Amazon-ը վերադառնում է կենցաղային ռոբոտ ստեղծելու գաղափարին՝ չնայած իր առաջին՝ Astro նախագծի համեստ արդյունքներին։ Ընկերությունը թիմ է ձևավորում սկզբունքորեն նոր սարք մշակելու համար, որը պետք է ինքնուրույն կողմնորոշվի տնային տարածքում և փոխազդի մարդկանց հետ։ Նախագծի մեկնարկի մասին են վկայում Amazon-ի հրապարակած թափուր աշխատատեղերը, հայտնում է CNBC-ն։

Նոր ռոբոտը կդառնա ընկերության հաջորդ քայլը անհատական ռոբոտատեխնիկայի ոլորտում։ Այնուամենայնիվ, Astro-ի փորձը ցույց տվեց, որ նման սարքը զանգվածային շուկա դուրս բերելը շատ ավելի բարդ է, քան աշխատող նախատիպ (պրոտոտիպ) ստեղծելը։ 1450 դոլարով ներկայացված Astro-ն այդպես էլ չդարձավ համընդհանուր հասանելի ապրանք։ Amazon-ը այն տարածում էր միայն հրավերներով, և ողջ ընթացքում այն հայտնվեց ընդամենը մի քանի հազար գնորդի մոտ։

Amazon-ը մասնագետներ է փնտրում ռոբոտատեխնիկայի նոր թիմի համար

Ընկերության ծրագրերի մասին հայտնի է դարձել աշխատանքի ընդունման հայտարարություններից։ Դրանցից մեկում Amazon-ը նկարագրում էր մի ապագա, որտեղ ռոբոտները կդադարեն լինել սոսկ ֆանտաստիկ ֆիլմերի հերոսներ և կդառնան առօրյա կյանքի անբաժան մասը։ Աշխատատեղը նախատեսված էր ճարտարագետների համար, որոնք պետք է աշխատեին մի սարքի վրա, որն ընդունակ է կողմնորոշվել տան մշտապես փոփոխվող միջավայրում և ինքնուրույն առաջադրանքներ կատարել ընտանիքի անդամների ներկայությամբ։

Մյուս հայտարարությունները թույլ են տալիս նախագծի մասին ավելի մանրամասն պատկերացում կազմել։ Մասնավորապես, Amazon-ը փնտրում էր օգտատիրոջ փորձառության (UX) մասնագետ, որը պետք է որոշի, թե ինչպես են մարդիկ փոխազդելու ռոբոտի հետ և ընկալելու նրա ներկայությունը տանը։ Եվս մեկ հաստիք կապված է տեխնիկական աջակցման հետ․ ընկերությունը մտադիր է սարքերի սպասարկումն ու վերանորոգումն ապահովել անմիջապես հաճախորդի տանը։

Դատելով այլ թափուր տեղերից՝ նախագիծը ենթադրում է ոչ միայն բուն ռոբոտի, այլև նրա շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծում։ Մասնավորապես, խոսքը ամպային ծառայությունների և հեռաչափական (տելեմետրիկ) տվյալների հավաքագրման համակարգերի մշակման մասին է, որոնք թույլ կտան սպասարկել ռոբոտացված սարքերի աճող ցանցը։ Ընդ որում, Amazon-ը դեռևս չի բացահայտում ոչ ապագա ռոբոտի արտաքին տեսքը, ոչ դրա ենթադրյալ արժեքը, ոչ էլ շուկա դուրս գալու ժամկետները։

Astro-ից դեպի մարդանման Sprout-ը

Նոր մշակումը կապված է Amazon-ի ռոբոտատեխնիկական ուղղության ներսում տեղի ունեցող փոփոխությունների հետ։ Ինչպես պարզել են CNBC-ի լրագրողները, 2026 թվականի սկզբին Astro-ի վրա աշխատող աշխատակիցների զգալի մասին տեղափոխել են նոր թիմ։ Բացի այդ, ընկերությունը մասնագետներ է ներգրավել դրսից, այդ թվում՝ ռոբոտատեխնիկ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT):

Մարտին Amazon-ը ձեռք բերեց նյույորքյան Fauna Robotics-ը, որը շուրջ 107 սանտիմետր հասակ ունեցող Sprout մարդանման (հումանոիդ) ռոբոտի մշակողն է։ Գործարքից հետո ընկերությունը մտավ Amazon-ի կազմում ստեղծված Personal Robotics Group-ի մեջ։ Այնտեղ են տեղափոխվել նաև Lab126-ի՝ Amazon-ի այն ստորաբաժանման աշխատակիցները, որը մասնակցում էր Kindle-ի և Echo-ի մշակմանը։

Ընդ որում, Fauna Robotics-ը շարունակել է աշխատանքն իր նախկին ապրանքի վրա։ Մարտի 24-ին ընկերությունը հայտնել է, որ շարունակելու է վաճառել Sprout Creator Edition տարբերակը, սակայն արդեն Fauna Robotics, an Amazon company բրենդի ներքո։

Այսպիսով, Amazon-ը ստացել է ոչ միայն մասնագետների թիմ, այլև պատրաստի մշակում մարդանման ռոբոտատեխնիկայի ոլորտում։

Ինչու է Amazon-ը նորից խաղադրույք կատարում կենցաղային ռոբոտների վրա

Ընկերությունում կարծում են, որ անհատական ռոբոտատեխնիկան աստիճանաբար մոտենում է այն հանգրվանին, երբ նման սարքերը կկարողանան դառնալ տնային միջավայրի լիարժեք մասը։

Amazon-ի ներկայացուցիչ Բրեդ Գլասերը Fauna Robotics-ի ձեռքբերումը բացատրել է ընկերության ձգտումով՝ լուծելու այն խնդիրները, որոնք դեռևս խանգարում են բացահայտել այս ուղղության ողջ ներուժը։ Նրա խոսքով՝ լաբորատոր պայմաններում հաջողությամբ աշխատող ռոբոտի և սովորական հյուրասենյակի առօրյա իրավիճակներում կողմնորոշվող սարքի միջև ահռելի տարբերություն կա։

Գլասերը նաև ընդգծել է, որ Amazon-ը շարունակում է աջակցել Astro-ի օգտատերերին։ Այնուամենայնիվ, սարքի տերերը դժգոհություններ ունեն դրա ֆունկցիոնալությունից․ մասնավորապես, որոշ օգտատերեր դժգոհ են, որ ռոբոտի վրա չի աշխատում Alexa+-ը։

Հօգուտ նոր նախագծի է խոսում նաև ինքնին ոլորտի զարգացումը։ iRobot-ի համահիմնադիր Քոլին Էնգլը կարծում է, որ վերջին տարիներին ռոբոտներ ստեղծելու գործիքներն ու տեխնոլոգիաները զգալիորեն կատարելագործվել են։ Համեմատելով մշակողների ներկայիս հնարավորությունները Astro-ի թիմի ունեցած միջոցների հետ՝ նա նկատել է, որ այն ժամանակվա տեխնոլոգիական գործիքակազմը ծայրահանդ ապարզունակ էր։

Ներդրողների հետաքրքրությունը այս ուղղության նկատմամբ նույնպես աճում է։ PitchBook-ի տվյալներով՝ միայն 2026 թվականի առաջին կիսամյակում ռոբոտատեխնիկայի և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում աշխատող ընկերությունների վենչուրային ֆինանսավորումը հասել է 33,4 միլիարդ դոլարի։ Համեմատության համար՝ ողջ 2025 թվականի ընթացքում նման ընկերությունները ներգրավել էին 28,7 միլիարդ դոլար։

Amazon-ի համար սա այն գլխավոր հարցերից մեկն է, որին պետք է պատասխան տրվի սարքերի նոր սերունդը մշակելիս․ կկարողանա՞ արդյոք կենցաղային ռոբոտը դառնալ տան իսկապես օգտակար օգնական, այլ ոչ թե թանկարժեք տեխնոլոգիական խաղալիք։