Տոկիոյի համալսարանի ճապոնացի գիտնականները մշակել են մարդու մաշկի աճեցված բջիջները ռոբոտի դեմքին ամրացնելու միջոց՝ ռոբոտին ստիպելով «ժպտալ»։ Սա բեկում է, որը խոստանում է կիրառություն գտնել կոսմետիկայի և բժշկության մեջ։ Ըստ հետազոտության առաջատար գիտնական Շոջի Տակեուչիի՝ սա կարևոր քայլ է ավելի իրատեսական ռոբոտներ ստեղծելու ուղղությամբ:
Ժպտացող ռոբոտը ներկայացված է Cell Reports Physical Science ամսագրում հրապարակված հետազոտությունում: Դա Տակեուչիի թիմի կենսաբանական և մեխանիկական ռոբոտաշինության տեխնոլոգիաների համադրման տասը տարվա հետազոտության արդյունքն է: «Առաջին անգամ հնարավոր է դարձել մանիպուլյացիայի ենթարկել կենդանի մաշկը»,- ասում է գիտնականը։
Հետագայում հետազոտողները նախատեսում են լաբորատոր սինթեզված մաշկին ավելացնել իրական մաշկի ավելի շատ տարրեր, ներառյալ արյան շրջանառության համակարգը և նյարդերը: Սա կարող է հանգեցնել մաշկի միջոցով ներծծվող կոսմետիկայի և դեղամիջոցների փորձարկման ավելի անվտանգ հարթակների ստեղծման:
Ըստ Տակեուչիի՝ կենդանի հյուսվածքը շատ առավելություններ ունի մետաղների և պլաստմասսայի նկատմամբ՝ սկսած ուղեղի և մկանների էներգաարդյունավետությունից մինչև մաշկի ինքնավերականգնման կարողություն: Այն նաև կօգնի ռոբոտների համար ավելի իրատեսական և ֆունկցիոնալ ծածկույթ արտադրել: Այնուամենայնիվ, դեռ մնում է լուծել այսպիսի ռոբոտների պատճառած տարօրինակ կամ անհանգստացնող զգացմունքներից մարդկանց ազատելու խնդիրը:
«Դրանում դեռ մի քիչ տաօրինակություն կա,- խոստովանում է Տակեուչին,- Կարծում եմ, որ ռոբոտներ պատրաստելը նույն նյութերից, ինչ մարդիկ են կազմված և նրանց զգացմունքներ արտահայտել սովորեցնելը, կարող է մարդկանց և մեքենաների միջև անջրպետը կամրջելու բանալիներից մեկը լինել»:






