Աստղագետների միջազգային խումբը՝ Սիդնեյի համալսարանից Քովի Ռոուզի գլխավորությամբ, բացահայտել է վերջին տարիների ամենաարտասովոր տիեզերական ազդանշաններից մեկի՝ երկարապարբերական ռադիոտրանզիենտների բնույթը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Astronomy ամսագրում:

Խորհրդավորություն, որը տևեց մի քանի տարի

Առաջին անգամ նման օբյեկտները ուշադրություն գրավեցին 2022 թվականին, երբ հայտնաբերվեց մի աղբյուր, որը հզոր ռադիոբռնկումներ էր արձակում յուրաքանչյուր 18 րոպեն մեկ: Նման վարքագիծը չէր համապատասխանում աստղագիտական օբյեկտների հայտնի դասերից ոչ մեկին: Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել էին մի քանի նմանատիպ աղբյուրներ, սակայն դրանց ծագումը մնում էր հանելուկ:

Բացահայտման բանալին դարձավ ASKAP J1745-5051 օբյեկտը: Այն ռադիոբռնկումներ է արձակում յուրաքանչյուր 81 րոպեն մեկ: Նույն ռիթմով գրանցվել են նաև ռենտգենյան բռնկումներ՝ NASA-ի Swift և Einstein Probe տիեզերական աստղադիտարանների օգնությամբ:

Ինչ են հայտնաբերել գիտնականները

Դիտարկումները ցույց են տվել, որ աղբյուրն իրենից ներկայացնում է սերտ կրկնակի աստղային համակարգ՝ կազմված սպիտակ թզուկից և կարմիր թզուկից:

Սպիտակ թզուկն օժտված է հզոր մագնիսական դաշտով և աստիճանաբար ձգում (կլանում) է ընկերակից աստղի նյութը: Սպիտակ թզուկի մակերևույթի վրա ընկնելիս նյութը տաքանում է մինչև միլիոնավոր աստիճաններ, ինչն էլ առաջացնում է ռենտգենյան ճառագայթում: Ռադիոբռնկումները, հեղինակների կարծիքով, առաջանում են երկու աստղերի հզոր մագնիսական դաշտերի փոխազդեցության և լիցքավորված մասնիկների արագացման պատճառով:

«Մենք առաջին անգամ ենք դիտարկում մի համակարգ, որտեղ միաժամանակ երևում են և՛ երկու աստղերը, և՛ նյութի ակրեցիայի (կլանման) բուն գործընթացը»,— նշել է աշխատանքի համահեղինակ, Սիդնեյի համալսարանի և OzGrav հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ Տարա Մերֆին:

Բացահայտման նշանակությունը

ASKAP J1745-5051-ը միավորում է այնպիսի հատկանիշներ, որոնք նախկինում առանձին-առանձին դիտվել էին տարբեր երկարապարբերական ռադիոտրանզիենտների մոտ՝ պարբերական ռադիոբռնկումներ, ռենտգենյան ճառագայթում, հզոր մագնիսական դաշտեր և նյութի արտահոսքի գործընթաց:

Չնայած ոչ բոլոր նման օբյեկտներն ունեն պարտադիր նույնատիպ բնույթ, նոր բացահայտումը ցույց է տալիս, որ խորհրդավոր ազդանշանների զգալի մասը կարող է գալ սպիտակ թզուկներ ունեցող հազվագյուտ մագնիսական կրկնակի համակարգերից:

«Մենք միայն սկսում ենք հասկանալ տիեզերական երևույթների այս նոր դասը»,— ընդգծել է Քովի Ռոուզը:

Կարճ ասած

Աստղագետներն առաջին անգամ պարզել են երկարապարբերական ռադիոտրանզիենտների բնույթը: Նման օբյեկտներից մեկը պարզվել է կրկնակի համակարգ է, որտեղ սպիտակ թզուկն ակտիվորեն կլանում է կարմիր թզուկի նյութը: Ռադիո- և ռենտգենյան բռնկումները տեղի են ունենում յուրաքանչյուր 81 րոպեն մեկ: Բացահայտումն օգնում է բացատրել վերջին տարիներին ֆիքսված խորհրդավոր պարբերական ազդանշանները և մատնանշում է տիեզերական օբյեկտների նոր դաս: