Հայաստանը գտնվում է նոր բարձր տեխնոլոգիական ռազմավարության մշակման եզրափակիչ փուլում։ Այս մասին հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով «Yerevan Dialogue 2026»-ի շրջանակներում անցկացվող «Կրիտիկական օգտակար հանածոներ, կիսահաղորդիչներ և Հարավային Կովկասը որպես ներդրումային ֆրոնտիր» թեմայով պանելային քննարկմանը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը պատրաստ կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում և նոր ուղղություն կհաղորդի երկրի տնտեսական զարգացմանը։ Առանցքային շեշտադրումը հումքային մոդելից հրաժարվելն է։ «Այսօր արժեքը ոչ թե հենց օգտակար հանածոների մեջ է, այլ դրանց կիրառման տեխնոլոգիաների և վերջնական արտադրանքի», — ընդգծել է Սիմոնյանը։

Ոչ թե ռեսուրսներ, այլ ավելացված արժեք 

Ունենալով ռեսուրսային բազա՝ Հայաստանը մտադիր չէ սահմանափակվել հումք մատակարարողի դերով։ Փոխնախարարի խոսքով՝ ժամանակակից տնտեսությունը կառուցվում է ռեսուրսների վերամշակման և տեխնոլոգիական օգտագործման շուրջ։ Նա բերել է էլեկտրամոբիլների օրինակը. դրանց արժեքի մինչև 30%-ը բաժին է ընկնում մարտկոցներին, որոնց հիմքում կրիտիկական օգտակար հանածոներն են, առաջին հերթին՝ լիթիումը։ Հենց մարտկոցների նոր նյութերի շուրջ է այսօր ծավալվում գլոբալ մրցակցությունը։ 

Նույն տրամաբանությունը, ըստ նրա, կիրառելի է նաև այլ բաղադրիչների համար՝ ինվերտորներից մինչև կիսահաղորդիչներ։ «Նույնիսկ եթե ցանկանում եք պատրաստել ավելի էժան և որակյալ արտադրանք, դուք անխուսափելիորեն գալիս եք հանքանյութերի թեմային, բայց արդեն տեխնոլոգիաների համատեքստում», — նշել է նա։

Հայաստանը՝ տեխնոլոգիական խաչմերուկ 

Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Սիմոնյանը, «հանքանյութեր + տեխնոլոգիաներ» կապը չի նշանակում պարզապես էժան արտադրության զարգացում։ Խոսքը նոր արտադրանքների և լուծումների ստեղծման մասին է, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ կամ որպես տեխնոլոգիաների աղբյուր, կամ որպես մասնագիտացված նյութերի մատակարար։ «Կան բազմաթիվ ուղղություններ, որտեղ մենք պահպանում ենք ուժեղ դիրքեր», — նշել է նա։ Ընդհանուր առմամբ, երկրի ռազմավարությունը ձևակերպվում է որպես Հայաստանի վերածում «deep tech խաչմերուկի»՝ մի կետի, որտեղ միավորվում են ռեսուրսները, տեխնոլոգիաները և նորարարությունները։ Սա ենթադրում է ոչ միայն արդյունաբերության, այլև գիտության, ստարտափ էկոհամակարգի և միջազգային համագործակցության զարգացում։

Ռազմավարություն. deep tech՝ աութսորսինգի փոխարեն 

Հայաստանի գլխավոր նպատակը ՏՏ ծառայությունների աութսորսինգ իրականացնող երկրից բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող երկրի վերափոխվելն է։ Սիմոնյանը սա բնորոշել է որպես անցում deep tech մոդելին՝ տնտեսություն, որը հիմնված է բարդ ինժեներական և գիտական լուծումների վրա։ Ընդ որում, խոսքը գլոբալ արդյունաբերական հսկաների հետ մրցակցելու մասին չէ։ 

«Մենք չենք պատրաստվում մրցել զանգվածային արտադրության ոլորտում։ Հայաստանն ունի ամուր դիրքեր խորշայինսեգմենտներում», — նշել է նա։ Այդպիսի ուղղություններից մեկը մասնակցությունն է կիսահաղորդիչների համաշխարհային շղթային։

Սահմանափակումը որպես ռազմավարություն. ինչու Հայաստանը գործարաններ չի կառուցում 

Չնայած կիսահաղորդչային էկոհամակարգի ակտիվ զարգացմանը՝ Հայաստանը խաղադրույք չի կատարում չիպերի սեփական արտադրության վրա։ Երկրում ներկայացված են խոշորագույն միջազգային ընկերություններ՝ Synopsys, AMD, Microchip Technology, Cisco, National Instruments, սակայն դրանց մեծ մասն աշխատում է fabless (առանց սեփական գործարանի) մոդելով՝ կենտրոնանալով դիզայնի և հետազոտությունների վրա։ Արտադրությունն այս դեպքում փոխանցվում է այնպիսի հսկաների, ինչպիսիք են TSMC-ն և GlobalFoundries-ը։ Պատճառը ոչ միայն գործարանների ստեղծման բարձր արժեքն ու բարդությունն է, այլ նաև ճկունությունը պահպանելու անհրաժեշտությունը։