում են մեր ապագայում։ Հենց այսօրվա գիտական բացահայտումներն են դառնում վաղվա կարևորագույն գյուտերի և նորարարությունների աղբյուրը։», - ասել է նա։

Արամ Սահարյանը տեսական ֆիզիկոս է, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի ամբիոնի վարիչն է և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական և մաթեմատիկական ֆիզիկայի կենտրոնի ղեկավարը։ Ասպիրանտուրան նա անցել է ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի ղեկավարությամբ և 1987 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն։ Աշխատել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, այնուհետև 1992 թվականից անցել աշխատանքի ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում։ 2001 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։

Այժմ աշխատում է երկու գիտական ուղղություններով․

  1. Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում՝ ուսումնասիրելով միջավայրերի հետ լիցքավորված մասնիկների փոխազդեցության արդյունքում ձևավորված ճառագայթման օրինաչափությունները։

  1. ԵՊՀ-ում՝ գրավիտացիայի տեսությունների (այլընտրանքային տեսություններ և դրանց կոսմոլոգիական ու աստղագիտական հետևանքներ), ինչպես նաև արտաքին պայմանների առկայությամբ դաշտի քվանտային տեսության ուղղություններով։

«Բավական ակտիվ հետազոտական ուղղություններ են դրանք, և վերջին 10-15 տարիներին մոտ 12 թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանվել այդ ուղղությամբ», – եզրափակել է նա։