Amazon ընկերությունն ամերիկյան երկու քաղաքներում սկսել է պատվերները հաճախորդներին առաքել դրոնների միջոցով։ Ինչպես հայտնում է Ars Technica կայքը, Amazon Prime Air առաքման ծառայությունը սկսել է գործել Կալիֆոռնիայի Լոքֆորդ քաղաքում և Տեխասի Քոլեջ Սթեյշն քաղաքում:
Ծառայությունն իր հաճախորդներին առաջարկում է մինչև 2,3 կգ քաշով պատվերների առաքում անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ընկերության տվյալներով՝ առաքվող փաթեթների մինչև 85%-ն ընկնում են հենց այս կատեգորիայի տակ։
Առաքումը տևում է մեկ ժամ
Անօդաչու թռչող սարքերով ապրանքների առաքման կոմերցիոն նախագիծ սկսելու համար Amazon-ը ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) թույլտվություն ստացել էր այս տարվա օգոստոսին։
Կալիֆորնիայի և Տեխասի նշված քաղաքների բնակիչներն այժմ կարող են գրանցվել Amazon Prime Air-ում և Amazon-ից գնված իրերը ստանալ անօդաչու թռչող սարքով։ Պատվերը հաստատելուց հետո գնորդին կտեղեկացվի առաքման ժամանակի մասին, բացի դրանից՝ հաճախորդը կարող է օնլայն հետևել առաքման ընթացքին։ Առաքման ժամանակը տևում է ոչ ավելի, քան 60 րոպե:
«Անօդաչու թռչող սարքը կթռչի մինչև նշված առաքման վայր, կիջնի գնորդի տան ետնաբակում, անվտանգ բարձրության վրա կգցի փաթեթը, այնուհետև նորից երկինք կբարձրանա և կվերադառնա բազա»,- ասվում է ծառայության նկարագրությունում։
Ծառայության աշխարհագրությունը կընդլայնվի
Լոքֆորդը, որտեղ Amazon-ը սկսել է իր այս ծառայությունը, փոքր քաղաք է, ունի մոտ 3500 բնակիչ և գտնվում է Սակրեմենտոյից մոտ 80 կմ հեռավորության վրա։ Քոլեջ Սթեյշն քաղաքը գտնվում է Հյուսթոնից մոտ 160 կմ հեռավորության վրա, ունի 120,000 բնակիչ։
Amazon Prime Air-ում ասել են, որ ապագայում պատրաստվում են ընդլայնել անօդաչու սարքերի առաքման ծառայության աշխարհագրությունը և ստեղծել ավելի մեծ հաճախորդների բազա։
«Մեր նպատակն է մեր անօդաչու սարքերն անվտանգ կերպով երկինք բարձրացնել: Մենք սկսում ենք այս համայնքներից և ժամանակի ընթացքում աստիճանաբար կընդլայնենք առաքումները ավելի շատ հաճախորդների համար»,- ասել է Amazon Air-ի ներկայացուցիչ Նատալի Բանկը:
Առաքման համար ընկերությունն օգտագործում է MK27-2 անօդաչու թռչող սարքեր, որոնք բավական մեծ են, ունեն վեց շարժիչ։ Չնայած անօդաչուները լիովին ինքնավար են և կառավարվում են համակարգչային ալգորիթմներով, որոնք նաև պատասխանատու են սարք տարատեսակ խոչընդոտներից (ծխնելույզներ, էլեկտրահաղորդման գծեր, ծառեր և այլն) զերծ պահելու համար, յուրաքանչյուր առաքում վերահսկվում է մարդու կողմից։






