Պարզվել է, որ հեռավոր անցյալում Մարսը շատ ավելի բարդ և խոնավ աշխարհ է եղել, քան համարվում էր։ NASA-ի Perseverance մարսագնացը Եզերո խառնարանում հայտնաբերել է ապարների հետ ջրի փոխազդեցության առնվազն երեք տարբեր դրվագների հետքեր՝ ածխաթթու գազով հարուստ ստորգետնյա ջրերից մինչև տաք հիդրոթերմալ հոսքեր։

Գիտնականները ուսումնասիրել են խառնարանի ներքին եզրին գտնվող Margin Unit անվանումով հատվածը։ Perseverance-ը այն հետազոտում է 2023 թվականից, և դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ այստեղ ջրի պատմությունը շատ ավելի բարդ է եղել, քան ենթադրվում էր ուղեծրից արված պատկերների հիման վրա, հայտնում է Space.com-ը։

Հին ափամերձ գոտու փոխարեն՝ հրաբխային ապարներ

Մինչ մարսագնացի ժամանումը գիտնականները ենթադրում էին, որ Margin Unit-ը կազմված է նստվածքային ապարներից, որոնք ձևավորվել են հին լճի ափին։ Այդ մասին վկայում էին ուղեծրային դիտարկումների տվյալները, մասնավորապես այնտեղ հայտնաբերված կարբոնատային միներալները։

Սակայն Perseverance-ը հայտնաբերել է ոչ թե նստվածքային, այլ մագմատիկ ապարներ։ Դրանք ձևավորվել են հալված նյութից՝ Մարսի մակերևույթի խորքերում, կամ հրաբխային ակտիվության հետևանքով։

Հենց այս ապարներն էլ պահպանել են ջրի ազդեցության մի քանի հաջորդական դրվագների նշաններ։ SuperCam գործիքի օգնությամբ հետազոտողները ուսումնասիրել են հիմնային ապարի ավելի քան 185 հատված և կարողացել վերականգնել տեղի ունեցած գործընթացների հաջորդականությունը։

«Այժմ մենք գիտենք, որ այս վայրը դարձել է ջրային համակարգերի յուրատեսակ խաչմերուկ», — նշել է հետազոտության գլխավոր հեղինակ և Փերդյուի համալսարանի գիտաշխատող Քենդիս Բեդֆորդը։

Ջուրը մի քանի անգամ փոխել է մարսյան ապարները

Առաջին դրվագը տեղի է ունեցել, երբ ածխաթթու գազով հարուստ ստորգետնյա ջրերը ռեակցիայի մեջ են մտել օլիվինի հետ՝ միներալի, որը ձևավորվել է մագմայի դանդաղ սառեցման արդյունքում։ Արդյունքում ապարների ճեղքերում հայտնվել են կարբոնատային միներալներ։

Ավելի ուշ, ըստ ամենայնի, այս ապարների վրա ազդել է Եզերո հին լճի ջուրը։ Որոշ նմուշներում հայտնաբերվել է սիլիցիումի օքսիդ։ Այն կարող է առաջանալ օլիվինի և ջրի փոխազդեցության արդյունքում և հատկապես բնորոշ է այն ապարներին, որոնք երբևէ գտնվել են լճի մակարդակից ցածր։

Սակայն հետո տարածաշրջանում տեղի է ունեցել ևս մեկ դրվագ՝ շատ ավելի տաք։

Margin Unit-ի արևելյան մասում գիտնականները հայտնաբերել են հանքային երակներ, որոնք պարունակում են կալցիումի սուլֆատ և ֆտորիտ։ Դրանց առկայությունը ցույց է տալիս, որ ժամանակին հրաբխային ապարների միջով շրջանառվել է տաք ջուր։

Այսպիսով, Մարսի նույն հատվածը հերթականությամբ ենթարկվել է տարբեր ջրային համակարգերի ազդեցությանը՝ ստորգետնյա ջրերի, հին լճի մակերևութային ջրի և ապարների միջով անցնող տաք ֆլյուիդների։

Տաք ջուրը կարևոր է կյանքի հետքեր փնտրելու համար

Երկրի վրա հիդրոթերմալ համակարգերը ստեղծում են պայմաններ, որոնցում կարող են գոյատևել միկրոօրգանիզմներ։ Այդ պատճառով հին Մարսի վրա նման գործընթացների հայտնաբերումը հատկապես հետաքրքիր է մոլորակի անցյալում հնարավոր բնակելիությունը ուսումնասիրող գիտնականների համար։

Միևնույն ժամանակ հետազոտողները դեռ չեն կարող որոշել հայտնաբերված յուրաքանչյուր դրվագի ճշգրիտ տարիքը։ Հայտնի է դրանց հաջորդականությունը, բայց առայժմ անհնար է պարզել, թե որքան ժամանակ է անցել դրանց միջև։

Փոխարենը հենց միներալները կարող են դառնալ մարսյան կլիմայի փոփոխության յուրատեսակ տարեգրություն։ Դրանց կազմը և տեղադրությունը թույլ են տալիս հետևել, թե ինչպես են նույն տարածաշրջանում միմյանց փոխարինել ջրի տարբեր աղբյուրներն ու շրջակա միջավայրի պայմանները։

Մարսը պարզվեց ոչ այնպիսին, ինչպիսին այն երևում էր ուղեծրից

Արդյունքը հատկապես կարևոր է, որովհետև Margin Unit-ը սկզբում մեկնաբանվում էր որպես հին ափագծի մի մաս։ Մակերևույթի վրա կատարված իրական դիտարկումները ցույց տվեցին շատ ավելի բարդ պատկեր։

Եզերո խառնարանը գտնվում է Մարսի խոշորագույն այն տարածաշրջաններից մեկում, որտեղ լայնորեն տարածված են կարբոնատները։ Այդ պատճառով ստացված տվյալները կարող են օգտակար լինել շատ ավելի լայն շրջանակում, քան միայն այն կոնկրետ վայրը, որն այժմ ուսումնասիրում է Perseverance-ը։

«Եթե Մարսի վրա մարսագնացների հետ աշխատելու 10 տարիների ընթացքում ես ինչ-որ բան եմ սովորել, ապա այն է, որ Մարսը մշտապես անակնկալներ է մատուցում», — ասել է Բեդֆորդը։

Հետազոտությունը հրապարակվել է սեպտեմբերի 21-ին Communications Earth & Environment ամսագրում։ Գիտնականները հույս ունեն, որ Margin Unit-ի ապարների հետագա ուսումնասիրությունը կօգնի վերականգնել Մարսի ջրային պատմությունը և հասկանալ, թե երբ և որտեղ են մոլորակի վրա կարող եղել գոյություն ունենալ կյանքի համար հարմար պայմաններ։