Ակադեմիայում սպասում են իրենց մի շարք առաջարկների վերաբերյալ կառավարության ընդառաջ քայլերին

7 հունվարի, 2023  21:40

Ի՞նչ ձեռքբերումներ և թերացումներ են եղել Հայաստանի գիտության ոլորտում 2022 թ., ինչպե՞ս է ազդել ֆինանսավորման ավելացումը գիտական ակտիվության վրա, և ի՞նչ մարտահրավերներ դեռ կան այս ոլորտում։ Այս ամենի մասին NEWS.am TECH-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։

Ակադեմիկոս-քարտուղարի խոսքով՝ ֆինանսավորման ավելացումը շատ կարևոր է գիտության զարգացման համար, և դա անցած տարվա կարևորագույն ձեռքբերումներից է։ Սակայն միայն դա բավարար չէ. օրենսդրական լուրջ փոփոխություններ և ոլորտի խորքային բարեփոխումներ են անհրաժեշտ՝ առանձնացնելով Հայաստանի համար գիտական ռազմավարական ուղղությունները։

Արթուր Իշխանյանը, որպես դրական քայլ գնահատեց այն, որ տարեվերջին վերջապես քննարկման դրվեց «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի» երկար սպասված փոփոխությունների նախագիծը։ Այդ փոփոխությունները հստակեցնում են գիտական գործունեությանը վերաբերող որոշ տերմիններ, ինչպես նաև որոշ չափով հեշտացնում են գնումների ընթացքը գիտական հաստատությունների համար, ինչի անհրաժեշտության մասին երկար ժամանակ ահազանգում էին գիտական կազմակերպությունների տնօրենները։

Այս փոփոխություններով առաջարկվում է նաև Ակադեմիայի կառավարման խորհրդի ստեղծում, որում, Ակադեմիայի ղեկավարությունից բացի, պետք է ներառվի պետության լիազոր մարմնի, այսինքն՝ Գիտության կոմիտեի ներկայացուցիչ, ինչպես նաև՝ ներկայացուցիչ այլ գերատեսչությունից։ Արթուր Իշխանյանի կարծիքով՝ սա լուրջ փոփոխություն է, որի արդյունքում Ակադեմիայի գործունեությունը կլինի ավելի կոհերենտ պետական այլ կառույցների գործունեության հետ։

2022 թ. շրջանառության մեջ են դրվել մի շարք այլ կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են Բարձրագույն որակավորման կոմիտեի գործունեությանը, մասնավորապես, գիտական աստիճանաշնորհման կանոնակարգին։

Սակայն, ինչպես նշեց Արթուր Իշխանյանը, չնայած ձեռնարկած մի շարք դրական միջոցների, 2022 թ. ավարտին գիտական գործունեության ամփոփումը ցուցանիշների անկում է գրանցել, և դա երկրի 30-ամյա ընթացքի օբյեկտիվ արդյունքն է։

Ցուցանիշների անկում

2022 թ. գիտական ակտիվության ցուցանիշը Հայաստանում շարունակել է անկումը, որն սկսվել էր 2019 թ., թեպետ ԳԱԱ ղեկավարությունը հույս ուներ, որ ցուցանիշները կկայունանան։ «Անկումը պայմանավորված է նրանով, ինչի մասին անընդհատ զգուշացվել է դեռ 10 տարի առաջ։ Շատ պարզ պատճառով․ գիտական կադրերի տարիքային բաշխման կորում ունենք երկու գագաթ՝ երիտասարդների և տարեցների։ Երիտասարդների գագաթը մնում է անփոփոխ, որովհետև երիտասարդները գալիս են, հետո լքում ոլորտը։ Իսկ տարեցների գագաթը շարունակաբար տեղաշարժվում է դեպի ավելի մեծ տարիքային տիրույթ և ապրում է ընդհանուր թվի անկում՝ հասկանալի պատճառներով։ Քանի որ գիտական արդյունքի մեծ մասը տալիս են մեծահասակները, իսկ նրանց թիվը տարեցտարի պակասում է, ապա ցուցանիշների անկումը բնականոն սպասելի էր»,- ասաց Արթուր Իշխանյանը։

Դրա հետևանքով նախորդ տարվա գիտության ֆինանսավորման թռիչքաձև աճը (ՀՆԱ 0,23% -ից հասնելով ՀՆԱ 0,51% -ի) կարծես թե չի արտահայտվում։ Ֆինանսավորման աճը հանգեցրել է աշխատավարձերի բարձրացման, լաբորատորիաների նորոգման, նոր սարքավորումների գնման, բայց նոր մարդկանց շատ չի բերել դեպի գիտություն, քանի որ բավարար քանակով ուսանողներ չկան։

«Այսինքն՝ մեծ ներարկում է արվել գիտության մեջ, բայց կոնկրետ այս տարի մենք գրանցում ենք արագացված անկում։ Այդ անկումը հետևանք է երկար տարիների բարձիթողի վիճակի, և հարց է ծագում. անցե՞լ ենք մենք արդյոք անդառնալիության կետը։ Ես սա ցավով եմ հարցնում։ Ես հույս ունեի, որ այս տարի վիճակը գոնե կկայունանա։ Աճ չէի ենթադրում, բայց անկումն այս տարի ավելի մեծ է, քան անցյալ տարի, այսինքն՝ այդ ներարկումներն առայժմ շոշափելի արդյունք չեն տվել. ընդհանուր մակրոպատկերն ասում է, որ վիճակը լավ չէ, քանի որ գիտական զգալի արդյունք տվողների քանակն անբավարար է»,- ասաց նա։

Հայաստանում 1մլն բնակչության հաշվով 1300 գիտաշխատող կա, ինչն էապես ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից։ «Բայց, հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական վիճակը, եթե մենք արևի տակ ուզում ենք տեղ ունենալ, ապա աշխարհի միջինից պիտի էապես բարձր թիվ ունենանք։ Պետք է գիտաշխատողների թիվը մոտավորապես 3-4 անգամ ավելացնենք։ Չորս հազար գիտնականը պետք է դառնա 12000։ Հարց է ծագում․ այդ 8000-ը որտեղի՞ց վերցնել»,- ասաց նա։

Ակադեմիկոս-քարտուղարի խոսքով՝անբավարար քանակությամբ ասպիրանտական տեղեր են տրամադրվում, բայց անգամ այդ քիչ տեղերը թափուր են մնում։ Նա բերեց ֆիզիկայով զբաղվող ինստիտուտների օրինակը։ Եթե ինստիտուտի գիտաշխատողների թիվը դիցուք 100 է, ապա տարեկան 1-2 ասպիրանտ ընդունելով (այդքան տեղ է հատկացվում ամեն ինստիտուտին), ամբողջական սերնդափոխության համար «կպահանջվի հավերժություն»։ Տեսանելի ժամանակում սերնդափոխության համար ֆիզիկայի ոլորտում պահանջվում է տարեկան առնվազն 4-5 անգամ ավել ասպիրանտ, բայց նրանք ուղղակի չկան։ 

Արթուր Իշխանյանը հիշեցրեց, որ գիտնականների զանգվածային արտահոսքը երկրից և գիտությունից դեպի այլ ոլորտներ սկսվել է դեռ անցած դարի 90-ականներին։ Վերջին տարիներին ֆիզիկոսներն ու մաթեմաթիկոսներն ավելի շատ համալրում են ՏՏ ոլորտը, իսկ գիտությամբ զբաղվել ցանկացողները լքում են երկիրը։

Գիտնականներն զգուշացրել են այս վիճակի վտանգավորության մասին դեռ 10-15 տարի առաջ։ Եվ 10 տարի առաջ, ըստ Իշխանյանի, դեռ հնարավոր էր փրկել իրավիճակը։ Այն ժամանակ ակտիվ աշխատող գիտնականները 50-60 տարեկան էին, ավելի շատ ուսանողներ, ասպիրանտներ ունեին, իսկ այսօր արդեն 60-70 տարեկան են, և շուտով չեն կարողանա ասպիրանտների ղեկավարել։ Բացի այդ, այն ժամանակ երկիրը լքած իրենց աշակերտներին դեռ հնարավոր էր հետ բերել՝ համապատասխան ծրագրի իրականացման դեպքում, քանի որ նրանք դեռ բարի հուշեր ունեին իրենց կրթած դպրոցի մասին, որն իրենց «թռիչքի հնարավորություն էր տվել»։ Իսկ այսօր նրանք «տնավորված մարդիկ են, ընտանիքներով, լավ աշխատանքով, և նրանց համար տեղափոխվելը շատ դժվար է»։

Անցյալ տարվանից Գիտության կոմիտեն նման ծրագիր իրականացնում է, բայց այդ ծրագրով Հայաստան է բերվել ընդամենը հինգ երիտասարդ գիտնական, իսկ դա շատ քիչ է՝ բեկում մտցնելու համար։ Գիտկոմի կողմից ֆինանսավորվող նախագծերում այս տարվանից կարելի է ընդգրկել նաև բակալավրիատի որոշ ուսանողների (մինչ այս թույլատրվում էր ներգրավել միայն մագիստրոսներին), և նորմալ աշխատավարձ վճարել, բայց ուսանողների թիվը բնագիտական ֆակուլտետներում շատ քիչ է։

Այսօր անկումը կասեցնելու համար, ըստ Արթուր Իշխանյանի, անհրաժեշտ են շտապ, ոչ տրիվիալ և արտակարգ քայլեր։ Օրինակ՝ դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ նա առաջարկել էր բնագիտական առարկաներից բարձր առաջադիմություն ունեցող բոլոր ուսանողներին բոլոր ֆակուլտետներից տեղափոխել բնագիտական ֆակուլտետներ՝ տալով նրանց բարձր կրթաթոշակ։

2022 թ. ընթացքում ԳԱԱ ղեկավարությունը հանդես է եկել նաև Ակադեմիայի կառուցվածքի բարեփոխման մի շարք նախաձեռնություններով՝ կառույցի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Ակադեմիայում սպասում են կառավարության պատասխանին մի շարք առաջարկությունների վերաբերյալ

Այսպես, ի լուծումն ակադեմիայի անդամների ծերացման խնդրի, ԳԱԱ ղեկավարությունն առաջարկում է շտապ նոր ընտրություններ կազմակերպել, ընդ որում՝ միջազգային շատ բարձր չափանիշներով, և սահմանելով տարիքային վերին շեմ, և այսպիսով երիտասարդացնել ԳԱԱ անդամների կազմը։

Հաջորդ առաջարկը՝ ԳԱԱ Կանոնադրության փոփոխությունն է, որը նաև հնարավորություն կտա միավորել ԳԱԱ որոշ բաժանմունքներ։

«Հիմնավորման մեջ ասված է, որ աշխարհաքաղաքական այս վիճակում անհրաժեշտ է, որպեսզի բաժանմունքները լինեն, պատկերավոր ասած, ռեակտորներ, որտեղ տեղի կունենա նոր գաղափարների գեներացում, պետական կարևորության ծրագրերի մշակում։ Ակնհայտաբար, ներկայում արվողը բավարար չէ։ Մեզ պետք են նոր ընտրություններ, որպեսզի կազմը համալրվի, ու կարողանանք անել էապես ավելին»,- ասաց նա։

Շատ են խոսակցությունները նաև այն մասին, որ ակադեմիական համակարգն ուռճացված է, Հայաստանին հարկավոր չեն նույն գիտակարգով զբաղվող այդքան տարբեր ինստիտուտներ և այլն, և անհրաժեշտ է օպտիմալացում։ ԳԱԱ ղեկավարությունում համաձայն են, որ անհրաժեշտ է օպտիմալացում, և մշակել են ռազմավարություն, համաձայն որի՝ մի շարք ինստիտուտների միավորումով պետք է ստեղծվեն ութ գիտական խոշոր կենտրոններ՝ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գիտական ուղղություններով։

Բոլոր այս առաջարկները նախորդ տարվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկվել են կառավարություն, բայց պատասխան քայլեր, ցավոք սրտի, դեռ չկան։ Հայտնի է, որ կառավարությունում քննարկվում է այլ առաջարկ՝ գիտական ինստիտուտների ապագայի մասին. միավորել դրանք բուհերի հետ։ Բայց նման քայլը Արթուր Իշխանյանը վաղաժամ և վտանգավոր է համարում. բուհերին միանալուց հետո ինստիտուտները կկորցնեն ինքնուրույնությունը, և դա կարող է դեգրադացնել գիտական ողջ համակարգը։ Նրա խոսքով՝ Ակադեմիայում այս հարցով կառավարության հետ կառուցողական երկխոսություն ծավալելու հույս ունեն։

Արթուր Իշխանյանը շեշտեց, որ Ակադեմիայում քաջ գիտակցում են երկրի ներկա վիճակը, և այն, որ կառավարությունը շատ այլ հրատապ խնդիրներ ունի լուծելու, առաջին հերթին՝ անվտանգային։ Բայց, հիշեցրեց նա, գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ի վերջո ևս երկրի անվտանգության հարց է, և մեր վիճակն այս հարցում այժմ վատանում է, այնպես որ, անհապաղ միջոցներ են անհրաժեշտ։ «Փիլիսոփայորեն, այս արևի տակ այն ազգը, որը չի արարելու, չի լինելու»,- ասաց նա։


 
 
 
 
  • Արխիվ