Hubble տիեզերական աստղադիտակը խոշոր պլանով լուսանկարել է Ջրհոսի համաստեղության մոտակայքում գտնվող երկու աստղերի, որոնք դարեր շարունակ սերտ շփման մեջ են եղել: Տիեզերական աստղադիտակը ցուցադրել է աստղային զույգի բարդ փոխազդեցությունը, տեղեկացնում է Space.com-ը։
Լուսանկարում երևում է ավազի ժամացույցի տեսքով տպավորիչ միգամածություն, որը ձևավորվել է երկու աստղերի դարավոր փոխազդեցությամբ՝ կոմպակտ, հիմնականում անփոփոխ մնացած սպիտակ գաճաճի (տաք վառվող աստղը) և նրա ուղեկից աստղի՝ սառը կարմիր հսկայի, որն իր չափերը մեծացրել է և այժմ Արեգակից մեծ է ավելի քան 400 անգամ և որը մոտ 390 երկրային օրվա ընթացքում 750 անգամ փոխել է նաև իր ջերմաստիճանը և պայծառությունը։
Սպիտակ գաճաճը, որը պտտվում է կարմիր հսկայի շուրջ 44 տարվա ուղեծրային ժամանակաշրջանով, դրան մոտենալուն պես նյութ է լցնում դրա մակերեսի վրա, ինչը ժամանակ առ ժամանակ ուղեկցվում է «հսկա ջրածնային ռումբի» պես պայթյունով։ Դրա հետևանքով տիեզերք են շպրտվում շիկացած գազի կոր հոսքեր։ Արտանետվող նյութը տիեզերք է թափվում ժամում ավելի քան 1,6 միլիոն կիլոմետր արագությամբ: Որպես օրինակ՝ գիտնականները նշում են Երկրից Լուսին հեռավորությունը, որն այդ նյութն անցնում է 15 րոպեում։
Գործընթացը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է տիեզերքը վերաբաշխում ջերմամիջուկային միաձուլման արտադրանքները, որոնք ձևավորվում են աստղերի խորքում և հետ են նետվում տիեզերք: Եվ այդ արտադրանքներից մի քանիսը ներառում են ավելի ծանր տարրեր, ինչպիսիք են ածխածինը, ազոտը և թթվածինը, որոնք Երկրի նման մոլորակների ամենակարևոր շինանյութերն են:
Որպես ամենամոտ սիմբիոտիկ աստղերից մեկը՝ R Ջրհոսը լայնորեն ուսումնասիրվել է տիեզերական և ցամաքային տարբեր աստղադիտակների կիրառմամբ: Օրինակ՝ Hubble-ն սկսեց այն ուսումնասիրել 1990-ին ուղեծիր դուրս գալուց անմիջապես հետո: Մեկ տասնամյակ անց Chandra ռենտգենյան աստղադիտարանն սկսեց հետևել միգամածության ռենտգենյան արտանետումների փոփոխություններին, որոնք հիմնականում արտանետվում էին նրա հանգուցավոր շիթից և հարվածային ալիքներից, որոնք առաջացնում է R Ջրհոսը, երբ բախվում է շրջապատող նյութին: Այս դիտարկումների հիման վրա աստղագետները ենթադրում են, որ սպիտակ թզուկը վերջին անգամ ժայթքել է 1970-ականների վերջին, և հաջորդ պայթյունը կարող է տեղի ունենալ ամենաշուտը մինչև 2470-ը:
Այս աստղային համակարգի՝ Hubble-ի արած ամենաթարմ լուսանկարը ցույց է տալիս, որ հզոր մագնիսական դաշտերի և պայթյունի ուժի արդյունքում արտանետված նյութը ձևավորել է պարուրաձև նախշ և տարածվել ավելի քան 400 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա, ինչը 24 անգամ գերազանցում է մեր Արեգակնային համակարգի տրամագիծը և Hubble-ի թիմի կարծիքով՝ «իսկապես անհավանական է նույնիսկ աստղագիտական չափանիշներով»: R Ջրհոսի վերջին 10 տարիների ընթացքում արված ժամանակային պատկերները ցույց են տալիս աստղային զույգի պայծառության փոփոխությունները, որոնք առաջացել են կարմիր հսկայի կատաղի պուլսացիաներից, ինչպես նաև շրջակա միգամածության կտրուկ էվոլյուցիան:






