Սաուդյան Արաբիայի կողմից վերահսկվող ընկերությունը նախատեսում է 2025-ի սկզբին սկսել իր տեսակում առաջին 55 հարկանի գրասենյակային երկնաքերի կառուցումը Եգիպտոսում, հաղորդում է Reuters-ը: Շենքն էներգիայի առյուծի բաժինը կստանա մաքուր ջրածնի օգտագործման միջոցով, որն այնտեղ կմատակարարվի հեղուկ տեսքով։ Նախագծի արժեքը հասնում է 1 մլրդ դոլարի: Այն կդառնա կայուն տնտեսության, կայուն կյանքի և կայուն արտադրության օրինակ:
Ծրագրի իրականացման շրջանակային որոշումը ստորագրվել է 2023-ի հունվարին Դավոսում 53-րդ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում։ Շինարարական աշխատանքները վերահսկելու է Magnom Properties սաուդական ընկերությունը, որը Rawabi Holding սաուդական արդյունաբերական խմբի դուստր ձեռնարկությունն է։ Երկնաքերի պատվիրատուն Forbes մեդիա խումբն է։ Նախագծի աշխատանքային անվանումն է Forbes International Tower։ Սա կլինի Forbes-ի առաջին կոմերցիոն աշտարակը։ Մեդիա խումբն ակնկալում է գումար աշխատել գրասենյակներ վարձով տալով Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում, որն սկսվել է կառուցվել մի քանի տարի առաջ Կահիրեից դեպի արևելք։
Արևային մարտկոցներ կտեղադրվեն աշտարակի ճակատին և կկարողանան ապահովել նրա էլեկտրաէներգիայի կարիքների 25%-ը։ Էլեկտրաէներգիայի մնացած մասը կստացվի շենքին մատակարարվող ջրածնից։ Նախագիծը չի ներառում համագործակցություն Եգիպտոսի կոմունալ ծառայությունների հետ, որոնք երբեմն բախվում է էլեկտրաէներգիայի անջատումների խնդրին: Սա փորձաքար կլինի Magnom Properties-ի համար: Այնուհետեւ, այս նախագծի օրինակով, նախատեսվում է նմանատիպ երկնաքերներ կառուցել Դուբայում և Ռիադում։
Շենքը կունենա երկու արագընթաց VIP վերելակ, իսկ տանիքին` ուղղաթիռի վայրէջքի տեղ: Անվտանգությունը կապահովվի ներխուժման կանխարգելման նորագույն համակարգերով՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ կիբեռ: Ավտոմատացում, արհեստական բանականություն, գրասենյակային տարածքների կազմակերպման նոր մոտեցումներ և այլն․ հասանելի կլինեն բոլոր հարմարությունները, ինչը հաճախորդին ահռելի գումար կարժենա։ Համեմատության համար նշենք, որ չինացիները մոտ 20 նմանատիպ երկնաքերներ են կառուցել մոտակայքում, իրականում մի ամբողջ թաղամաս, որը Եգիպտոսի իշխանություններին արժեցել է ընդամենը 3 միլիարդ դոլար:
Շենքի մանրամասն նախագծումը վստահվել է Չիկագոյից AS+GG ճարտարապետական խմբին (ճարտարապետ՝ Ադրիան Սմիթ և Gordon Gill Architecture ընկերություն)։ Օբյեկտի շինարարությունը պետք է սկսվի 2025-ի սկզբին և խոստանում է ավարտին հասցնել մինչև 2030-ը։






