Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է հազվագյուտ գենետիկ հիվանդությունների բուժմամբ զբաղվող Alnylam Pharmaceuticals ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 17.20%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 283.34 դոլարի։ Հաջորդը Roku ընկերությունն է: Սթրիմինգային ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 15.51%–ով՝ հասնելով 78.29 դոլարի։ Եռյակը եզրափակում է Ֆինանսական ծառայություններ մատուցող Robinhood Markets–ը՝ 13.05% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 44.36 դոլար։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Futu Holdings–ը։ Թվային բրոքերությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 10.22%–ով և այժմ կազմում է 106.36 դոլար։ Հաջորդը Reddit–ն է։ Սոցիալական մեդիա պլատֆորմի բաժնետոմսերի գինը նվազել է 9.76%–ով և հասել 115.70 դոլարի։ Եռյակը եզրափակում է Incyte Corporation–ը։ Քաղցկեղի բուժման նորարարական մեթոդների ուսումնասիրմամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 8.75%–ով և կազմում է 61.92 դոլար։
Ուրբաթ Ուոլ Սթրիթը փակվել է աճով։ Nasdaq-ն ընդհատել է չորս շաբաթվա կորստի շղթան՝ աճելով 0,52%-ով, S&P 500–ը աճել է 0,08%–ով, նույնքան էլ աճել է Dow Jones–ը։ Չնայած շաբաթվա ընթացքում գրանցված կորուստներին՝ բաժնետոմսերն աշխատանքային շաբաթվա վերջին օրն աճել են Թրամփի այն մեկնաբանություններից հետո, որ ինքն ավելի ճկուն կլինի մաքսատուրքերի քաղաքականության հարցում։ Մաքսատուրքերի քաղաքականությունը մեղմացնելու լուրերի ֆոնին երկուշաբթի աճել են նաեւ ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները։
ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերն ամենամեծ արտահոսքն են գրանցել վերջին երեք ամսվա ընթացքում։ Մարտի 19-ին ավարտվող շաբաթվա ընթացքում ներդրողները ֆոնդերից դուրս են բերել 33,53 միլիարդ դոլար։ Ամենից շատ տուժել են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետոմսերի ֆոնդերը՝ 27,38 միլիարդ դոլարի արտահոսքով։ 11 շաբաթվա ընթացքում առաջին արտահոսքն են ունեցել նաեւ ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը ՝ ընդհանուր 513 մլն դոլարի չափով:
Ուրբաթ Super Micro Computer-ի բաժնետոմսերն աճել են գրեթե 8%-ով՝ դարձնելով ընկերությունը S&P 500-ի առաջատարը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ JPMorgan-ը բարձրացրել է սերվեր արտադրող ընկերության վարկանիշը և գնի թիրախային մակարդակը ՝ 35 դոլարից հասցնելով 45 դոլարի: Վերլուծաբանները կարծում են, որ Supermicro-ն հաղթահարում է խնդիրները և կարող է աճել Nvidia-ի Blackwell չիպերով աշխատող իր սերվերների ավելի մեծ պահանջարկի շնորհիվ։
Microchip Technology-ի բաժնետոմսերն ընկել են ավելի քան 3%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է 1,35 միլիարդ դոլար ներգրավել՝ առաջարկելով փոխարկելի բաժնետոմսեր: Անալոգային կիսահաղորդիչներ և հիշողության սարքեր արտադրող ընկերությունը ներգրաված միջոցները կօգտագործի որոշ ծախսեր հոգալու և առկա պարտքը մարելու համար:
Micron-ի բաժնետոմսերը նվազել են 8%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը կանխատեսել է շահույթի ավելի ցածր մակարդակ՝ սպառողական հիշողության չիպերի գների նվազման պատճառով: Չնայած ԱԲ հավելվածներում օգտագործվող իր չիպերի մեծ պահանջարկին, սպառողական չիպերի շուկայում ավելցուկային առաջարկը ազդում է ընկերության մարժաների վրա:
Tesla-ի բաժնետոմսերը նվազել են 9-րդ շաբաթն անընդմեջ՝ մեկ ամսում գրանցելով 20% անկում: Ներդրողներին մտահոգում են Եվրոպայում վաճառքների անկումը, չինական BYD-ի մրցակցությունը և Իլոն Մասկի քաղաքական դիրքորոշման նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը: Որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, որ այս տարի ընկերության բաժնետոմսերը կարող են նվազել մինչեւ 50%-ով:
FedEx-ի բաժնետոմսերը նվազել են 9%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը նվազեցրել է 2025 ֆինանսական տարվա իր կանխատեսումը տնտեսական անորոշությունների պատճառով: FedEx-ն ակնկալում է բեռնափոխադրումների ավելի ցածր պահանջարկ և ավելի բարձր գնաճային ճնշում, ինչը կհանգեցնի շահույթի կրճատմանը:
2025 թվականի մարտի 17-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունվարի 19–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 93.4810 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.1775 տոկոս:
2025 թվականի մարտի 24-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. հունիսի 30–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 97.9762 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 7.6662 տոկոս:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը չի շտապում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջին նիստում այն պահպանել է տոկոսադրույքը 4,25%–4,50% միջակայքում՝ նշելով, որ 2025թ. ընթացքում նախատեսում է երկու նվազեցում։ ԴՊՀ նախագահ Ջերոմ Փաուելն ասել է, որ գնաճը կարող է ավելի բարձր մնալ Թրամփի նոր սակագնային քաղաքականության պատճառով, և դա կարող է ազդել տնտեսության աճի և աշխատաշուկայի վրա: Թրամփը համաձայն չէ ԴՊՀ դիրքորոշման հետ։ Նա իր Truth Social հարթակում ԴՊՀ–ին հորդորել է «ճիշտ վարվել» և իջեցնել տոկոսադրույքները՝ տնտեսությունը խթանելու համար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն մեղմացնում է մաքսատուրքերի քաղաքականությունը։
Անգլիայի բանկը (BoE) վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 4,5%՝ տնտեսության և համաշխարհային առևտրի անորոշության պատճառով։ Չնայած ՄԲ–ում գնաճը նվազել է, այն շարունակում է բարձր մնալ Անգլիայի բանկի 2% թիրախից՝ մասամբ պայմանավորված էներգակիրների գների աճով: Անգլիայի բանկը որոշել է հրաժարվել տոկոսադրույքների կրճատումից՝ կանխելու հետագա գնաճը, քանի որ ցածր տոկոսադրույքները կարող են խթանել ավելի շատ ծախսերը՝ բարձրացնելով գները:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





