ԱՄՆ ֆոնդային շուկան շաբաթը փակել է կտրուկ աճով․ S&P 500-ն աճել է 3.73%–ով, Nasdaq-ը՝ 4.91%ով, իսկ Dow Jones-ը՝ 3.18%-ով։ Նոյեմբեր ամսվա կտրվածքով S&P 500-ն ու Dow Jones-ը գրանցել են փոքր աճ, մինչդեռ Nasdaq-ը նվազել է մոտ 1.5%–ով։ Շաբաթվա աճը պայմանավորված էր սպասումներով, որ Դաշնային պահուստային համակարգը դեկտեմբերին կարող է նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն Nasdaq-ի ամսական անկումը ցույց է տալիս, որ ներդրողները դեռ մտահոգություններ ունեն՝ կապված խոշոր տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտի ընկերությունների գերարժեվորված լինելու հետ։
Եվրոպական շուկաները նույնպես շաբաթական եւ ամսական կտրվածքներով բարձր ցուցանիշներ են գրանցել․ համաեվրոպական STOXX 600 ինդեքսն անցած շաբաթը փակել է 4.5% աճով, նոյեմբերը՝ թեթև աճով։ Շաբաթական աճին նպաստող հանգամանքը նույնն է՝ դեկտեմբերին ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ակնկալիքները։
Համաշխարհային բաժնետոմսային ֆոնդերը գրանցել են առաջին արտահոսքը վերջին տասը շաբաթների ընթացքում․ ներդրողները դուրս են բերել 4.48 միլիարդ դոլար՝ գերարժևորված տեխնոլոգիական ընկերությունների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Պարտատոմսային ֆոնդեր ներհոսքը կտրուկ դանդաղել է՝ հասնելով վերջին 22 շաբաթվա նվազագույնին։ Դրամային ֆոնդերն ունեցել են 2.54 միլիարդ դոլարի ներհոսք, քանի որ ներդրողները դարձյալ սկսել են գործել ավելի զգուշավոր։ Ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը մնացել են կայունարդեն յոթերորդ շաբաթն անընդմեջ եւ ներգրավել են մոտ 1.66 միլիարդ դոլար, քանի որ ներդրողները շարունակում են փնտրել առավել անվտանգ ակտիվներ։
Alphabet-ի բաժնետոմսերը շաբաթվա սկզբին նախաբորսայական առեւտրի ընթացքում աճել են 4.1%-ով՝ ընկերությանը մոտեցնելով գրեթե 4 տրիլիոն դոլար շուկայական արժեքին։ Google-ի մայր ընկերությունն այս տարի նկատելի աճ է գրանցել. ներդրողներին վստահություն է ներշնչում ընկերության կենտրոնացումը արհեստական բանականության վրա, որով այն միանում է այս ոլորտում առաջատար լինելու համար այլ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների պայքարին։
Պաշտպանության ոլորտի եվրոպական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները մեծացրել են պատերազմի ավարտի հույսերը։ Օդատիեզերական և պաշտպանական ոլորտի ընկերությունների ինդեքսը երկուշաբթի օրը նվազել է 2%-ով՝ հասնելով ավելի քան չորս ամսվա նվազագույն մակարդակին, իսկ ուրբաթ օրը գրանցված 3.4% անկումից հետո այս ոլորտը գրանցել է իր ամենամեծ շաբաթական կորուստը մարտից ի վեր։
Reuters-ի հարցումը վերլուծաբանների շրջանում ցույց է տվել, որ կանխատեսումների համաձայն՝ աշխարհի հիմնական ֆոնդային ինդեքսների մեծ մասը 2026 թվականի ավարտին աճ կգրանցի, սակայն այն, ամենայն հավանականությամբ, ավելի համեստ կլինի, քան այս տարվա ընթացքում գրանցված աճի ուժեղ ալիքը։ Վերլուծաբանների կեսից ավելին սպասում է շուկայի շտկում առաջիկա ամիսներին։ ԱԲ ընկերությունների գերագնահատված լինելու մտահոգությունները դեռ պահպանում են, ինչն էլ վերլուծաբաններին հիմք է տվել ենթադրելու, որ եվրոպական շուկաները, որոնք այնքան կախված չեն մի քանի հսկայական տեխնոլոգիական ընկերություններից, ինչպես ԱՄՆ շուկան է, կարող են ցուցադրել ավելի լավ արդյունքներ։
J.P. Morgan-ը կանխատեսում է, որ S&P 500 ինդեքսը, որն այս տարի աճել է շուրջ 14%-ով, մինչև 2026-ի վերջը կբարձրանա ևս 11.7%-ով եւ կհասնի 7,500-ի։ Այս կանխատեսումը բանկը հիմնավորում է ԱՄՆ ուժեղ տնտեսությամբ եւ արհեստական բանականությամբ պայմանավորված ներդրումային «սուպեր ցիկլով»։ Բանկն ակնկալում է, որ հաջորդ տարի Դաշնային պահուստային համակարգը կիրականացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքի ևս երկու նվազեցում, տնտեսությունը կշարունակի կայուն աճել, իսկ S&P 500-ի շահույթները 2026 և 2027 թվականներին կբարձրանան 13–15%-ով։ J.P. Morgan-ի մասնագետները լիովին արդարացված են համարում ԱԲ ոլորտի ընկերությունների բարձր գները։
Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է պահեստների ավտոմատացման և ԱԲ լոգիստիկ համակարգերի ոլորտում գործող Symbotic Inc.–ը։ Ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 56.17%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $83.77)։ Հաջորդը բարձր տվյալների արագ փոխանցման լուծումներ մշակող Credo Technology Group Holding Ltd–ն է՝ 33.04% աճով ($177.60)։ Եռյակը եզրափակում է բլոկչեյն տեխնոլոգիաներով զբաղվող Bitmine Immersion Technologies, Inc.–ը՝ 27.39% աճով ($33.12)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ամպային ենթակառուցվածքների և վիրտուալիզացիայի ծրագրային ապահովման մատակարար Nutanix, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 17.04%–ով ($47.80)։ Հաջորդը ոչ սեզոնային հագուստի խանութների մեծ ցանց Burlington Stores, Inc.–ն է՝ 14.93% անկումով ($252.23)։ Եռյակը եզրափակում է կիբերանվտանգության ոլորտի առաջատար Zscaler, Inc.–ը՝ 8.55% անկումով ($251.50)։
Ոսկու գինն անցած շաբաթվա ընթացքում հասել է երկշաբաթյա առավելագույնին, ապա հինգշաբթի օրը նվազել 0.2%-ով։ Ոսկու գինը շարունակում է մնալ մեկ ունցիայի դիմաց 4,000 դոլարից զգալիորեն բարձր՝ ԱՄՆ տնտեսության սպասվող դանդաղ աճի, ավելի թույլ դոլարի, «ապաստանային» ակտիվների նկատմամբ պահանջարկի և կենտրոնական բանկերի մեծածավալգնումների շնորհիվ։ Շուկաներն այժմ դեկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման 85% հավանականություն են տեսնում, ինչը կտրուկ աճ է՝ նախորդ շաբաթվա 30%–ի համեմատ։
ԱՄՆ-ում շաբաթական գործազրկության նպաստի դիմումների թիվը նվազել է մինչև 216,000՝ վերջին յոթ ամիսների նվազագույն մակարդակը, ինչը ցույց է տալիս, որ աշխատատեղերի կրճատումները շարունակում են շատ ցածր մնալ, նույնիսկ այն դեպքում, երբ աշխատաշուկան դանդաղ թուլանում է։ Տնտեսագետների խոսքով՝ այս տվյալները չեն նպաստում Դաշնային պահուստային համակարգի կողմից դեկտեմբերին տոկոսադրույքները նվազեցնելու կանխատեսումներին, քանի որ ԴՊՀ–ին դա անելու համար աշխատաշուկայի թուլացման ավելի հստակ ազդակներ են հարկավոր։ Միևնույն ժամանակ, ընկերություններն ավելի են մեծացնում կապիտալ ծախսերը վրա․ սարքավորումների պատվերները սեպտեմբերին աճել են 0.9%-ով, ինչին նպաստել են ԱԲ-տեխնոլոգիաների վրա կատարվող խոշոր ներդրումները։
2025 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. նոյեմբերի 30–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 18.6 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 92.9004 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.5790 տոկոս:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





