Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ), ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, ազդարարում է տարվա գլխավոր տեխնոլոգիական իրադարձության՝ Silicon Mountains 2026 Summit & Expo-ի մեկնարկը, որը կանցկացվի նոյեմբերի 3-4-ին՝ Dvin Music Hall-ում և One&Only Theatre-ում (հասցե՝ Պարոնյան 40)։
Այս տարի Silicon Mountains 2026-ը հանդես կգա նոր՝ ընդլայնված ձևաչափով․ առաջին անգամ ավանդական գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի նաև լայնածավալ տեխնոլոգիական ցուցահանդես: Երկօրյա միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի հայկական և միջազգային տեխնոլոգիական ընկերություններին, հեռանկարային ստարտափներին, գիտահետազոտական կենտրոններին, ներդրողներին և ոլորտի առաջատար մասնագետներին՝ Երևանը վերածելով տարածաշրջանի տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես հանգույցի։
Նոյեմբերի 3-ին կկայանա «Invest in Innovation» խորագրով Silicon Mountains 2026 գագաթնաժողովը, որը կմիավորի համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին՝ քննարկելու նորարարությունների ֆինանսավորման, կիսահաղորդիչների, ճարտարագիտական լուծումների և ներդրումային էկոհամակարգերի զարգացման հեռանկարները։ Գագաթնաժողովի գլխավոր խոսնակը կլինի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիրը, իսկ բեմում հանդես կգան շուրջ 10 միջազգային հեղինակավոր փորձագետներ, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ և գիտնականներ։
Նույն օրը տեղի կունենա նաև Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ համախմբելով ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցներին և ընդգծելով միկրոէլեկտրոնիկայի ոլորտում նոր սերնդի տաղանդների ներուժը։
Նոյեմբերի 4-ին՝ ցուցահանդեսին զուգահեռ, կմեկնարկի Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումը, որի օրակարգում կլինեն չիպերի նախագծումը, հետազոտություններն ու մշակումները, տաղանդների զարգացումը և միջազգային համագործակցությունը։ Ֆորումը հարթակ կստեղծի մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման համար։
Ի՞նչ սպասել Silicon Mountains 2026-ից.
- Առաջին անգամ՝ տեխնոլոգիական ցուցահանդես. Նոյեմբերի 3-4-ին, առաջին անգամ Դվին Մյուզիք հոլը կվերածվի նորարարական ցուցադրության կենտրոնի։ Ավելի քան 50 ցուցահանդեսային տաղավարներում կներկայացվեն հայկական և միջազգային ընկերությունների մշակումները, բարձր տեխնոլոգիական արտադրանքն ու նորարարական լուծումները: Միաժամանակ շուրջ 12 ստարտափ ընկերություններին կտրամադրվի անվճար տաղավար։
- Աշխատարաններ և B2B հանդիպումներ․ Ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվեն թեմատիկ գործնական աշխատարանների գոտի, փորձագիտական քննարկումներ և նախապես պլանավորված B2B հանդիպումներ, որոնք կխթանեն նոր համագործակցությունների և ներդրումային կապերի ձևավորումը։
- Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադա․ Ծրագրում ներառված է օլիմպիադայի եզրափակիչ փուլը՝ ավելի քան 13 երկրների լավագույն մասնակիցների մասնակցությամբ։
- Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորում․ Ֆորումը կմիավորի ոլորտի առաջատար փորձագետներին՝ քննարկելու միկրոէլեկտրոնիկայի զարգացման առանցքային ուղղությունները։
- Invest in Innovation. Գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի «Ներդրումները նորարարության մեջ»։ Քննարկումների առանցքում կլինեն տեխնոլոգիական ոլորտի ներդրումները, կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացումը, ճարտարագիտական լուծումները, AI և գլոբալ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները։
- Գլոբալ դիրքավորում. Միջոցառումն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների և բիզնեսի միջև սիներգիայի ստեղծմանը՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ինժեներական հաբ:
Silicon Mountains-ի մասին
Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը կազմակերպվում է ՏՀՏԳՄ-ի կողմից 2019 թվականից և հանդիսանում է Հայաստանի տեխնոլոգիական օրակարգը ձևավորող հեղինակավոր հարթակներից մեկը։ Իր գոյության ընթացքում նախաձեռնությունը հյուրընկալել է ավելի քան 10,000 մասնակցի և 100-ից ավելի համաշխարհային մակարդակի խոսնակների, որոնց թվում են՝ Վինսենթ Ռոշը (Analog Devices), Շանթանու Նարայենը (Adobe), Նարայանա Մուրթին (Infosys), Նուբար Աֆեյանը (Flagship Pioneering) և այլք: Ծրագիրն ակտիվորեն ընդլայնում է իր աշխարհագրությունը՝ 2024-2025թթ. անցկացվելով Շիրակի և Լոռու մարզերում, իսկ 2026 թվականի հունիսին RISE Powered by Silicon Mountains ձևաչափով հաջողությամբ մեկտեղելով գիտության, ճարտարագիտության, կիբեռանվտանգության և պաշտպանական արդյունաբերության ոլորտի հայկական ներուժը:
ՏՀՏ գործատուների միության մասին
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայումս միավորում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի ավելի քան 140 առաջատար ընկերությունների։ Միությունը հանդիսանում է ոլորտի կայուն զարգացմանը, կրթական բարեփոխումներին և նորարարության խթանմանն ուղղված ռազմավարական նախաձեռնությունների հեղինակ, որոնց թվում Silicon Mountains-ն արդեն 11-րդ անգամ հանդես է գալիս որպես տեղական և միջազգային էկոհամակարգերի կապող օղակ։






