Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման բաժնի ղեկավար Վառլամ Էբանոիձեն, ելույթ ունենալով Doing Digital Forum 2026-ի շրջանակներում, պատմել է բաց ֆինանսների համակարգի ներդրման հեռանկարների մասին:
Նրա խոսքով՝ բաց ֆինանսների համակարգը կարող է էապես պարզեցնել գործարքները Հայաստանի և Վրաստանի միջև, արագացնել վերջնահաշվարկները և նվազեցնել դրանց արժեքը: «Ապրանքները Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի առաքել մեկ օրում, մինչդեռ ներկայիս ենթակառուցվածքների պայմաններում վճարումը կարող է տևել երեքից հինգ օր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Սա նշանակում է, որ գործընթացը օպտիմալացված չէ», — նշել է նա:
Էբանոիձեն ընդգծել է, որ բաց ֆինանսները թույլ կտան երկու երկրների ընկերություններին հաշիվներ բացել առանց KYC-փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության, համակարգերի միջև «կամուրջ» ստեղծելու պարագայում: Կարևոր քեյս են նաև QR կոդերով ստանդարտացված վճարումները, որոնք կարող են պարզեցնել հաշվարկները զբոսաշրջության ոլորտում և դարձնել դրանք ավելի էժան. «Վճարումը կկատարվի որպես տեղական, ինչը զգալիորեն նվազեցնում է ծախսերը»:
Ըստ նրա՝ նման նախաձեռնությունները հիպոթետիկորեն կարող են իրականացվել մի քանի ամսվա ընթացքում։ «Մենք արդեն իսկ լավ համագործակցություն ունենք Հայաստանի Կենտրոնական բանկի հետ, քննարկում ենք QR կոդերի փոխգործելիությունը և ակնկալում ենք անցնել կոնկրետ լուծումների», — հայտնել է նա:
Էբանոիձեն նաև նշել է ժամանակակից տեխնոլոգիաների, ինչպիսիք են API-ն և տոկենացումը, ներդրման կարևորությունը տարածաշրջանային տնտեսության մրցունակության համար: «Սա բարդ, բայց շատ լուրջ փոփոխություն է, որը լրացուցիչ առավելություններ կստեղծի երկրների միջև առևտրի և «Միջին միջանցքի» ավելի լայն համատեքստում», — պարզաբանել է նա:
Փորձագետն ընդգծել է Doing Digital-ի նման ֆորումների կարևորությունը տարածաշրջանային փոփոխությունների խթանման գործում: Նրա խոսքով՝ տեխնիկական փոխգործելիությունը խնդրի միայն կեսն է, կարևոր է նաև կարգավորող երկխոսությունը և գործնական փորձի փոխանակումը մասնավոր հատվածի ու պետական մարմինների միջև: «Հենց այստեղ են քննարկվում կոնկրետ քեյսերը, փոխգործելիության և ստանդարտացման հարցերը, ինչը չափազանց կարևոր է տարածաշրջանային տնտեսության ապագայի համար», — ասել է նա:






