Արհեստական բանականության, կրիտիկական օգտակար հանածոների և մատակարարման նոր շղթաների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին էներգիայի հարցը մղվում է առաջին պլան։ Առանց կայուն էներգետիկայի հնարավոր չեն ո՛չ տվյալների կենտրոնները, ո՛չ ռեսուրսների արդյունահանումը, ո՛չ էլ բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկումը։
Ելույթ ունենալով «Yerevan Dialogue 2026»-ի շրջանակներում անցկացվող «Կրիտիկական օգտակար հանածոներ, կիսահաղորդիչներ և Հարավային Կովկասը որպես ներդրումային ֆրոնտիր» թեմայով պանելային քննարկման ժամանակ՝ Ռազմավարական խորհրդատվական խորհրդի նախագահ և ամերիկյան «Nano Nuclear Energy» ընկերության գլոբալ կառավարական կապերի գծով գործադիր տնօրեն Ջոն Վոնգլիսը պատմել է, թե էներգետիկայի որ մոդելն է համարում կենսունակ Հայաստանի համար, և ինչու հենց միկրոռեակտորները կարող են դառնալ այդ համակարգի առանցքային տարրը։
Էներգիա առանց պատրանքների. էներգետիկ միքս
Առաջին հարցը, որն ընդգծում է Վոնգլիսը՝ էներգիայի մեկ «իդեալական» աղբյուր գոյություն չունի։ Նրա խոսքով՝ միակ աշխատող մոդելը էներգետիկ միքսն է (խառնուրդը)։ «Դուք օգտագործում եք ամեն ինչ՝ ատոմային էներգիա, գազ, վերականգնվող աղբյուրներ, հիդրոէներգետիկա՝ այն ամենը, ինչ հասանելի է առաջ շարժվելու համար», - բացատրում է նա։
Անցումը նոր էներգետիկային չի կարող լինել ակնթարթային։ Դա աստիճանական, մեթոդական գործընթաց է, որը ներառում է ցանցերի արդիականացում և ենթակառուցվածքների հարմարեցում աճող ծանրաբեռնվածությանը։ Իսկ ծանրաբեռնվածությունը, ըստ նրա, միայն աճելու է. ԱԲ ենթակառուցվածքները, հանքանյութերի արդյունահանումն ու վերամշակումը, բաղադրիչների արտադրությունը՝ այս ամենը չափազանց էներգատար գործընթացներ են։
Առանցքային խնդիրը ոչ միայն գեներացիան է, այլև բուն ցանցը։ Նույնիսկ զարգացած երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, բախվում են ենթակառուցվածքային սահմանափակումների։ Հայաստանի նման երկրների համար խնդիրն ավելի բարդ է. անհրաժեշտ է միաժամանակ զարգացնել էներգետիկան և միացնել նոր արդյունաբերական ճյուղեր։ Հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը՝ ինչպե՞ս ապահովել կայուն էներգիա այնտեղ, որտեղ ցանցը չի բավարարում կամ պարզապես բացակայում է։
Միկրոռեակտորներ. էներգիան որպես կոնստրուկտոր
Պատասխանը, ըստ Վոնգլիսի, կարող են լինել միկրոռեակտորները՝ միջուկային կայանքների նոր կատեգորիան։ Ի տարբերություն խոշոր ԱԷԿ-ների կամ նույնիսկ փոքր մոդուլային ռեակտորների, դրանք ունեն մի շարք առավելություններ՝ ինքնավարություն (ցանցին միանալու պարտադիր պահանջ չկա), մասշտաբայնություն (կարելի է հզորություններն ավելացնել ըստ անհրաժեշտության), հուսալիություն և անվտանգություն, ինչպես նաև հեռավոր շրջաններում տեղակայման հնարավորություն։
«Մենք սիրում ենք դրանք համեմատել Lego-ի հետ. եթե ձեզ ավելի շատ էներգիա է պետք, պարզապես ավելացնում եք ևս մեկ բլոկ», - ասում է նա։ Նման մոդելը հատկապես կարևոր է հանքարդյունաբերական շրջանների կամ նոր արդյունաբերական հարթակների համար, որտեղ չկա զարգացած ենթակառուցվածք։ Բացի այդ, միկրոռեակտորները կարող են փոխարինել դիզելային գեներացիան, որն ավելի թանկ է և էկոլոգիապես վնասարար
Վոնգլիսը հավելել է, որ միջուկային էներգիան մինչ օրս թերագնահատված է։ Ըստ նրա՝ սա ամենամաքուր և կայուն էներգիայի աղբյուրներից մեկն է։ Հենց միջուկային էներգետիկան կարող է հիմք դառնալ նոր ոլորտների զարգացման համար՝ ԱԲ-ից մինչև հազվագյուտ տարրերի վերամշակում։ «Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կկարողանա հասնել այն կետին, որտեղ կդառնա արևմտյան մատակարարման շղթայի մաս՝ առաջադեմ միջուկային էներգիայի կամ էներգետիկ վառելիքների և բաղադրիչների համար», - նշել է նա։
Հայաստանը որպես էներգետիկ շղթայի մաս
Ավելի լայն համատեքստում Վոնգլիսը Հայաստանը դիտարկում է ոչ թե պարզապես որպես էներգիա սպառող, այլ որպես գլոբալ շղթայի պոտենցիալ տարր։ Խոսքը հետևյալ կապի մասին է՝ էներգիա - հանքանյութերի արդյունահանում - վերամշակում - բարձր տեխնոլոգիական արտադրություն։ Եվ այստեղ առանցքային դեր են խաղում գործընկերությունները՝ տեխնոլոգիական հսկաներից (ինչպիսին է Nvidia-ն) մինչև ենթակառուցվածքային նախագծեր (ինչպիսին է Firebird-ը)։
Վոնգլիսի խոսքով՝ կրիտիկական օգտակար հանածոներն այսօր ազգային անվտանգության հարց են։ Այս համատեքստում Հայաստանը պետք է հանդես գա որպես կամուրջ՝ էներգետիկ անվտանգության ապահովման և հանքանյութերի ու հազվագյուտ տարրերի մատակարարման դիվերսիֆիկացման համար՝ «շրջանցելով մրցակիցներին և անբարեխիղճ խաղացողներին»։
Միջուկային համաձայնագրեր՝ ազդակ շուկային
Վոնգլիսն առանձնացնում է երկու առանցքային իրադարձություն, որոնք ձևավորում են տարածաշրջանի նոր իրականությունը՝ TRIPP-ը և միջուկային ոլորտում համագործակցության մասին «123» ձևաչափի համաձայնագիրը։ Վերջինս հնարավորություններ է բացում տեխնոլոգիաների փոխանցման և ատոմային էներգետիկայի մեջ ներդրումների համար։ Պոտենցիալ ֆինանսավորման ընդհանուր ծավալը, նրա գնահատմամբ, կարող է հասնել գրեթե 10 միլիարդ դոլարի։ Սա ներդրողների համար կայունության հզոր ազդակ է։
«Ստորագրված «123» համաձայնագիրը հնարավորություններ է բացում միջուկային տեխնոլոգիաների առևտրային կիրառման, դրանց փոխանցման և ուղեկցող ողջ աջակցության համար։ Սա զգալի գումար է... Ընդհանուր առմամբ, մենք խոսում ենք գրեթե տասը միլիարդ դոլարի մասին գործողության ողջ ժամկետի համար։ Սա շատ դրական ազդակ է տարածաշրջանում կայունության տեսանկյունից», - նշել է նա։






