Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Intel Corporation–ը։ Չիպերի արտադրությամբ զբաղվող տեխնոլոգիական հսկայի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 20.01%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $35.50)։ Հաջորդը թեստավորման և ավտոմատացման սարքավորումներ արտադրող Teradyne, Inc.–ն է՝ 12.90% աճով ($135.31)։ Եռյակը եզրափակում է լեզվի ուսուցման հարթակ Duolingo, Inc.–ը՝ 12.20% աճով ($326.39)։
Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է պղնձի արդյունահանմամբ զբաղվող Freeport-McMoRan Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 20.45%–ով ($35.75)։ Հաջորդը չիպերի կապերի և ինտերֆեյսի լուծումներ արտադրող Astera Labs, Inc.–ն է՝ 19.34% անկումով ($197.78)։ Եռյակը եզրափակում է փոքր ռեակտորներով ատոմակայանների նախագծմամբ զբաղվող NuScale Power Corporation–ը՝ 18.75% անկումով ($38.00)։
ԱՄՆ ֆոնդային շուկաներն անցած ուրբաթ օրը փակվեցին աճով, քանի որ հրապարակված գնաճի տվյալները կանխատեսվածի սահմաններում էին։ Այդուհանդերձ, շաբաթվա արդյունքներով երեք հիմնական ինդեքսները անկում արձանագրեցին՝ Dow Jones-ը՝ 0.2%-ով, S&P 500-ը՝ 0.3%-ով, իսկ Nasdaq-ը՝ 0.7%-ով։ Այսպիսով մի քանի շաբաթ շարունակվող աճի միտումը դադարեց։ Պատճառը, ըստ վերլուծաբանների, նախագահ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերն էին ու ԱՄՆ կառավարության հնարավոր «shutdown»-ի շուրջ մտահոգությունները։
BMO Capital Markets-ը բարձրացրել է S&P 500-ի` 2025 թվականի տարեվերջյան թիրախային մակարդակը՝ 6,700-ից հասցնելով 7,000–ի։ Ֆինանսական կազմակերպությունը որպես այս որոշման հիմք մատնանշել է ֆոնդային բորսայի հիմնական շարժիչ ուժի՝ արհեստական բանականության կայուն զարգացումը։ Կազմակերպության վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան բաժնետոմսերը ինտենսիվ աճ են գրանցում և կարող են թեւակոխել այսպես կոչված «ոսկե միջին» փուլ, ինչպիսին եղել է 1990-ականների կեսերին։
Համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերն վերջին երեք շաբաթվա ընթացքում առաջին անգամ գրանցել են ներհոսք՝ պայմանավորված արհեստական բանականության նկատմամբ լավատեսությամբ և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման սպասումներով։ Սեպտեմբերի 24-ին ավարտված շաբաթվա ընթացքում բաժնետոմսերի ֆոնդերում ներդրվել է 28.36 միլիարդ դոլար։ Պարտատոմսերի ֆոնդերը գրանցել են 2022 թվականից ի վեր ամենամեծ շաբաթական ներհոսքը՝ 22.96 միլիարդ դոլարի չափով։ Ոսկու և թանկարժեք մետաղների ֆոնդերը գրանցել են ամենամեծ շաբաթական ներհոսքը սեպտեմբերի սկզբից ի վեր՝ 5.05 միլիարդ դոլար։ Մինչդեռ դրամական ֆոնդերից շարունակվել է արտահոսքը երկրորդ շաբաթն անընդմեջ։
ԱՄՆ-ի բժշկական տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են արձանագրել այն բանից հետո, երբ Առեւտրի դեպարտամենտը հետաքննություն է սկսել բժշկական սարքերի ներմուծումների վերաբերյալ, ինչը մաքսատուրքերի հնարավոր բարձրացման մտահոգություններ է առաջացրել։ Խոշոր ընկերությունները, ինչպիսիք են GE HealthCare-ը, Becton Dickinson-ը, Stryker-ը, Intuitive Surgical-ը և ResMed-ը, նվազել են 4%–11%-ով։
Սեպտեմբերի 24–ին Lithium Americas-ի բաժնետոմսերը նախաշուկայական առևտրի ընթացքում աճել են ավելի քան 70%-ով այն տեղեկություններից հետո, որ Թրամփի վարչակազմը փորձում է ստանալ ընկերությունում մինչև 10% բաժնետոմսային մասնակցություն։ Այս որոշումը բխում է ՝ ԱՄՆ-ի կարևոր հանքանյութերի արտադրությունը ամրապնդելու և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու ռազմավարությունից։ Այս տեղեկության ֆոնին աճել են նաև լիթիումի այլ հանքարդյունաբերողների բաժնետոմսերը։
Nvidia-ն հայտարարել է, որ պատրաստվում է ներդնել մինչև 100 միլիարդ դոլար OpenAI-ում՝ ԱԲ մոդելին ապահովելով տվյալների կենտրոնների առաջատար չիպերով եւ ստեղծելով հզոր գործընկերություն երկու առաջատար ըներությունների միջև արհեստական բանականության ոլորտում։ Այս գործարքը Nvidia-ին կտա մասնակցություն OpenAI-ում՝ քվեարկության իրավունք չունեցող բաժնետոմսերի միջոցով, իսկ OpenAI-ը կստանա ֆինանսավորում և հասանելիություն Nvidia-ի տեխնոլոգիաներին, ինչը կօգնի նրան պահպանել առաջատարի դիրքը ԱԲ ոլորտում։ Այս տեղեկությունից հետո Nvidia-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 4%-ով:
Օգոստոսին ԱՄՆ-ում սպառողական ծախսերը աճել են 0.6%-ով՝ մի փոքր գերազանցելով սպասումները, ինչը ցույց է տալիս, որ չնայած աշխատաշուկայի թուլացմանը, ԱՄՆ տնտեսությունը շարունակում է կայուն մնալ։ Մարդիկ ավելի շատ են ծախսել ծառայությունների վրա՝ ներառյալ ճանապարհորդություններ, ռեստորաններ, առողջապահություն, ժամանց, ապրանքների գնումները նույնպես աճել են։
ԱՄՆ-ի տնտեսությունը երկրորդ եռամսյակում 3.8% տարեկան աճ է արձանագրել՝ ամենամեծ աճը գրեթե երկու տարվա ընթացքում։ Սա տեղի է ունեցել հիմնականում սպառողական ծախսերի և բիզնես ներդրումների բարձր աճի շնորհիվ։ Չնայած երկրորդ եռամսյակի բարձր աճին՝ տնտեսագետները կանխատեսում են ՀՆԱ-ի ավելի դանդաղ աճ 2025 թվականի երկրորդ կեսին՝ առևտրային քաղաքականության անորոշության եւ աշխատաշուկայի խնդիրների պատճառով։
Վերլուծաբանները ֆինանսական շուկաների համար մտահոգիչ են համարում ԱՄՆ կառավարության հնարավոր մասնակի «shutdown»-ը, կամ փակումը, որը կարող է սկսել հաջորդ շաբաթ, եթե դեմոկրատները և հանրապետականները համաձայնության չգան կառավարության ֆինանսավորման օրենքի շուրջ։ Եթե օրինագիծը չընդունվի, սա կհանգեցնի բազմաթիվ դաշնային գործակալությունների փակվելուն, կամ լայնածավալ կրճատումների, ինչի հետեւանքով կհետաձգվեն կարևոր տնտեսական հաշվետվությունների հրապարակումները, օրինակ՝ աշխատաշուկայի և գնաճի վերաբերյալ։
Այդպիսի տեղեկատվության բացակայության պարագայում Դաշնային պահուստային համակարգը, չունենալով կողմոնորոշիչ տվյալներ իր հետագա գործողությունների համար, հնարավոր է՝ հետաձգի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ծրագրերը։ Մյուս կողմից շուկայի վերահսկողությունը գործակալությունների կողմից կարող է դանդաղել, ինչը կուշացնի ընկերությունների կողմից հաշվետվությունների ներկայացումը։ Եթե «shutdown»-ը երկարատև լինի, այն կարող է խորացնել շուկայի անկայունությունը և հարցականի տակ դնել տնտեսական կայունությունը։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





