Ճապոնացի գիտնականներն աշխարհում առաջին անգամ տիեզերք են ուղարկել փայտե արբանյակ, ինչը կարող է փոխել այս ոլորտում նյութերի կիրառման պրակտիկան, գրում է The New York Times-ը:

Նրանցից տարիներ են պահանջվել, որպեսզի մշակեն խորանարդաձև արբանյակը, որը տիեզերք է արձակվել է SpaceX հրթիռով՝ Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնից։ Դեկտեմբերից սկսած՝ այն վեց ամիս կանցկացնի Երկրի ցածր ուղեծրում:

Կիոտոյի համալսարանի մի խումբ հետազոտողներ LignoSat-ի կոնցեպտը մտածել են ճապոնական Sumitomo Forestry փայտանյութ արտադրող ընկերության հետ համագործակցությամբ: Նրանց նպատակն է ստուգել, ​​թե ինչպես են վերականգնվող նյութերը, ինչպիսին է փայտը, պահպանվում տիեզերքում, որտեղ կլիմայական ծայրահեղ պայմաններ են, կան վնասակար տիեզերական ճառագայթներ և արևային էներգետիկ մասնիկներ: Բացի դրանից՝ գիտնականները հուսով են, որ նոր արբանյակը հավելյալ աղտոտիչներ չի թողնի մթնոլորտում։

«Նախկինում ոչ ոք չէր մտածել փայտ օգտագործել հրթիռային գիտության ոլորտում,- թերթին ասել է Կիոտոյի համալսարանի անտառագիտության և կենսանյութերի գիտության պրոֆեսոր Կոջի Մուրատան, որն աշխատել է արբանյակի վրա,- Շատ ինժեներներ կարծում էին, որ փայտը հին տեխնոլոգիա է և չի կարող կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներում»:

1900-ականների սկզբին փայտը տարածված շինանյութ էր ինքնաթիռների համար, ուստի, Մուրատան կարծում էր, որ այն նաև կարող է կիրառվել արբանյակների համար: Ճապոնացի ինժեներ և ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Տակաո Դոյը այս հարցը բարձրացրել է 2017-ին և այդ ժամանակից ի վեր զբաղվել է այս տեսությունը փորձարկելով: 2022-ին նրանք սկսել են՝ երեք տարբեր տեսակի ծառերից (կեչի, բալենի և մագնոլիա) ստացված փայտի նմուշներ Միջազգային տիեզերակայան ուղարկելով:

wooden satellite .jpg (126 KB)

Նմուշներից յուրաքանչյուրն ութ ամիս է անցկացրել տիեզերքում և զարմանալիորեն, հետազոտողները չեն հայտնաբերել փայտանյութի քայքայման կամ մակերեսի վնասման նշաններ: Ի վերջո, թիմը որոշել է իր մոդելը պատրաստել մագնոլիայի փայտանյութից, որը հայտնի է իր թեթև քաշով և ճաքելու ամենաքիչ հավանականությամբ։

Այնուհետև Կիոտոյից երկու ատաղձագործներ ստեղծել են պլաստմասե և սիլիկոնային մասերից բաղկացած LignoSat-ի փայտե բաղադրիչները։ Նրանք հավաքել են խորանարդը՝ օգտագործելով ավանդական ճապոնական արհեստագործական տեխնիկա, որը չի պահանջում որևէ պտուտակ կամ սոսինձ: Ի տարբերություն մետաղի, փայտը կարող է կծկվել, երբ կորցնում է խոնավությունը, ուստի այս հարցը գիտնականները դեռ պետք է ուսումնասիրեն, ինչպես նաև այն, թե արբանյակը որքան լավ կարող է չափել Երկրի մագնիսական դաշտը:

Վեց ամիս անց շահագործումից հանված արբանյակը կրկին կմտնի Երկրի մթնոլորտ և կայրվի: Եթե ​​դա լիներ մետաղական արբանյակ, ապա այն կարտանետեր ալյումինի օքսիդի մանր մասնիկներ, որոնք կարող են վնասել օզոնային շերտը: Բայց քանի որ այն պատրաստված է փայտից, արբանյակը կարտանետի ջրի գոլորշի և ածխաթթու գազ:

Նայելով առաջ՝ Մուրատան հավակնոտ ծրագրեր ունի ապագայի համար: «Ես հույս ունեմ Մարսի վրա փայտ աճեցնել,- ասել է նա,- Մի ժամանակ կարծում էի, որ անհնար է փայտից պատրաստված որևէ բան տիեզերք ուղարկել»: