Twitter-ը լուծարել է Վստահության և անվտանգության հարցերով խորհուրդը

13 դեկտեմբերի, 2022  14:46

Twitter-ը լուծարել է իր Վստահության և անվտանգության խորհուրդը։ Այն կամավորական հիմունքներով աշխատող մասնագետների խումբ է, որը ձևավորվել է 2016 թ․ և սոցիալական մեդիայի հարթակին խորհուրդներ է տալիս տարբեր որոշումների վերաբերյալ։

Խորհրդի անդամների ուղարկված էլեկտրոնային նամակում ասվում է, թե քանի որ Twitter-ն այս պահին անցում է կատարում դեպի նոր փուլ, ընկերությունը փորձում է հասկանալ, թե ինչպես լավագույնս կազմակերպել իրենց արտադրանքի և քաղաքականության մշակման աշխատանքների վերաբերյալ դրսից խորհրդատվական կարծիքն ընկերություն բերելու գործընթացը, տեղեկացնում է Reuters-ը։

«Որպես այս գործընթացի մաս՝ մենք որոշել ենք, որ Վստահության և անվտանգության խորհուրդը լավագույն կառույցը չէ դա անելու համար», - ասվում է խորհրդի անդամներին ուղարկված նամակում։

«Twitter-ն ապահով, տեղեկատվական վայր դարձնելու մեր աշխատանքը կշարունակվի էլ ավելի արագ և ավելի ագրեսիվ կերպով, քան երբևէ, և մենք կշարունակենք ողջունել ձեր գաղափարները այս նպատակին հասնելու վերաբերյալ», - նշվում է Twitter-ի նամակում:

Ըստ Վստահության և անվտանգության խորհրդի կայքի՝ խորհուրդը կազմված է քաղաքացիական իրավունքներով զբաղվող տարբեր կազմակերպություններից, գիտնականներից և այլ մարմիններից, որոնք հանդես էին գալիս հանուն անվտանգության և խորհուրդներ էին տալիս Twitter-ին արտադրանքը, ծրագրերը և կանոնները մշակելիս։

Վստահության և անվտանգության խորհրդի թվիթերյան էջն արդեն ջնջվել է: Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, խորհրդի անդամները խորհրդի լուծարման մասին նամակն ստացել են Zoom-ով ընկերության ղեկավարության հետ հանդիպումից քիչ առաջ։

Անցյալ շաբաթ Խորհրդի երեք անդամներ հրաժարական էին տվել՝ վկայակոչելով Twitter-ի օգտատերերի անվտանգության վերաբերյալ իրենց մտահոգությունները։ «Ուսումնասիրության ապացույցներից պարզ է դառնում, որ, ի տարբերություն Իլոն Մասկի պնդումների, Twitter-ի օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունը անկում է ապրում», - Twitter-ում գրել է խորհրդի անդամ Էնն Քոլիերը:

Մասկը պատասխանել էր Քոլիերին՝ խորհրդի անդամներին մեղադրելով երեխաների շահագործման դեմ քայլեր ձեռնարկելուց հրաժարվելու մեջ, ինչը Twitter նախկին գործադիր տնօրեն Ջեք Դորսին «սուտ» էր անվանել։


Իլոն Մասկի գալուց հետո Twitter-ի աշխատակազմն ավելի քան երկու անգամ կրճատվել է։ Աշխատակիցների կեսին Մասկը հեռացրեց գործադիր տնօրեն դառնալուց գրեթե անմիջապես հետո։ Ավելի ուշ նա աշխատանքից ազատեց իրեն հրապարակավ քննադատող ինժեներներին։ Որոշ ժամանակ անց ընկերության շատ աշխատակիցներ սկսեցին ինքնակամ հեռանալ, երբ Մասկը նրանց վերջնագիր ուղարկեց, որում պահանջում էր կա՛մ աշխատել «երկար ժամեր և բարձր ինտենսիվությամբ», կա՛մ ազատվել աշխատանքից։ Երբ Իլոն Մասկը գնեց Twitter-ը, ընկերությունն ուներ մոտ 7500 աշխատակից։ Հիմա մնացել են մոտ 2700-ը։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ