Արաբական Միացյալ Էմիրություններում գործարկվել է աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ «Ալ Դաֆրա»-ն, որն ունի գրեթե 4 միլիոն երկկողմանի արևային մարտկոցներ և էլեկտրաէներգիա կտրամադրի գրեթե 200,000 տնային տնտեսությունների և կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները ավելի քան 2,4 միլիոն տոննայով։
Երկու ԳՎտ հզորությամբ էլեկտրակայանը գտնվում է Աբու Դաբիից 35 կմ հեռավորության վրա։ Կայանի շինարարության ամենաթեժ պահին այն ստեղծել է մոտ 4500 աշխատատեղ։
«Ալ-Դաֆրա»-ի նախագիծը մշակել են Abu Dhabi Future Energy Company-ն (Masdar), Աբու Դաբիի ազգային էներգետիկ ընկերությունը, (TAQA), ֆրանսիական EDF Renewables-ը և արևային պանելների նախագծմամբ զբաղվող չինական JinkoPower ընկերությունը։
TAQA-ին պատկանում է նախագծի 40%-ը, իսկ Masdar-ին, EDF Renewables-ին և Jinko Power-ին` յուրաքանչյուրին 20-ական տոկոս: «Ալ Դաֆրա»-ն էլեկտրաէներգիա կմատակարարի Emirates Water and Electricity Company (EWEC) ընկերություններին՝ 2020-ի էլեկտրաէներգիայի գնման պայմանագրի համաձայն:
Երկրի էլեկտրացանցերին էլեկտրակայանի միանալուց հետո ԱՄԷ-ի արևային էներգիայի արտադրության հզորությունն ավելացել է մինչև 3,2 ԳՎտ: Սեպտեմբերին EWEC-ը կոչ էր արել ընդունել Աբու Դաբիի մերձակայքում գտնվող Ալ Խազնա քաղաքում 1,5 ԳՎտ հզորությամբ արևային ֆերմա ստեղծելու առաջարկը: ԱՄԷ-ն մտադիր է մինչև 2030-ը եռապատկել իր վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքի հզորությունը մինչև 14 ԳՎտ:
ԱՄԷ-ն նախատեսում է մինչ 2050-ը հասնել էներգետիկ հավասարակշռության, որը 44%-ով կապահովի կանաչ էներգիայով, 38% գազով, 12% մաքուր ածուխով և 6% ատոմային էներգիայով։ ԱՄԷ-ի ղեկավարությունը վստահեցնում է, որ երկիրը մինչև դարի կեսը կդառնա ածխածնային չեզոք երկիր։






