Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա այն կարևորագույն եռման կետը, որի շուրջը կհամախմբվի երկրի հիմնական փորձագիտական գիտական հանրությունը, կարծում է ԳԱԱ նորընտիր ասոցացված անդամ, ֆիզիկոս և գիտության հանրահռչակող Հայկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին՝ 12-ամյա ընդմիջումից հետո առաջին անգամ, Ակադեմիայում անցկացվեցին ասոցացված անդամների ընտրություններ, իսկ սեպտեմբերի 15-ին՝ ԳԱԱ Նախագահության և Գիտական խորհրդի անդամների ընտրություններ։ Հայկ Սարգսյանն ընդգրկվել է նաև նոր Նախագահության կազմում։ Ակադեմիայի ընտրություններն առաջին անգամ անցկացվեցին նոր կանոններով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին համապատասխան։ Այժմ Ակադեմիան, որին այլևս չեն պատկանում գիտական ինստիտուտները, պետք է վերաիմաստավորի իր դերը Հայաստանի գիտական համակարգում:
Խոսելով այն մասին, թե ինչպես է տեսնում Հայաստանի գիտությունների ակադեմիայի ապագան, Հայկ Սարգսյանը փոքրիկ էքսկուրս կատարեց դեպի անցյալ:
Հայ ազգի վերնախավի քաղաքակրթական ընտրությունը
Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի ստեղծումը 1943 թվականին հայ ազգի վերնախավի քաղաքակրթական ընտրությունն էր, կարծում է գիտնականը։
«Ես բացարձակապես համոզված եմ, որ այն տեխնոլոգիական հրաշքում, որը տեղի ունեցավ Հայաստանում խորհրդային իշխանության տարիներին, երբ հետամնաց ագրարային, կիսավեր հանրապետությունից Հայաստանը վերածվեց Խորհրդային Միության ամենաարդյունաբերական և հզոր զարգացող հանրապետության, առանցքային դեր խաղաց հենց Գիտությունների ակադեմիան։ Մեր ժողովրդի ականավոր ուղեղները, բացարձակ հայրենասերները, նրանք, ովքեր առանցքային դիրքեր էին զբաղեցնում խորհրդային գիտության և գիտաարդյունաբերական ու պաշտպանական համալիրի կենտրոնական կառույցներում, շատ հզոր կերպով սկսեցին աջակցել Հայաստանում գիտության և գիտատար արդյունաբերության զարգացմանը:
Ընդ որում, ամենայն հավանականությամբ, հայկական գենի՝ գիտական հետազոտությունների նկատմամբ բնական հակվածության հետևանքով (դրանք բարձրագոչ խոսքեր չեն, դա փաստ է), նրանք կարողացան ստեղծել հզոր դպրոցներ և ուղղություններ, որոնք, պատկերավոր ասած, ընդգրկում էին Խորհրդային Միության գիտական հետազոտությունների գրեթե ամբողջ համակարգը: Այսքան սակավաթիվ բնակչություն ունեցող հանրապետության համար գիտական հետազոտությունների նման լայն ընդգրկումն իրոք եզակի փաստ է։ Գիտությունների ակադեմիան այս առումով սկզբունքորեն կարևոր դեր էր խաղում»,- ասել է նա։
Ըստ Հայկ Սարգսյանի՝ խորհրդային տարիներին հասարակության մեջ հարցեր չէին առաջանում, թե ով է գիտնականը, և ինչու է անհրաժեշտ Ակադեմիան։ Բոլորը տեսնում էին հայկական գիտության նվաճումները՝ լազերներից մինչև տիեզերական սարքեր։
«Եվ հետո, կրթությունը հայերի համար ազգային գիտակցության առանցքային հատվածն էր։ Կրթվածությունը կարծես թե առաջատար գործոնն էր, որը վկայում էր, որ ձեր առջև կանգնած անձն իրոք կայացած մարդ է»,- նշել է նա։
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց Խորհրդային Միության փլուզումից հետո։ Գիտնականի գնահատմամբ՝ սկսվեց անհասկանալի և կատաղի քարոզչություն գիտության և կրթության դեմ, իսկ հասարակության մեջ ձևավորվեց գիտնականի կերպարի և գիտության դերի բացարձակապես ոչ նորմալ ընկալում։ Դրանում, նրա կարծիքով, մեծ դեր խաղաց մեդիան, ընդ որում, ինչպես կարծում է Հայկ Սարգսյանը, դա արվել է միտումնավոր։ Այսօր նա դա գնահատում է որպես «դավաճանություն»։
Ըստ նրա՝ հասարակության սթափեցում եղավ 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունից հետո, որում պակաս դեր չի խաղացել ադրբեջանական բանակի տեխնոլոգիական գերազանցությունը։
Ինչի համար է անհրաժեշտ գիտությունը, և ինչ պետք է անի Ակադեմիան
Գիտնականի կարծիքով՝ հասարակությունը պետք է հստակ հասկանա մի քանի առանցքային ասպեկտ։ Նախ, առանց զարգացած գիտության անհնար է ապահովել լավ կրթություն։ Երկրորդ, գիտությունը տեխնոլոգիական առաջընթացի հիմքն է։ Այն պնդումները, թե Հայաստանին անհրաժեշտ է միայն կիրառական գիտություն, նրա կարծիքով, հիմնովին սխալ են, քանի որ կիրառական գիտությունը լավ զարգացած հիմնարար գիտության բնական շարունակությունն է։
«Կա մի շատ վառ օրինակ։ Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ամերիկյան բոլոր խոշորագույն տեխնոլոգիական համալսարանները, բացի Սթենֆորդից, ռազմական մշակումների հզոր պատվերներ ստացան։ Այն ժամանակ Սթենֆորդի ռեկտորը մի շատ խելացի մարդ էր, որն ասաց. «Հոյակապ է։ Մենք պետության առջև չունենք խիստ նեղ մասնագիտական բնույթի որևէ պարտավորություն, ուստի մեր ուսանողներին ընդարձակ, բազմակողմանի և խոր տեսական կրթություն կտանք: Եվ ես համոզված եմ, որ հետո գիտելիքների նման հզոր պաշարի հիման վրա նրանք կսկսեն ստեղծել այնպիսի տեխնոլոգիական նախագծեր, որոնք մեծ մասամբ կծածկեն այն բոլոր ծախսերը, որոնք առաջին հայացքից պետք է հատկացվեին այդ հետազոտությունների համար»: Եվ պատահական չէ, որ Սիլիկոնային հովտի սիրտը հենց Սթենֆորդի համալսարանն է, քանի որ նրա շրջանավարտներն իրոք ակնառու արդյունքների են հասել»,- պատմել է Հայկ Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի գիտությունների ակադեմիան, առաջին հերթին, պետք է դառնա այն կարևորագույն եռման կետը, որի շուրջը կհամախմբվի Հայաստանի հիմնական փորձագիտական գիտական հանրությունը։
Հայկ Սարգսյանը շատ կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ակադեմիայի ներկա ղեկավարությունը հստակ գիտակցում է, որ փորձագիտական հանրության ձևավորման հարցերը պետք է լուծվեն բացառապես խիստ գիտաչափական պահանջների հիման վրա: Հենց այդպիսի պահանջների հիման վրա են տեղի ունեցել ՀՀ ԳԱԱ վերջին ընտրությունները։
Ըստ նրա՝ չնայած նման մոտեցումն այսօր բազմաթիվ վեճեր է առաջացնում գիտական միջավայրում, այն թույլ է տալիս գոնե առաջին տեխնիկական փուլում զտել մարդկանց, «որոնք ունեն երկիմաստ հեղինակություն գիտական հանրությունում, բայց իրենց հավակնությունների ուժով փորձում են սխալ քայլերով մուտք գործել Գիտությունների ակադեմիա»։ Ակադեմիայի ներկա ղեկավարությունն, ըստ նրա, արժանի է գովեստի գոնե այն բանի համար, որ գնացել է այդպիսի համարձակ քայլի։
Բացի փորձագիտական գիտական հանրության ձևավորումից՝ Ակադեմիան պետք է նաև մասնակցի գիտահետազոտական գործունեությունը կարգավորող կարևոր նորմատիվ փաստաթղթերի ստեղծմանը։
Ակադեմիայի գործունեության երրորդ ուղղությունը Հայաստանի համար առավել կարևոր և հեռանկարային գիտական ուղղությունների սահմանումն է՝ արդյունքները գիտատար արդյունաբերության մեջ հետագա ներդրման տեսանկյունից:
Չորրորդը կառավարության համար գլխավոր գիտական խորհրդատուի դերն է։
Բացի դրանից, ըստ Հայկ Սարգսյանի, Գիտությունների ակադեմիայի դերն այն է, որ Հայաստանի բնակչությանը հասցնի գիտական հետազոտությունների իրական գործառույթները, նպատակներն ու նշանակությունը:
«Բացատրել, որ սա շատ երկար, շատ դժվար և շատ ծախսատար ճանապարհ է։ Բայց այն անհրաժեշտ է անցնել, որովհետև արդյունքում կլուծվեն մի շարք շատ կարևոր խնդիրներ՝ սկսած դպրոցական կրթությունից մինչև անվտանգության համակարգ։ Եվ վերջապես, բացատրել, որ գիտական արդյունք ստանալը ոչ թե մի պահի գեղեցիկ շապիկ ու նկար է, այլ բազմամյա և շատ ծանր, հետևողական աշխատանք: Եվ որ ամենակարևորն է, գիտության մեջ կան շատ կարևոր սկզբունքներ։ Երբեք չի կարելի գիտնականի առջև խնդիր դնել, պատկերավոր ասած, 2 տարվա ընթացքում ապացուցել 10 թեորեմ։ Հետազոտողներին անհրաժեշտ է որոշակի ազատություն, հենց այն առումով, որ նրանք պետք է գտնվեն գիտական հետազոտությունների առաջնագծում, իսկ դա նշանակում է գիտական արդյունքների վառ արտահայտված անկանխատեսելիություն»,- նշել է նա։
Հաջորդ քայլը գիտության հանրահռչակումն է: Եվրոպայում դեռևս XVIII դարում սկսեցին հասկանալ, որ բնակչության լայն զանգվածներին գիտական և ինժեներական գործունեության մեջ ներգրավելու համար անհրաժեշտ է մատչելի և հետաքրքիր ձևով բացատրել, թե ինչ է դա: Եվ գիտնականները սկսեցին հանրային, գիտահանրամատչելի դասախոսություններ կարդալ:
Խորհրդային Միությունում, հիշեցնում է գիտնականը, գոյություն ուներ «Գիտելիք» ընկերությունը, ինչպես նաև «Ակնհայտը՝ անհավանական» հեռուստահաղորդումը, որոնք երիտասարդությանն այս դյութիչ ոլորտ ներգրավելու գործում մեծ դեր են խաղացել:
«Այժմ, զանգվածային լրատվամիջոցների առկայության և ինտերնետի ընձեռած հնարավորությունների շնորհիվ, այդ հնարավորությունները կտրուկ ընդլայնվել են: Եվ Հայաստանում, կարծում եմ, հետևողականորեն պետք է քաղաքականություն վարել հենց գիտության հանրահռչակման ուղղությամբ։ Եվ ամենակարևորը՝ գիտնականի կերպարի ստեղծումն է, ոչ թէ, այսպես ասած, չսափրված, վատ հագնված նվնվան, որ ամբողջ ժամանակ լաց է լինում ֆինանսավորման սակավության պատճառով, այլ ինքնավստահ, ոտքերի վրա պինդ կանգնած և կայացած քաղաքացի, որը հասկանում է, թե որքան կարևոր ու արժեքավոր աշխատանք է կատարում երկրի և հասարակության համար: Եթե ստեղծվի համապատասխան կերպար, ապա, կարծում եմ, շատ տաղանդավոր երիտասարդներ կհասկանան, որ սա իսկապես ապագա է»,- ասել է նա։
Ակադեմիան սկզբունքային դեր պետք է խաղա նաև պետական անվտանգության ոլորտում։ Քանի որ այժմ արդեն բոլորը հասկանում են, որ տեխնոլոգիաները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական գործոն են։
«Ամերիկացիները դա վաղուց են հասկացել։ Նախագահ Ռուզվելտը 1940 թվականին 8-րդ համամերիկյան գիտական կոնգրեսին ուղղված իր ուղերձում ասել է. «Մենք ձեզ հետ ջասիրաբար գործելու ենք՝ մեր գիտությունը, մեր մշակույթը, մեր ամերիկյան ազատությունը և մեր քաղաքակրթությունը բոլոր հասանելի միջոցներով պաշտպանելու համար»։ Այսինքն՝ նա առաջին տեղում է դրել գիտությունը։ Դա պատահական չէ, քանի որ նրանք արդեն այն ժամանակ հասկանում էին, որ գիտությունը սկսում է սկզբունքորեն կարևոր դեր խաղալ»,- նշել է Հայկ Սարգսյանը։
Ակադեմիայի ևս մեկ շատ կարևոր դերն, ըստ նրա, ատենախոսությունների պաշտպանությունն է։ Ներկայում Ակադեմիայում քննարկումներ են ընթանում, թե ինչպես են ձևավորվելու գիտական խորհուրդները՝ անդամների միջև կորպորատիվ դավադրություն թույլ չտալու համար:
«Դե, և, բնականաբար, Գիտությունների ակադեմիայի ներգրավումը տարբեր դրամաշնորհային ծրագրերում, բազային ֆինանսավորման, նպատակային գիտական ծրագրերում և երկակի նշանակության ծրագրերում: Քանի որ այստեղ նույնպես Ակադեմիայի փորձագիտական հանրության դերը սկզբունքորեն կարևոր է։ Ի լրումն դրա, վերջապես, Ակադեմիան պետք է լինի այն հարթակը, որի հիման վրա Հայաստանի գիտաշխատողները պետք է վստահ լինեն, որ գոյություն ունի մի մարմին, որն, ի թիվս այլոց, պաշտպանելու է իրենց շահերն ու իրավունքները»,- եզրափակել է նա։
Հայկ Սարգսյանը արհեստական ատոմների ֆիզիկայի բնագավառի մասնագետ է
Այսօր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը ղեկավարում է Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների ինստիտուտի նանո- և մեզոկառույցների ֆիզիկայի լաբորատորիան։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է գիտության հանրահռչակման գործում. վարում է հաղորդումներ Բուն TV-ում և ռուսական ПостНаука հանդեսի մի շարք հոդվածների հեղինակ է։
«Ես զբաղվում եմ արհեստական ատոմների ֆիզիկայով։ Դրանք այսպես կոչված քվանտային կետերն են՝ երկչափ համակարգեր, որոնց համար 2023 թվականին շնորհվել է Նոբելյան մրցանակ քիմիայի բնագավառում։ Ընդ որում, շատ հետաքրքիր է, որ այն հենց քիմիայի գծով է շնորհվել, քանի որ այն ստացել են մարդիկ, որոնք սինթեզել են այդ կառույցները»,- պատմել է Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր գիտական ուղին։
Ըստ նրա՝ այօր քվանտային կետերն ակտիվորեն օգտագործվում են տեխնոլոգիաներում. արդեն գոյություն ունեն քվանտային կետերի հիման վրա ստեղծված էկրաններ, դրանք լուսադիоդների (LED) համար հզոր հիմք են ծառայում: Դրանք դիտարկվում են նաև որպես քվանտային բիթերի ստեղծման հիմք: Բացի դրանից, հայտնվել են միաէլեկտրոն տրանզիստորներ, որոնք ստեղծվել են քվանտային կետերի գաղափարի հիման վրա: Այսպիսով, ձևավորվել է մի ամբողջ ճյուղ, որը կարելի է անվանել քվանտային կետերի ֆիզիկա և տեխնոլոգիաներ:
«Հիմնականում իմ հետազոտությունները կապված են քվանտային կետերում օպտիկական կոլեկտիվ ազդեցությունների և այդ համակարգերում այսպես կոչված կուլոնյան ու սպինային բնութագրերի ուսումնասիրության հետ։ Մեր աշխատանքները մինչև որոշակի պահ զուտ տեսական բնույթ էին կրում։ Սակայն 2013 թվականին և վերջնական տեսքով՝ 2016 թվականին, մենք կանխատեսեցինք բազմամասնիկ բարդ քվանտամեխանիկական էֆեկտ բարդ երկրաչափություն ունեցող քվանտային կետերում (էլիպսաձև ոսպնյակաձև քվանտային կետեր՝ էլեկտրոնային կամ խոռոչային գազի զույգ փոխազդեցությամբ), որոնցում որոշակի պայմաններում կարող են իրականացվել միամասնիկ անցումներ հեռավոր ենթակարմիր տիրույթի ներգործությամբ։
Նման համակարգերի համար կանխատեսումն այնքան էլ պարզունակ չէր, քանի որ այնտեղ անհրաժեշտ էր համապատասխան մաթեմատիկական բազա և հիմնավորում։ Տեսական աշխատանքները մենք վերջնականապես ավարտեցինք մինչև 2016 թվականի սկիզբը, իսկ նույն տարվա դեկտեմբերին, ի մեր մեծ ուրախության, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի մեր շատ մտերիմ ընկերներն ու գործընկերները՝ պրոֆեսոր Դմիտրի Ֆիրսովի ղեկավարությամբ, բացահայտեցին կանխատեսված ազդեցությունը։ Այդ հետազոտությունները շարունակվեցին 8 տարի, և դրանց վերաբերյալ վերջնական հոդվածը լույս տեսավ 2024 թվականին ամերիկյան հեղինակավոր ACS Applied Nanomaterials հանդեսում»,- պատմել է Հայկ Սարգսյանն իր գիտական կարիերայում, իր կարծիքով, ամենակարևոր ձեռքբերման մասին։
Այսօր գիտնականը ղեկավարում է մի խումբ, որը զբաղվում է կոլոիդային նանոթիթեղների ուսումնասիրությամբ՝ Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի առաջադեմ հետազոտությունների աջակցության դրամաշնորհի շրջանակում: Նախագիծն իրականացվում է ամերիկյան Ջեքսոնի համալսարանի գործընկերներ Լյուդվիգ Պետրոսյանի և Տիգրան Շահբազյանի հետ համատեղ։
«2019 թվականին, երբ ես այցելում էի Ջեքսոնի համալսարան Տիգրան Շահբազյանի հրավերով, մենք քննարկում էինք, թե որ կառույցներն են արդիական։ Եվ կանգ առանք քվազիերկչափ համակարգերի՝ նանոթիթեղների վրա, որոնք մի կողմից իրենց պահում են որպես քվանտային կետեր, իսկ մյուս կողմից՝ որոշակի երկրաչափության հետևանքով, նրանք դրսևորվում են գործնականում որպես քվանտային թաղանթներ։ Նման հիբրիդային համակարգերը շատ հեռանկարային են օպտոէլեկտրոնիկայում կիրառման տեսանկյունից, քանի որ դրանք աճեցվում են իդեալական կատարելությամբ: Մենք վերջին 5 տարին նվիրեցինք այս համակարգերի ուսումնասիրությանը: Ջեքսոնի համալսարանը դարձավ մեր գործընկերը այս նախագծում»,- պատմել է նա։
Այսօր, Հայկ Սարգսյանի գնահատմամբ, արդեն կան միջգիտակարգային համագործակցության գաղափարներ՝ նանոթիթեղների կիրառման հնարավորություններն ուսումնասիրելու համար: Կենսաֆիզիկոս, պրոֆեսոր Եվգենի Մամասախլիսովի հետ համատեղ նրանք ծրագրում են այդ կառույցներն ինտեգրել տարբեր կենսաբանական համակարգերում և փորձել կենսաբանության և քվանտային կետերի ֆիզիկայի ինչ-որ սինթեզ գտնել:
«Եթե մեզ դա հաջողվի անել, մենք պարզապես երջանիկ կլինենք։ Հուսով եմ՝ կհաջողվի»,- ասել է նա։






