Apple-ի բաժնետոմսերը տարեսկզբից նվազել են 22%-ով. 2021 թ. հունիսից ի վեր սա ամենացածր գինն է

29 դեկտեմբերի, 2022  12:17

Արդեն երրորդ առևտրային նստաշրջանն անընդմեջ Apple-ի բաժնետոմսերի գինը նվազում է։ Վերջին առևտրային նստաշրջանի ավարտին դրանք նվազել են ևս 1,4%-ով։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից դրանց գինը նվազել է 22%-ով։ Մինչ օրս մեկ բաժնետոմսի գինը կազմում է մոտ 126 դոլար, ամենացածրը 2021 թ․ հունիսից ի վեր, երբ բաժնետոմսն արժեր մեկ դոլարով ավելի, քան այսօր:

Ընկերության բաժնետոմսերի գնանկումը տեղի է ունենում էլեկտրոնիկայի վաճառքի գլոբալ անկման ֆոնին, սակայն մեծ դեր են խաղում նաև ներդրողների մտավախությունները, որ ընկերությունը չի կարող ապահովել iPhone-ների ամբողջական առաքում տոնական շրջանում, այդ թվում՝ չինական Foxconn գործարանում առկա խնդիրների պատճառով, որոնք հանգեցրին այս տարվա ամենավաճառվող մոդելների՝ iPhone 14 Pro-ի և Pro Max-ի առաքումների կրճատմանը:

TF Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի կարծիքով՝ այս եռամսյակում վերոնշյալ սմարթֆոնների ծավալները կարող են կրճատվել 15-20 միլիոնով, ինչի պատճառով վնասներ կկրեն թե՛ գործարանը, թե՛, իհարկե, հենց Apple-ը։

Foxconn-ը փորձում է վերականգնել արտադրությունը և բոնուսներ է խոստանում աշխատողներին

Apple-ի գլխավոր պայմանագրային արտադրող Foxconn-ը փորձում է լիովին վերականգնել արտադրությունը Չժենչժոուում գտնվող iPhone-ի աշխարհի ամենամեծ հավաքման գործարանում: Կարևոր պաշտոններում աշխատողներին խոստացել են 5000 յուան ​​(718 դոլար) բոնուս, եթե նրանք գործարանում աշխատեն մինչև մարտի վերջ: Ոչ էական պաշտոններ զբաղեցնող աշխատողների համար բոնուսը կկազմի 4700 յուան, իսկ մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին կվճարվի 4500 յուան։

Reuters-ի փոխանցմամբ՝ մինչև 2023 թ․ հունվարի սկիզբը գործարանը նախատեսում է ամբողջությամբ վերականգնել iPhone 14 Pro-ի արտադրությունը։ Ճիշտ է, ապագայում գործարանը, ամենայն հավանականությամբ, կկորցնի iPhone 15 Pro սմարթֆոնների բացառիկ հավաքողի կարգավիճակը, քանի որ տեղի ունեցածից հետո Apple-ը, հավանաբար, այլևս չի ցանկանա նման իրավիճակում հայտնվել և կսկսի ընդլայնել արտադրական գործընկերների ցանկը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ