IBM-ն աշխատանքից ազատում է զգալի թվով աշխատակիցների և փորձում է դա անել առանց ավելորդ հրապարակումների։ Ըստ The Register-ի՝ վերջին օրերին զանգվածային կրճատումներից հիմնականում տուժել է IBM Cloud թիմը, կրճատումներն ազդել են հազարավոր մարդկանց վրա։
Ըստ պարբերականի աղբյուրներից մեկի՝ ամեն ինչ «կատարվում է գաղտնի»։ Նրա խոսքով՝ մենեջերն իրեն տեղեկացրել է չբացահայտման համաձայնագիր (NDA) ստորագրելու անհրաժեշտության մասին՝ արգելելով որևէ մեկին հայտնել աշխատանքից ազատման մանրամասները։ Ֆորումներում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում բազմաթիվ հաղորդումներ հուշում են, որ խոսքն իսկապես լայնածավալ կրճատումների մասին է։
Հավանական կրճատումների մասին լրագրողների հարցմանը IBM-ի ներկայացուցիչը պատասխանել է, թե այս տարվա սկզբին ընկերությունը հայտարարել է աշխատուժի «վերահավասարակշռման» մասին, որը կազդի համաշխարհային աշխատուժի միայն փոքր մասի վրա: Ընկերության 2024-ի 1-ին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ այն 400 միլիոն դոլար կծախսի պլանավորված կրճատումների հետ կապված «վերահավասարակշռման» վրա: Համեմատության համար նշենք, որ 2023-ին նման պրակտիկան արժեցել է 300 մլն դոլար, երբ նախատեսվում էր աշխատանքից հեռացնել 3900 մարդու։
Միաժամանակ ընկերությունը մտադիր է 2024-ն ավարտել մոտ նույն թվով աշխատողների քանակով, որով սկսել էր տարին։ Տեղի է ունենում բիզնեսի օպտիմալացում. հավանաբար բիզնես ռազմավարության փոփոխությունը ներառում է մի պրոֆիլի մասնագետների աշխատանքից ազատում և մյուսի աշխատանքի ընդունում: 2023-ի վերջին ընկերությունում աշխատում էր 288,000 մարդ ամբողջ աշխարհում։
Ըստ IBM-ի ներկայացուցչի, այս տարի խոսքը հնարավոր կրճատումների 1%-ի մասին է։ Աշխատակազմի 1%-ի կրճատման դեպքում կարելի է խոսել 2880 աշխատողի մասին, 2%-ի դեպքում՝ 5760 աշխատողի, իսկ 3%-ի դեպքում՝ 8640 աշխատող և այլն։ The Register-ը հաշվարկել է, որ եթե այս տարի նրանցից յուրաքանչյուրին աշխատանքից ազատելը միջին հաշվով կարժենա նույնքան, ինչ նախորդ տարի, ապա կարելի է խոսել մոտ 5200 մարդու կրճատելու մասին՝ դրա համար հատկացված 400 միլիոն դոլարի հիման վրա։
Անցյալ տարի IBM-ի գործադիր տնօրեն Արվինդ Կրիշնան հայտարարել էր, որ մտադիր է մոտ 7800 աշխատակցի փոխարինել արհեստական բանականությամբ, սակայն չէր նշել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա: Այժմ IBM-ի ներկայացուցիչները լռում են, թե կոնկրետ քանի մարդ կկորցնի աշխատանքը և որ պաշտոններում կընդունի նորերին, որպեսզի, պահպանվի աշխատողների մոտավորապես նույն թիվը։
Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ կրճատումները կվերաբերեն առաջին հերթին ավագ ծրագրավորողներին, վաճառքի մասնագետներին և օժանդակ անձնակազմին: Միաժամանակ, աշխատողների ներգրավումը կշարունակվի Հնդկաստանում, որտեղ IBM-ն արդեն երկար ժամանակ առաջնահերթության սկզբունքով անձնակազմ է հավաքում:
Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրների, աշխատանքից ազատվում են հիմնականում 50-55 տարեկան մարդիկ, որոնք զբաղեցնում են բավականին բարձր պաշտոններ և ստանում են բարձր աշխատավարձ։ Չնայած աշխատանքից ազատումների հետ կապված նախկին և ներկա դատական գործերին՝ IBM-ը պնդում է, որ ընկերությունում տարիքային համակարգված խտրականություն չկա:






