Գիտությունը Հայաստանում հայտնվել է բեկումնային փուլում. մի կողմից կան գլոբալ մարտահրավերներ և գիտական ոլորտում աճող մրցակցություն, մյուս կողմից՝ ֆինանսավորման պակաս և լղոզված պետական ռազմավարություններ, որոնք երբեմն ավելի շուտ խանգարում, քան նպաստում են զարգացմանը։ Այս խնդիրների լուծումները փնտրելու նպատակով «Գիտուժ» նախաձեռնությունը «Գիտություն և տեխնոլոգիաներ. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» թեմայով երկօրյա համաժողով է կազմակերպել:
Փետրվարի 14-ին մեկնարկած համաժողովը համախմբել է երկրի առաջատար մասնագետներին ու փորձագետներին։ Այն ընդգրկում է հարցերի լայն շրջանակ՝ հումանիտար և հասարակական գիտություններից, think tanks-ի ստեղծման հեռանկարից սկսած, երկրի ապագայի համար կարևոր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությամբ վերջացրած:
Միջոցառման առաջին մասը կենտրոնացած է հումանիտար գիտությունների և հանրային գիտակցության ձևավորման գործում նրանց դերի վրա, իսկ երկրորդ մասում մասնակիցները կքննարկեն գիտատեխնիկական ոլորտի զարգացման ուղիները: Այն պայմաններում, երբ գիտությունը ոչ միայն զարգացման գործիք, այլև՝ ազգային անվտանգության գործոն է դառնում, արդյունավետ լուծումների որոնումն առաջնային նշանակություն է ձեռք բերում։
Համաժողովի նպատակներն ու ակնկալիքները
«Այսօրվա քննարկումները տարբեր կողմերի համախմբած յուրօրինակ հարթակ են երկրում առկա խնդիրները վերլուծելու համար»,- նշեց «Գիտուժ»-ի ներկայացուցիչ Գևորգ Սաֆարյանը։
«Մենք ձգտել ենք երկխոսության մեջ ներգրավել բոլոր շահագրգիռ կողմերին՝ կառավարության ներկայացուցիչներից մինչև գիտաշխատողներ, զանազան կարծիքներ և տեսակետներ լսելու համար: Սա ներկա մարտահրավերներին լուծումներ գտնելու փորձ է՝ լիազոր կառույցներին մղելով ավելի ճիշտ որոշումներ ընդունելու»,- ընդգծեց նա։
Սաֆարյանը միաժամանակ հավելեց, որ «Գիտուժ»-ի համաժողովներից հետո գիտության նկատմամբ որոշակի փոփոխություններ են նկատվել կառավարության վերաբերմունքում։ Սակայն այս քայլերը բավարար չեն, և ավելի ռազմավարական մոտեցում է անհրաժեշտ։
«Բիզնես համայնքի համախմբված աջակցությունն ազդանշան դարձավ կառավարության համար, ինչը ֆինանսավորման փոփոխության հանգեցրեց: Սակայն բովանդակային տեսանկյունից դեռևս հստակ պատկերացում չկա, թե կոնկրետ ինչպես պետք է մշակվեն գիտական ուղղությունները, կառավարության հայեցակարգը, ներառյալ՝ Ակադեմիական քաղաքի ստեղծման հայեցակարգը հստակություն ու հիմնավորում չունի», - պարզաբանեց նա:
Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ, չնայած ընթացիկ դժվարություններին, Հայաստանը գիտատեխնոլոգիական զարգացման հսկայական ներուժ ունի, և ճիշտ մոտեցումը կօգնի երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելուն։
Գիտությունն իբրև հասարակական գործունեություն
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը նշում է.
«Գիտությունը ոչ միայն հետազոտական գործունեություն է, այլև սոցիալական աշխատանքի ձև: Եթե գիտական ձեռքբերումները հասարակությունից թաքնված են մնում, ապա գիտնականներն իրենց համար աշխատող փակ խումբ են դառնում: Անշուշտ, դա գիտելիքների առումով գուցե բավարարվածություն պատճառի, բայց նման մոտեցումը հազիվ թե օգտակար լինի պետությանը։ Նման դեպքում կառավարությունը թերևս կարող է սահմանափակվել գիտության համար նվազագույն ռեսուրսներով և մի կողմ քաշվել։ Սակայն նման միջոցառումերը, ինչպիսին մերն է, կարևոր են, քանի որ դրանք պարտավորեցնում են երկու կողմերին՝ կառավարությանը և գիտական հանրությանը, քննարկել խնդիրները և միասին աշխատել»:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ ցանկացած քննարկում տարբեր խնդիրների լուծման գործում կարող է առանցքային դեր խաղալ:
«Այսօր մի կողմից կա կառավարության ներկայացրած ծրագիր, մյուս կողմից՝ կրթական և ակադեմիական հաստատությունների առաջարկներ, ինչպես նաև որոշակի անվստահություն այս կառույցների կողմից կառավարության նախաձեռնությունների նկատմամբ։ Տվյալ ոլորտում սերտորեն ներգրավված փորձագետների մասնակցությամբ քննարկումները թերևս արագացնեն մոտեցումների համաձայնեցման և համատեղ լուծումների մշակման գործընթացը»,- նշեց նա:
Իր հերթին Մանուկյանն ընդգծեց պահանջների և մոտեցումների հստակ ձևակերպման կարևորությունը՝ նշելով, որ հենց դա հնարավորություն կտա փոխադարձաբար ընդունելի լուծումների հասնել։
«Կառավարությունը հաճախ դժգոհում է, որ գիտությունը ճիշտ արտադրանք չի ապահովում, բայց պետք է հասկանալ, որ առանց կառավարության հստակ պահանջների և աջակցության՝ գիտական հետազոտությունները չեն կարող առաջ շարժվել»:
Հումանիտար գիտություններ. հավասարակշռություն տեխնոլոգիայի և մարդկայնության միջև
Խոսելով հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման հայեցակարգի քննարկման կարևորության մասին՝ Մանուկյանը նշում է.
«Այսօր պետության վերաբերմունքում հումանիտար և տեխնիկական գիտությունների նկատմամբ զգալի անհավասարակշռություն կա։ Հումանիտար գիտությունները մնում են ստվերում, և հիմնական շեշտը դրված է տեխնիկական և բնական գիտությունների առաջ մղման վրա։ Դրա վառ օրինակն է այն, որ հումանիտար գիտությունների քննարկումներին կառավարության ներկայացուցիչներ չեն լինելու, մինչդեռ տեխնիկական թեմաներով վաղվա քննարկումներին արդեն սպասվում է նրանց մասնակցությունը։ Սա լրջագույն խնդիր է։
Թեև մենք ապրում ենք տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջանում, այն նաև մարդկային էության կորստի ժամանակաշրջան է։ Մենք կորցնում ենք մարդուն՝ որպես այս գործընթացի հիմնական խաղացողի, և դրա փոխարեն իրենց մարդկային իմաստը կորցրած մեքենայացված արարածներ ենք ստանում։ Անցյալում նման վերաբերմունքը բնորոշ էր Արևմուտքին, մինչդեռ այժմ դա փոխվել է։ Օրինակ՝ Google-ի նման ընկերությունները սկսել են աշխատանքի ընդունել պատմաբանների և փիլիսոփաների՝ հասկանալով, որ միայն նրանք կարող են իմաստ հաղորդել իրենց տեխնոլոգիական հայտնագործություններին: Առանց հումանիտար համատեքստի, առանց մարդկային մոտեցման տեխնոլոգիաներն արժեք չունեն։
Հայաստանի համար նման մոտեցումն առանձնապես կարևոր է։ Պատերազմում կրած պարտությունից և Արցախի կորստից հետո հասարակությունը տեղի ունեցածի գիտակցման և վերլուծման կարիք ունի։ Սա կարևոր է առաջ շարժվելու համար և խոր սոցիալական հետազոտություններ է պահանջում: Զենք գնելը չի կարող բուժել հասարակության հոգու վերքերը և, համապատասխանաբար, ապագա հակամարտություններում հաղթանակի չի հանգեցնի։ Ի վերջո, դրոնները մարդիկ են կառավարում, և կարևոր է, որ այդ մարդիկ գիտակցեն սեփական գործողությունների հետևանքները»:






