Հայաստանը գիտությունը զարգացնելուն այլընտրանք չունի։ Այս հարցում համակարծիք էին «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Հայաստանի գիտատեխնոլոգիական և նորարարական ազգային համակարգ. Խնդիրներից դեպի վերածնունդ» համաժողովի՝ գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգի թեմայով պանելային քննարկման բոլոր մասնակիցները։

Հարցին, թե արդյոք Հայաստանն ունի բավականաչափ ռեսուրս, գիտելիք, եւ մարդկային կապիտալ՝ երկրի կայունությունը, բարեկեցությունը եւ անվտանգությունը ապահովող գիտություն եւ տեխնոլոգիաներ ունենալու համար, Robomart ընկերության համահիմնադիր եւ «Գիտուժ» նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը պատասխանեց հարցով. «Իսկ մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ։ Եթե ուզում ենք, ապա այլընտրանք չունենք»։

Նա նշեց, որ գիտությունն ու տեխնոլոգիաները ունակ են լուծել անվտանգային շատ խնդիրներ։

«Ամեն երկիր իր խնդիրներն ունի, որոնք հաճախ համընդհանուր են, երբեմն էլ՝ հատուկ են կոնկրետ երկրի համար։ Եվ շատ կարեւոր է, որ դրանք կարողանանք վերհանել եւ գտնել լուծումները։ Ցավոք, այս պահին մենք տեսնում ենք, որ որոշ հարցեր չեն ձեւակերպվում, որովհետեւ հույսը դնում ենք դրսից լուծում գտնելու վրա։ Պետք է կարողանալ ինքնուրույն լուծել այդ խնդիրները։ Եվ պետական մարմինների իմաստը հենց այն է, որ այդ խնդիրները լուծվեն, իսկ ռիսկերը կառավարելի դառնան», – ասաց նա։

Ըստ Տիգրան Շահվերդյանի, գիտության ոլորտին տրվող պետպատվերի համատեքստում կարեւոր է հասկանալ, թե ինչի պակաս ունի երկիրը, ինչ գաղափարների անհրաժեշտություն կա։ Եվ ակնհայտ է, որ դա մի նախարարության լուծելու խնդիր չէ, կառավարությանը կից կառույցներ պետք է լինեն, որոնք կհամակարգեն այդ աշխատանքը։

Նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ոչ հիմնարար գիտության ֆինանսավորման մի քանի մեխանիզմներ կան՝ վենչուրային կապիտալի համաֆինանսավորում, հետազոտությունները ֆինանսավորող ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրում, եւ պետության կողմից ուղիղ ֆինանսավորում։ Ընդ որում, Վաչե Գաբրիելյանի կարծիքով, պետությունից ֆինանսավորում ակնկալելիս ծրագրի նպատակները պետք է հստակ ձեւակերպված լինեն։

«Որովհետեւ պետությունը երբեք ընդհանրական ցանկություններին չի արձագանքում։ Ձեզանից շատերին տրամաբանական է թվում, որ ՀՆԱ–ի իքս տոկոսը պետք է ծախսել գիտության վրա։ Պետական ապարատի տեսակետից դա տրամաբանական չէ», – ասաց նա։

Դեկանը հիշեցրեց, որ Հայաստանում տարբեր կառավարություններ մի քանի անգամ փորձել են գիտության զարգացման քաղաքականություն մշակել, բայց այն այդպես էլ վերջնականապես չի ձեւակերպվել։ Եղել են մի քանի փաստաթղթեր, որոնք նաեւ ինդուստրիալ քաղաքականությանն են վերաբերել, բայց այդպես էլ պետությունը չի կողմնորոշվել՝ պե՞տք է արդյոք հստակ ինդուստրիալ քաղաքականություն որդեգրել՝ սահմանելով առաջնահերթություններ, թե պետք է թողնել, որ շուկան ինքը թելադրի առաջնահերթությունները։

Վաչե Գաբրիելյանի խոսքով, այսօր կառավարությունը ակտիվորեն ֆինանսապես աջակցում է տարբեր ընկերություններին, սակայն չունի հստակ ձեւակերպված քաղաքականություն, թե որ ոլորտներին եւ ինչ չափանիշներով պետք է օգնել։

Նա հիշեցրեց, որ, օրինակ, կառավարությունը փոխհատուցում տրամադրեց ՏՏ ոլորտի ընկերություններին, ինչը, նրա կարծիքով, «ամենահիմնավորված որոշումը չէր»։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները կարողացան ձեւակերպել իրենց պահանջները, եւ արդյունքում ստացան ֆինանսական օգնություն։

«Եթե գիտական, տեխնոլոգիական հանրությունը կարողանա ձեւակերպել պահանջներ, եթե հստակեցնի, թե որ ուղղություններով ամենամեծ հետադարձ արդյունքը կլինի, ապա հավանականությունն ավելի մեծ է, որ այդ ուղղություններով կլինեն ավելի մեծ ներդրումներ։ Սակայն այս պահին, ցավոք, այդ երկխոսությունը արտադրության եւ կառավարության միջեւ առարկայական մակարդակով գոյություն չունի», – ասաց նա։

Վաչե Գաբրիելյանը կարծում է, որ Հայաստանը չի կարող զարգացնել տեխնոլոգիաներ ամբողջ սպեկտրով՝ հաշվի առնելով երկրի չափերը։ Բայց կարող է ունենալ մի շարք տեխնոլոգիաներ, որոնք օգուտ կբերեն երկրին։

Երեւանի բժշկական համալսարանի պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը առաջարկեց պարզել, թե Հայաստանում քանի գիտնական է «ռեալ» գիտությամբ զբաղվում՝ այդպես էլ չհստակեցնելով, թե որոնք են «ռեալ» գիտության չափանիշները։ Նրա կարծիքով, ելնելով դրանից պետք է պարզել գիտության առաջնային ուղղությունները եւ դրանց ուղղել ֆինանսները, որովհետեւ «Հայաստանը ԱՄՆ–ն չէ, եւ չի կարող ծածկել բոլոր ուղղությունները»։

Կոնստանտին Ենկոյանի կարծիքով, մենք դանդաղ քայլերի ժամանակ չունենք, պետք է արագ գործել եւ այն գիտնականներին, որոնք կանցնեն «օբյեկտիվ ֆիլտրերը», պետք է ավելի շատ հնարավորություն եւ ազատություն տալ, ինչպես նաեւ պարտադրել իրենց շուրջ որոշակի էկոհամակարգ ստեղծել։

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար Արթուր Իշխանյանը կարծում է, որ Հայաստանում գիտնականների եւ կառավարության միջեւ երկխոսության խնդիր կա։  Նա բազմիցս է այդպիսի երկխոսության փորձեր նախաձեռնել, բայց դրանք չեն հաջողվել հետադարձ կապի բացակայության պատճառով։

«Ակնհայտ է, որ անվտանգությունը ցանկացած օրգանիզմի  կամ հանրության առաջնային խնդիր է։ Եվ ակնհայտ է, որ ազգերի մրցակցությունը թեւակոխել է առանձնահատուկ փուլ, որտեղ գիտատեխնոլոգիական մրցակցությունը առաջնային է։ Եվ մեզ այսօր, այս իրավիճակում անհրաժեշտ է արդիականացում մեր կյանքի եւ գործունեության բոլոր ոլորտներում։ Մեզ անհրաժեշտ է, որպեսզի կիրառվեն, ստեղծվեն ամենաառաջատար տեխնոլոգիաները: Հետեւաբար, իմ խորին համոզմամբ, մեզ անհրաժեշտ է, որ երկրում հաստատվի գիտության եւ տեխնոլոգիաների հանդեպ կիսակրոնական երկյուղածության մթնոլորտ ու միջավայր», – ասաց նա։

Ակադեմիկոս–քարտուղարը նաեւ նշեց, որ գիտության միայն նպատակային ֆինանսավորման տարբերակն անընդունելի է։  «Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչը կլինի կարեւոր 5 տարի անց։ Մենք 2019 թվականին ենք փակել Վիրուսոլոգիայի ինստիտուտը։ Իսկ 2020 թվականին եղավ կորոնովիրուսային համավարակը։  Մեզ անհրաժեշտ է պահպանել նվազագույն էկոհամակարգ, եւ պետությունը, որն ուզում է գոյատեւել այս արեւի տակ, այդ հնարավորությունը պետք է տա», – ասել է նա։

Ըստ Արթուր Իշխանյանի, Հայաստանի դեմ վարվող տեղեկատվական պատերազմի պայմաններում ԳԱԱ–ն արդեն երկու տարի է՝ տարբեր առաջարկներով դիմում է կառավարությանը՝ ներկայացնելով, թե ինչ գիտական տեղեկատվությամբ է պետք լցնել դաշտը՝ ապատեղեկատվությանը հակադարձելու համար։ Եվ միայն երկու տարի անց հաջողվեց ստեղծել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը, որը եւ կոչված է պայքարել հակահայկական պրոպագանդայի դեմ։ Դա, ըստ նրա, գիտական այնպիսի ինստիտուտի օրինակ է, որը ոչ մի կերպ հնարավոր չէ պատկերացնել որեւէ կրթական համակարգի կազմում։

Ըստ գիտնականի, առանձին խնդիրների համար անհրաժեշտ է ունենալ ճկուն, անկախ հետազոտական հաստատություններ, ինստիտուտներ, որոնց երբեք պետք չէ դարձնել միայն կրթությանը սպասարկող։ Դրանք կարող են այլ խնդիրներ լուծել։

«Այդպիսի ինստիտուտների առկայությունը նաեւ ազգաստեղծ է ու պետականաստեղծ։ Ի վերջո, ազգային պետությունը, որը մենք ուզում ենք ունենալ, պետք է մարդուն երջանիկ լինելու հնարավորություն տա։ Իսկ չէ՞ որ ցանկացած հանրությունում ծնվում են գիտնականներ։ Ծնվում են մարդիկ, որոնց հետաքրքիր է բացահայտել նորը։ Եթե այդ մարդիկ այդ հանրությունում տեղ չեն ունենալու, ապա այդ հանրությունը, այդ պետությունը պետք չէ։ Ուրեմն միայն հենց այդ պատճառով, որ հանրությունը լինի ամբողջական , անհրաժեշտ է, որ պետությունը աջակցի եւ պահպանի այդ մարդկանց, թե չէ նրանք անընդհատ գաղթելու են, անընդհատ լինելու է հակակրանքի գեներացիա այդ պետության  հանդեպ», – ասաց նա։

Firo եւ Skycryptor ընկերությունների համահիմնադիր, «Գիտուժ» նախաձեռնության անդամ Արամ Ջիվանյանը նշեց, որ Ենկոյանը շեշտը դնում է միայն չեմպիոնների վրա, մինչդեռ սպորտը միայն չեմպիոններ ունենալու համար չէ, այն շատ կարեւոր է հասարակության առողջության համար։ Ըստ նրա, կա ուրիշ մոտեցում եւս, թե պետությունը ի՞նչ ռիսկեր է պատրաստ կառավարել։

«Մենք խոսում ենք չկայացած, չգործող պետպատվերի մասին, եւ պատկերացնում ենք, որ դա միաեղջյուր է, որն այսօր չկա, վաղը պետք է սկսի աշխատել։  Ես պատկերացնում եմ, որ մենք պետք է սկսենք փոքր քայլերից», – ասաց նա։