Չինական Deep Blue Aerospace ընկերությունը սեպտեմբերի 22-ին փորձարկել է բազմակի օգտագործման Nebula-1 հրթիռը, որ հաջողությամբ բարձրացել է նախանշված բարձրության վրա և գրեթե կարողացել է վայրէջք կատարել, սակայն վերջին պահին բախվել է գետնին և կոտրվել: Ամբողջ թռիչքը նկարահանվել է անօդաչու թռչող սարքից։
Հրթիռի փորձնական արձակումն իրականացվել է Ներքին Մոնղոլիայում գտնվող Ejin Banner հրթիռների արձակման կենտրոնից։ Նպատակը եղել է ստուգել Nebula-1 ուժեղացուցիչ համակարգերի աշխատանքը, ինչպես նաև երկրորդ փուլից անջատվելուց հետո առաջին փուլի՝ երկիր վերադառնալու և միացված շարժիչով վայրէջք կատարելու կարողությունը։
Հրթիռն ունի Leiting-20 շարժիչ, որն աշխատում է կերոսինով և հեղուկ թթվածնով։ Այն կարող է գեներացնել 20 տոննա մղում մինչև 100 մ-ից պակաս բարձրության վրա և այժմ անցնում է հաջորդ փուլ՝ թռիչքներ մինչև 100 կմ բարձրություն: Հրթիռի վերջին թռիչքը տևել է 179 վայրկյան և հաջողվել է հասնել 11 առաքելության նպատակներից 10-ին։ Վերջինը՝ 11-րդը, վայրէջքն էր, որը չի ընթացել ինչպես նախատեսված էր։
Փորձարկման ժամանակ Nebula-1-ը գործարկվել է բոլոր երեք շարժիչներով, և երբ հրթիռը հասել է նախատեսված առավելագույն բարձրության, որը չի նշվում, մյուս շարժիչներն անջատվել են և հրթիռը կառավարվել է միայն կենտրոնական շարժիչով: Հետո Nebula-1-ն սկսել է իջնել. կենտրոնական շարժիչը նվազեցրել է արագությունը վայրէջքի վայրին մոտենալիս, իսկ հետո տեղի է ունեցել վթարը։
Ինչպես ցույց է տվել հետթռիչքային վերլուծությունը, խափանում է տեղի ունեցել հրթիռի կառավարման համակարգում․ այն կատարել է վայրէջքի մանևր և անջատել շարժիչը, երբ հրթիռը դեռ օդում էր։ Արդյունքում Nebula-1-ը բախվել է գետնին, սակայն պայթյուն չի եղել, հավանաբար այն պատճառով, որ այդ ժամանակ վառելիքի մեծ մասն արդեն սպառված է եղել: Deep Blue Aerospace-ը հայտնել է, որ փորձարկման արդյունքները հաշվի կառնվեն հաջորդ թռիչքի ժամանակ, որը նախատեսված է նոյեմբերին:






