Apple-ը բարձրացրել է iPhone-ի մարտկոցի փոխարինման գները

3 մարտի, 2023  19:47

Apple-ը բարձրացնում է պաշտոնական սպասարկման կենտրոններում iPhone-ների մարտկոցների փոխարինման գները. iPhone-ի բոլոր մոդելների (բացառությամբ iPhone 14-ի) մարտկոցների ոչ երաշխիքային սպասարկման շրջանակում մարդիկ այժմ ստիպված կլինեն 20 դոլարով ավելի վճարել, քան նախկինում:

9to5Mac պարբերականը պարզաբանում է, որ թանկացումը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ սմարթֆոնի մարտկոցի երաշխիքային ժամկետն արդեն ավարտվել է։ 2022 թ. թողարկված iPhone 14 սմարթֆոններին թանկացումը, ինչպես արդեն նշվեց, չի վերաբերում։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ դրանց մարտկոցների փոխարինումը ի սկզբանե շատ ավելի թանկ էր, քան ցանկացած այլ iPhone-ի պարագայում՝ 99 դոլար:

Այսպիսով, այսուհետ iPhone-ի սիրահարները iPhone X-ի, iPhone 11-ի, iPhone 12-ի և iPhone 13-ի մարտկոցը փոխարինելու համար ստիպված կլինեն վճարել 89 դոլար: Իսկ iPhone SE, iPhone 8 և ավելի վաղ մոդելներ ունեցողները նախկին $49-ի փոխարեն այժմ արդեն ստիպված կլինեն վճարել $69։

Իսկ որքա՞ն հաճախ են ստիպված լինում փոխել iPhone-ի մարտկոցները  

Apple-ը խորհուրդ է տալիս իր սմարթֆոնների մարտկոցները փոխարինել լիցքավորման յուրաքանչյուր 400-500 ցիկլից հետո (ամբողջական լիցքավորումը համարվում է 0-ից 100%), կամ երբ մարտկոցը կորցնում է իր հզորության 20%-ից ավելին։ Սովորաբար դա տեղի է ունենում հեռախոսի ակտիվ օգտագործումից մոտ մեկուկես տարի հետո:

Այնուամենայնիվ, օգտատերերի մեծ մասը շարունակում է օգտագործել հին մարտկոցը այնքան ժամանակ, քանի դեռ այն նույնիսկ մի փոքր լիցք է պահում։

Ո՞ր դեպքերում մարտկոցը չի կարելի օգտագործել և պետք է շտապ փոխարինել:

  • Եթե մարտկոցը ուռել է կամ փոխել չափերը,
  • Եթե հեռախոսն անջատվում է, նույնիսկ եթե դեռ 20-40% լիցք կա,
  • Եթե մարտկոցի հզորությունը նվազել է մինչև 79% կամ ավելի քիչ:

Հնարավո՞ր է մարտկոցի կյանքը երկարացնել: Պարզվում է՝ այո, եթե հետևեք մի քանի խորհրդի, որոնց մասին ավելի վաղ գրել էր NEWS.am Tech-ը։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ