Լայնամասշտաբ միջուկային պատերազմը կարող է ոչնչացնել ժամանակակից քաղաքակրթությունը, սակայն այն Երկիրը չի վերածի մեռյալ մոլորակի։ Կյանքը, ամենայն հավանականությամբ, պահպանվելու է, բայց կանցնի տեսակների թվաքանակի կտրուկ կրճատման և էկոհամակարգերի հետագա վերակառուցման միջով։ Միջուկային հակամարտությունից հետո հիմնական գործոնը կլինի ոչ միայն ճառագայթումը (ռադիացիան), այլև միջուկային ձմեռը՝ կտրուկ ցրտահարումը, որն առաջանում է մթնոլորտ հսկայական քանակությամբ մրուրի արտանետման հետևանքով։

Միջուկային պատերազմը աղետ կդառնա քաղաքակրթության, բայց ոչ ամբողջ կենսոլորտի համար

Կլիմայական մոդելները, որոնք մշակվել են ամերիկացի հետազոտողներ Ալան Ռոբոկի (Ռատգերսի համալսարան) և Օուեն Թունի (Կոլորադոյի համալսարան) կողմից, ցույց են տալիս, որ միջուկային պայթյունների հետևանքով առաջացած մասշտաբային հրդեհներից հետո մրուրի մասնիկները կարող են բարձրանալ ստրատոսֆերա և արգելափակել արևի լույսը։

Ամենաանբարենպաստ սցենարների դեպքում այս ազդեցությունը կարող է պահպանվել մի քանի տարուց մինչև 10–15 տարի։ Մոլորակի մակերևույթի աջերմաստիճանը կնվազի, ֆոտոսինթեզը կտրուկ կկրճատվի, գյուղատնտեսությունը գրեթե կկաթվածահարվի, իսկ ցամաքային բարդ էկոհամակարգերը կսկսեն քայքայվել։

Երկրի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամեծ աղետները չեն ոչնչացրել ամբողջ կյանքը։ Մասսայական բնաջնջումներից հետո, օրինակ՝ պերմյան (շուրջ 252 մլն տարի առաջ) կամ կավճային, որը հանգեցրեց դինոզավրերի անհետացմանը, կենսոլորտը վերականգնվել է արագ հարմարվելու ընդունակ օրգանիզմների շնորհիվ։

Բեռլինի տեխնիկական համալսարանի մոլորակագետ Դիրկ Շուլցե-Մակուխի կարծիքով, ով վերլուծել է գլոբալ միջուկային պատերազմից հետո վերապրելու հնարավոր սցենարները, ամենամեծ շանսերը կունենան ծայրահեղ  պայմանների նկատմամբ բարձր կայունություն ունեցող օրգանիզմները։

Կվերապրեն ոչ թե ամենաուժեղները, այլ ամենահարմարվողները

Վերապրելու հիմնական թեկնածուներից մեկը համարվում է Deinococcus radiodurans բակտերիան։ Այս միկրոօրգանիզմն ընդունակ է դիմանալու ճառագայթման այնպիսի դոզաների, որոնք հազարավոր անգամ գերազանցում են մարդու համար մահացու չափաբաժինը։ Վնասված ԴՆԹ-ն արագ վերականգնելու նրա ունակությունը դարձրել է նրան աշխարհում ամենաշատ ուսումնասիրվող էքստրեմոֆիլներից մեկը։

Պոտենցիալ վերապրողների ևս մեկ խումբ են սնկերը։ Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտում հայտնաբերվել են տեսակներ, որոնք ընդունակ են իոնացնող ճառագայթումն օգտագործել որպես էներգիայի լրացուցիչ աղբյուր։ Այսպես կոչված ռադիոտրոֆ սնկերը կարող են առավելություն ստանալ բարձր ռադիացիոն ֆոնի պայմաններում։

Կայուն խմբերի թվում նշվում են նաև միջատները, նեմատոդները (կլոր որդերը), դանդաղագնացները (տարդիգրադները) և ռոտատորիաները (պտտանները)։ Նրանց միավորում է փոքր չափսը, բազմացման արագ ցիկլը և անբարենպաստ պայմանները հաղթահարելու ունակությունը։

Առանձնահատուկ գիտնականներն առանձնացնում են խորջրյա էկոհամակարգերը։ Օվկիանոսների հատակին գտնվող հիդրոթերմալ աղբյուրների մոտ գտնվող օրգանիզմները գոյություն ունեն առանց արևի լույսի՝ օգտագործելով Երկրիներսում ընթացող քիմիական ռեակցիաների էներգիան, որի պատճառով միջուկային ձմեռը նրանց վրա ան համեմատ ավելի քիչ ազդեցություն կունենա։

Աղետից հետո առաջին տարիները․ պարզ օրգանիզմների աշխարհը

Միջուկային պատերազմից հետո առաջին տարիներին էկոհամակարգերը զգալիորեն ավելի պարզ կդառնան։ Սննդային բարդ շղթաներին փոխարինելու կգան բակտերիաների, սնկերի և քայքայող օրգանիզմների համայնքները։ Երբ մթնոլորտում մրուրի խտությունը սկսի նվազել, իսկ արևի լույսն աստիճանաբար վերադառնա, կսկսվի բուսականության վերականգնումը։ Ռոբոկի և Թունի մոդելների համաձայն՝ միջուկային ձմռան ամենածանր հետևանքները կարող են պահպանվել մոտ մեկ տասնամյակ, որից հետո կլիմայական պայմանները կսկսեն աստիճանաբար կայունանալ։

Առաջինը տարածքները կբնակեցնեն այսպես կոչված ռահվիրա (պիոներ) տեսակները՝ մամուռները, քարաքոսերը, խոտաբույսերը և այն բույսերը, որոնք ընդունակ են արագ տարածվել սերմերի և սպորների միջոցով։ Սակայն լիարժեք կենսաբազմազանության վերականգնումը շատ ավելի երկար ժամանակ կպահանջի։ Խոշոր կենդանիները և բարդ էկոհամակարգերը կվերականգնվեն դանդաղ, իսկ շատ տեսակներ կարող են ընդմիշտ անհետանալ։

Հարյուրավոր և հազարավոր տարիներ անց մոլորակի վրա կձևավորվեն նոր էկոհամակարգեր, սակայն դրանք այլևս նման չեն լինի ժամանակակիցներին։ Ազատված էկոլոգիական խորշերը (նիշաները) կզբաղեցնեն ավելի փոքր և արագ բազմացող օրգանիզմները։

Ինչպիսին կարող է դառնալ նոր աշխարհը

Էվոլյուցիան նման աղետից հետո ընթանալու է նույն սկզբունքներով, որոնք գիտնականները դիտարկել են այլ մասսայական բնաջնջումներից հետո․ առավելություն են ստանում այն տեսակները, որոնք ընդունակ են արագ բազմանալ, դիմանալ սթրեսին և օգտագործել սննդի տարբեր աղբյուրներ։ Հավանաբար, նոր աշխարհում կմեծանա միկրոօրգանիզմների և սնկերի դերը, իսկ փոքր կենդանիները ստանան ավելի շատ հնարավորություններ՝ զբաղեցնելու այն խորշերը, որոնք նախկինում պատկանում էին խոշոր տեսակներին։

Ընդ որում, ռադիացիայի բարձր մակարդակը չի նշանակում «գերօրգանիզմների» հայտնվել։ Ինչպես նշում է Շուլցե-Մակուխը, մուտացիաների մեծ մասը վնասակար են, և փոփոխությունների միայն փոքր մասը կարող է էվոլյուցիոն առավելություն տալ։

Գիտական կոնսենսուսը կայանում է նրանում, որ միջուկային պատերազմը առաջին հերթին աղետ կդառնա մարդկային քաղաքակրթության համար։ Երկրագնդի կենսոլորտը արդեն ապրել է ժամանակաշրջաններ, երբ անհետանում էր գոյություն ունեցող տեսակների մեծ մասը, և ամեն անգամ կյանքը գտնում էր զարգացման նոր ուղիներ։ Բայց նման ճգնաժամից հետո վերականգնումը չափվելու է ոչ թե տարիներով, այլ հազարամյակներով։

Եթե մարդկությունը անհետանա, Երկիրը կշարունակի գոյություն ունենալ։ Սակայն մոլորակի պատմության հաջորդ փուլը կարող է պատկանել ոչ թե ամենաբանական էակներին, այլ նրանց, ովքեր լավագույնս հարմարեցված են ծայրահեղ պայմաններում կյանքին։