Չինացի գիտնականները նոր ապացույցներ են գտել, որոնք հաստատում են վաղեմի վարկածը, որ միլիարդավոր տարիներ առաջ Մարսի հյուսիսը ծածկված է եղել օվկիանոսով: Օվկիանոսի հետքերը հայտնաբերվել են Zhurong մարսագնացով ուղարկված տվյալներում։ Ավելին, գիտնականները տեսել են օվկիանոսի ափի ուրվագիծը:

Zhurong-ը Մարսի մակերեսին վայրէջք է կատարել 2021-ին, դրա համար ընտրվել է Ուտոպիա հարթավայրը։ Սարքը անցել է 2 կմ՝ ուսումնասիրելով շրջակա տարածքի երկրաբանությունը՝ փնտրելով ջրի կամ սառույցի նշաններ։

Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Բո Վուն և նրա գործընկերները մարսագնացի տեսախցիկների և գեոռադարի դիտարկումները համատեղելով ուղեծրերի հեռակառավարման տվյալների հետ, ռովերի վայրէջքի տարածքում հայտնաբերել են մի քանի առարկաներ, որոնք առնչություն ունեն ջրի հետ: Դրանք խառնարանների տեսքով կոնաձև գոգավորություններ են, հեղեղատներ, նստվածքային ուղիներ և ցեխային հրաբուխների ձևավորումներ, որոնք, ըստ գիտնականների, վկայում են, որ այստեղով է անցնում ափամերձ գիծը։

Տարածքում մակերևութային նստվածքների բաղադրությունն ուսումնասիրելուց հետո հետազոտողներն ասել են, որ օվկիանոսը հավանաբար գոյություն է ունեցել 3,68 միլիարդ տարի առաջ: Այս ընթացքում օվկիանոսի հատակին սկսել են գոյանալ ջրի հետ կապված տարբեր հանքանյութեր, այդ թվում՝ հիդրացված սիլիցիում։

«Ջուրը խիստ տիղմապատ է եղել, [որի պատճառով] ձևավորվել է շերտավոր նստվածքային կառուցվածք»,- բացատրել է հետազոտության համահեղինակ Սերգեյ Կրասիլնիկովը: Օվկիանոսը սառել է 10,000-100,000 տարի, ափամերձ գիծն սկսել է քայքայվել, իսկ մոտ 260 միլիոն տարի անց այն չորացել է:

Փենսիլվանիայի պետական ​​համալսարանի դոցենտ Բենջամին Կարդենասը կասկածի տակ է դրել այս սցենարը՝ պնդելով, որ միլիարդավոր տարիների էրոզիան պետք է որ կործաներ նաև ափամերձ գոտու փխրուն հատկությունները: Պրոֆեսոր Վուն համաձայնել է, սակայն հավելել է, որ Zhurong-ի հայտնաբերած ափամերձ գծերն առաջացել են աստերոիդների հետագա հարվածների արդյունքում:

Ջրի առկայությունը կնշանակի, որ Մարսի վրա ժամանակին կարող էին գոյություն ունենալ միկրոօրգանիզմների առաջացման համար բարենպաստ պայմաններ։ Գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչու է այս ջուրն անհետացել մոտ 3 միլիարդ տարի առաջ: Ըստ վարկածներից մեկի՝ պատճառը եղել են Արեգակի վրա հաճախ տեղի ունեցող փոթորիկները, որոնք ոչնչացնում էին մարսյան երբեմնի խիտ մթնոլորտը։