Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում բոլոր որոշումներն ընդունվում են անորոշության պայմաններում։ Այս մասին «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը՝ պատասխանելով Հայաստանում բուհերի և գիտական ինստիտուտների միավորման հնարավոր ձևաչափերի և գիտության կառավարման համակարգի մասին հարցին։
Նա նշեց, որ բոլորը խոսում են էկոհամակարգի մասին, բայց վերցնում են միայն վերին մասը, ոչ ոք հաշվի չի առնում ստորին շերտերը։ Նրա խոսքով, եթե վերցնենք անտառը, այն ասոցացվում է ծառերի հետ, սակայն որպեսզի ծառերն այս էկոհամակարգում ապրեն, անհրաժեշտ է հող, միկրոօրգանիզմներ և այլն։
«Սրանք համակարգ ձևավորող տարրեր են, բայց դրանց մասին չենք խոսում»,- նշեց նա։
Կենտրոնի տնօրենը պարզաբանեց, որ Հայաստանում գիտությունը բարեփոխելու, էկոհամակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին այսօր չէ, որ սկսել են խոսել, դրա մասին խոսում են ավելի քան 20 տարի, պարզապես փոխվում են օգտագործվող եզրույթները. ռուսերեն եզրույթներից անցել են անգլերենի, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվել։
«Մենք չենք կարողանում այդ էկոհամակարգը ստեղծել ներքևից մինչև վերև, որովհետև այսօր մեր թեման է 1943-ին պատերազմի ժամանակ ստեղծված, պատմություն ունեցող Գիտությունների ազգային ակադեմիան մեզ պե՞տք է, թե՞ ոչ։ Ինձ համար այդ հարցն արդեն զավեշտ է։ Մեր կենտրոնն ստեղծվել է 1993-ին՝ էլի պատերազմի ժամանակ։ Ու հիմա ինչ-որ մեկն էլ կարող է մտածել՝ մեր կենտրոնը, պե՞տք է, թե՞ ոչ Հայաստանի համար։ Այսինքն՝ մենք ի սկզբանե այնպիսի հարցեր ենք դնում, որոնց հարցադրումն արդեն զավեշտալի է»,- ասաց նա։
Լիլիթ Սահակյանը նշեց, որ իրականում այսօր Գիտությունների ակադեմիայի, նախագահության, ինստիտուտների արդիականացման խնդիր կա։ Նրա խոսքով՝ կան կառավարման խնդիրներ՝ կապված սոցիոմետրիայի և գիտաչափության հետ։ Մենք մեր կողմից առկա թվերը մեկնաբանում ենք մի կերպ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այլ կերպ է գնահատում դրանք։ Ենթադրենք, որ Էկոկենտրոնի գիտնականները տարեկան հրապարակում են 30 հոդված՝ դրա մեջ ներդնելով X քանակի հետազոտական անձնակազմ և Y գումար: Եվ մեկ այլ ինստիտուտ հրապարակում է 40 հոդված՝ ներդնելով 3X աշխատակիցներ և 10Y գումար:

«Ուրեմն այս հաստատություններից ո՞րն է ավելի արդյունավետ աշխատում»,- հարցրեց նա:
Կենտրոնի տնօրենը նշեց, որ գիտական դպրոցներ ստեղծելը շատ բարդ խնդիր է, և եթե Հայաստանում կան կայացած դպրոցներ, ապա դրանք պետք է պահպանվեն։ Էկոկենտրոնը այս դպրոցներից մեկի օրինակն է, որտեղ աշխատում են լուսավոր մարդիկ, որոնց մոտիվացիան հայրենասիրությունն է, գիտությանը նվիրվածությունը, սերունդների կրթությունը և էկոհամակարգի ստեղծումը։ Ու թեև նրանք այս էկոհամակարգի «ծառերն» են, սակայն, ըստ նրա, հասկանում են, որ ստեղծելով ստվեր՝ պետք է թույլ տան, որպեսզի արևի լույսը հասնի նաև ստորին էկոհամակարգին, որպեսզի այն ևս գոյատևի։
«Եվ կառավարման առումով մենք գիտնականների հետ ամեն ինչ կարող ենք անել միայն փաստահեն։ Ու այդ փաստերը ոչ թե պետք է լինեն իմ կարծրատիպերը, իմ գիտական լավ կամ վատ մանկությունը, այլ օբյեկտիվ իրականությունը»,- ասաց նա։
Լիլիթ Սահակյանի կարծիքով՝ զավեշտալի է մի կողմից ասել, որ Գիտությունների ակադեմիան գիտական հրապարակումների քանակով երկրորդ տեղում է, մյուս կողմից՝ որ բուհերի կառավարման համակարգը փոխելու կարիք ունի, քանի որ անարդյունավետ է, և միևնույն ժամանակ կասկածի տակ դնել Գիտությունների ակադեմիայի գոյությունը։
«Ես այս տրամաբանությունը չեմ հասկանում։ Կարող է այդտեղ կա ինչ-որ տրամաբանություն, որն ինձ հասու չէ, բայց ես մինչև այսօր չեմ հասկացել այդ տրամաբանությունը։ Ինչո՞ւ նորը դեռ չստեղծած հինը քանդենք»,- նշեց նա։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը, պատասխանելով գիտական ինստիտուտների և բուհերի փոխգործակցության հնարավոր ձևաչափերի և օպտիմալ կառավարման համակարգի մասին նույն հարցին, նշեց, թե կցանկանար, որ Հայաստանում միաժամանակ գոյություն ունենային ուժեղ ինստիտուտներ և ուժեղ ակադեմիա։
Ըստ ինստիտուտի տնօրենի՝ Հայաստանում բուհերը պետք է լինեն ոչ միայն Երևանում, որը վերածվել է «շենքերի գերեզմանոցի»։ Նրա խոսքով՝ պետք է ապակենտրոնացնել դրանք և բաշխել ողջ Հայաստանում։
«Ես կցանկանայի, որպեսզի մեր համալսարանները շատ կենտրոններ ունենային Հայաստանի տարբեր շրջաններում։ Օրինակ՝ որպես այդպիսի մի նախագիծ կարելի է վերականգնել Տաթևի և Գլաձորի համալսարանները։ Եվ դա դարձնել բրենդ, ինչպես դա անում են Եվրոպայում։ Եվ ես կուզեի տեսնել շատ ուժեղ Ակադեմիա, որտեղ կարվեն լուրջ վերափոխություններ, կրճատումներ և արդիականացում: Եվ ես կպատկերացնեի մեր կրթական համակարգը ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց, որպես մի համակարգ, որտեղ հետազոտությունն իր տեղն ունի, կրթությունը՝ իր, և այդ ամենը համագործակցում են հանուն հայկական պետականության»,- ասաց նա։
Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քառյանի կարծիքով՝ պետք է արձանագրել, որ կա կրթական բաղադրիչը հետազոտությամբ հագեցնելու խնդիր, որն իր հերթին նաև կսպասարկի հետազոտական աշխատանքում կադրերի պակասի խնդիրը։ «Սրանք փոխկապակցված և փոխլրացնող խնդիրներ են, և մենք պետք է գտնենք այդ օրգանիկ կապը, ինչպես դա անել»,- ասաց նա։
Քառյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կա գիտակրթական գործունեության կազմակերպման երկու իրավական ձև՝ հիմնադրամներ և ՊՈԱԿ, և, նրա կարծիքով՝ կառավարման այս ձևերն անարդյունավետ են։ Նա կարծում է, որ այս երկու բաղադրիչների օրգանական կապի հիման վրա պետք է գտնել մեկ այլ ձև, և բոլոր շահագրգիռ կողմերին պետք է ներգրավել այդ որոնման գործում։ Որպես հնարավոր մոդել նա անվանեց Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի կազմակերպման ձեւը, որը բավականին տարածված մոդել է ԱՄՆ-ում։






