Hubble տիեզերական աստղադիտակը Երկիր է ուղարկել Messier 33 (M33) պարուրաձև գալակտիկայի եզակի պատկերը, որը հայտնի է նաև որպես Եռանկյուն գալակտիկա: Պատկերում հստակ երևում է աստղերի ձևավորման գործընթացը, որն այս գալակտիկայում տեղի է ունենում զարմանալի արագությամբ:
Եռանկյունի գալակտիկան գալակտիկաների Տեղական խմբի երրորդ ամենամեծ անդամն է Անդրոմեդայի գալակտիկայից (M31) և մեր Ծիր Կաթինից հետո: Այն ունի ընդամենը 60,000 լուսատարի լայնություն՝ Ծիր Կաթինի չափերի մոտ կեսը: Երկրից մինչև M33 հեռավորությունը գրեթե 3 միլիոն լուսատարի է։
Ըստ ՆԱՍԱ-ի հետազոտողների՝ Եռանկյուն գալակտիկան «աստղագոյացման թեժ կետ» է, որտեղ աստղերը ձևավորվում են 10 անգամ ավելի արագ, քան հարևան Անդրոմեդա գալակտիկայում: M33-ի կոկիկ, կանոնավոր պարուրաձև թևերը ցույց են տալիս աննշան փոխազդեցություն այլ գալակտիկաների հետ, ուստի նրա աստղերի արագ ձևավորումը պայմանավորված չէ գալակտիկական բախումներով, ինչպես շատ այլ գալակտիկաներում: Փոխարենը նոր աստղեր են ծնվում գալակտիկայի ներսում առկա մեծ քանակությամբ փոշուց և գազից:
Ջրածնի զանգվածային իոնացված ամպերի բախումները, որոնք հայտնի են որպես H-II շրջաններ, ստեղծում են բարձր զանգված ունեցող աստղեր, որոնք երևում են Hubble-ի նոր նկարում: Լուսանկարում պատկերված մեծ կարմրավուն ամպերը իոնացված ջրածնի գրպաններ են, որոնք մուգ գազերի հոսքերի հետ միասին սնուցում են գալակտիկայում աստղերի արագ ձևավորումը:
«Պատկերի ակնհայտ հատիկավորությունն իրականում անթիվ աստղերի պարս է: M33-ը 100-ից քիչ գալակտիկաներից մեկն է, որը բավական մոտ է, որպեսզի աստղադիտակները կարողանան տարբերել առանձին աստղեր, ինչպես երևում է նոր նկարում»,- ասվում է NASA-ի ներկայացուցիչների հայտարարությունում։
Այնուամենայնիվ, ի տարբերություն պարուրաձև գալակտիկաների մեծամասնության, M33-ը չունի կենտրոնական ելուստ, որը հակառակ դեպքում կարող էր իր մեջ տեղավորել գերզանգվածային սև խոռոչ: Արդյունքում M33-ը դասակարգվում է որպես «մաքուր սկավառակային գալակտիկա»՝ գալակտիկաների տեսակ, որը, ենթադրաբար, կազմում է տիեզերքի բոլոր գալակտիկաների մոտ 15-18%-ը։
Hubble-ի նոր պատկերն արվել է միջաստղային միջավայրի, աստղերի ձևավորման և աստղային էվոլյուցիայի վերաբերյալ ավելի մեծ ուսումնասիրության շրջանակում։ Գիտնականները հուսով են, որ այն պատկերացում կտա ապագայում Անդրոմեդյաի հետ M33-ի հնարավոր միաձուլման մասին:






