ԱՄՆ-ում լիցքավորման դրված iPhone-ը հրդեհվել է․ տեսախցիկը ֆիքսել է բռնկման պահը

23 հունվարի, 2023  16:27

ԱՄՆ Օհայո նահանգի տներից մեկում լիցքավորման դրված iPhone 4-ը բռնկվել է այն ժամանակ, երբ ողջ ընտանիքը քնած է եղել։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է բռնկվելուց քիչ անց հրդեհն ինքն իրեն մարվում։ Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ինչպես տեղեկացնում է 9to5mac.com-ը, Բրայան և Ջենիֆեր Լեյսգանգները Facebook-ում պատմել են տեղի ունեցածի մանրամասները՝ նշելով, որ բռնկման պահը ֆիքսել է խոհանոցում տեղադրված Google Home շարքի տեսախցիկը։

«Մեր բախտը բերել է, որ խուսափել ենք տան հրդեհվելուց։ Անցած գիշեր մեր երեխաները լիցքավորում էին մեր հին iPhone 4-ը Apple-ի լիցքավորիչով, և այն պայթել է ու բռնկվել մեր խոհանոցում, երբ մենք քնած էինք: Բարեբախտաբար, մենք հենց երեկ էինք մաքրել խոհանոցի սեղանը, որտեղ [սովորաբար] շատ են լինում դպրոցական դասագրքեր ու թերթեր։ Այսօր առավոտյան սեղանին այրված հեռախոս և սև մուր գտանք»,- ամուսինները գրել են ֆեյսբուքյան իրենց էջերում։

321851782_723299539318873_380059446719932743_n.jpg (540 KB) 

Կայքը նշում է, որ լիթիում-իոնային մարտկոցները լայնորեն են օգտագործվում էլեկտրոնիկայում, և հազվադեպ է պատահում, որ մարտկոցները բռնկվեն, բայց երբեմն վերալիցքավորվող մարտկոցները գերտաքանում են և բռնկվում։

Ինչ վերաբերում է կոնկրետ այս iPhone-ին, ըստ կայքի՝ բռնկման մի քանի պատճառ կարող է լինել: Հաճախ բռնկման պատճառ են դառնում անորակ լիցքավորիչները, թեև կոնկրետ այս դեպքում լիցքավորման մալուխը լավ վիճակում է:

322863339_1133434473982307_3043532279113885838_n.jpg (173 KB) 

Բացի դրանից, այստեղ կարևոր գործոն է նաև այս հեռախոսի տարիքը․ քիչ հավանական է, որ 12-ամյա այս iPhone-ն աշխատեր իր օրիգինալ մարտկոցով․ կա՛մ փոխվել է դրա մարտկոցը, կա՛մ էլ հեռախոսը մշտապես կամ հիմնականում միացված է եղել լիցքավորիչին, ինչն էլ կարող է հանգեցրած լինել գերտաքացման ու հետևաբար նաև բռնկման։ Այս մասին մանրամասներ չկան։

Տարիքի հետ լիթիում-իոնային մարտկոցները կարող են նաև ընդարձակվել։ Մարտկոցի ներսում քիմիական ռեակցիան ապահովում է էներգիա, սակայն քիմիական ռեակցիան ժամանակի ընթացքում կարող է ձախողվել, ինչի հետևանքով կարող է առաջանալ գազ: Իսկ սրա հետևանքով մարտկոցն ուռում է, ինչը մեծապես մեծացնում է հրդեհի բռնկման վտանգը:


 
 
 
 
  • Արխիվ