Կրճատումների նոր ալիք․ Disney-ն և Boeing-ը 9000 աշխատակցի կկրճատեն, իսկ Meta-ն սկսել է կրճատել միջին օղակի մենեջերներին

9 փետրվարի, 2023  21:33

Սպասվող տնտեսական ճգնաժամի պայմաններում իրենց աշխատողներին կրճատող ընկերությունների շարքին են ավելացել նաև Disney-ն ու Boeing-ը։ Առաջինը նախատեսում է կրճատել մոտ 2000 աշխատակցի, երկրորդը՝ 7000-ի։

Boeing

Ամերիկյան Boeing ընկերությունը 2023 թ․ նախատեսում է կրճատել մոտ 2000 աշխատակցի։

Ինչպես գրում է Seattle Times թերթը, կրճատումները հիմնականում կվերաբերեն ֆինանսների և կադրերի բաժնի աշխատակիցներին։ Փոխարենը, ընկերությունը նախատեսում է աշխատանքի ընդունել ավելի շատ արտադրական բաժինների աշխատողների և ինժեներների, ինչը ղեկավարության կարծիքով՝ կօգնի խթանել Boeing-ի «զգալի աճն» այս տարի, հատկապես Փյուջետ Սաունդ տարածաշրջանում:

Աշխատանքից ազատվող աշխատակիցների գործառույթների մի մասը կփոխանցվի Հնդկաստանում գտնվող Tata Consulting Services ընկերությանը։

Disney

Disney մեդիակոնգլոմերատը նույնպես ծրագրում է զանգվածային վերակազմավորում, որը կհանգեցնի 7000 աշխատատեղերի կորստի՝ ընկերության համաշխարհային աշխատուժի մոտ 3,6%-ը։ Ընկերության ղեկավարության կարծիքով՝ դա թույլ կտա 5,5 միլիարդ դոլար խնայել:

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, ընկերության գործադիր տնօրեն Բոբ Իգերը ծախսերի կրճատման ծրագիրը ներդրողներին ներկայացրել է ֆինանսական հաշվետվության հրապարակման ժամանակ։ Ըստ հաշվետվության՝ ընկերության զուտ շահույթը կազմում է 1,28 մլրդ դոլար, ինչը ցածր է վերլուծաբանների 1,43 մլրդ դոլար կանխատեսումից։

Meta

Meta Platforms-ը աշխատանքից ազատում է 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ը: Այժմ, ինչպես պարզվում է, կարող են կրճատվել նաև միջին օղակի մենեջերները, որոնց կառաջարկվի կա՛մ անցնել կոնկրետ աշխատանքային պարտականությունների, կա՛մ լքել ընկերությունը։

Ինչպես գրում է Bloomberg-ը, ղեկավարելու և վերահսկելու փոխարեն միջին օղակի մենեջերներից շատերին այժմ առաջարկում են կոդ գրել, նախագծել, կատարել հետազոտություն և այլն։ Meta-ի որոշ աշխատակիցներ կարծում են, որ այս փոփոխություններն անհրաժեշտ են և ճիշտ, քանի որ նրանց խոսքով՝ ընկերությունում կան մի քանի թիմեր, որոնք աշխատում են նմանատիպ խնդիրների վրա, ինչպես նաև ղեկավարներ, որոնք վերահսկում են միայն մեկ կամ երկու աշխատակցի:

Հիշեցնենք, որ վերջերս կրճատումների մասին հայտնել են Pinterest-ը, Miro-ն, Splunk-ը, eBay-ը, IBM-ը, Lam Research-ը, NetApp-ը, PayPal-ը, 343 Industries-ը, Unity Software-ը, Microsoft-ը, Amazon-ը, Tesla-ն, Micron Technology-ն, Xiaomi-ն, HP-ն, Vimeo-ն և շատ ընկերություններ: 


 
 
 
 
  • Արխիվ