Kindle-ի օգտատերերը զրկվել են իրենց գնած գրքերին հասանելիությունից

5 հուլիսի, 2024  18:03

Amazon Kindle սարքերի օգտատերերը բողոքել են, որ սկսել են խնդիրներ ունենալ իրենց գնած էլեկտրոնային գրքերի ներբեռնման հետ կապված։ Այս մասին հայտնում է Habr կայքը։

Ըստ Reddit-ում օգտատերերի հրապարակած բողոքներից՝ գրքերի ներբեռնումը դադարում է 30%-ի վրա։ Kindle-ի վերագործարկումն ու թարմացումը կամ Wi-Fi-ի փոփոխությունը չեն օգնում լուծել խնդիրը: Amazon-ի աջակցության ծառայության հետ կապ հաստատելուց հետո օգտատերերին առաջարկվում է վերադարձնել իրենց սարքերը երաշխիքի շրջանակում։

Այս անսարքության մասին հաղորդագրություններ են հայտնվել նաև ընկերության պաշտոնական ֆորումում։ Ըստ այդմ՝ գրքերի ներբեռնումը դադարում է 1%-ի վրա: Օգտատերերից մեկը նշել է, որ խնդիրն ազդել է իր բոլոր Kindle սարքերի վրա:

Amazon Devices-ի ներկայացուցիչ Ջեքի Բերկը հայտնել է, որ էլեկտրոնային գրքեր ներբեռնելու հնարավորության վրա ազդող անսարքությունն արագ լուծվել է:

Ըստ Good e-Reader-ի՝ Amazon-ի աջակցության ծառայությունն ասել է, որ խնդիրը կապված է սերվերում առաջացած մեկ այլ խնդրի հետ: Ընկերությունը խոստացել է գրքեր ներբեռնելու հնարավորությունը վերականգնել 48 ժամվա ընթացքում, սակայն զգուշացրել է, որ դրա համար կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել։

Այս խնդրին բախված օգտատերերին Amazon-ի աջակցության ծառայությունը խորհուրդ է տվել վերագործարկել սարքը՝ 40 վայրկյան պահելով միացման կոճակը, այնուհետև փորձել նորից ներբեռնել գիրքը:

Խափանումն ազդել է նաև Libby հավելվածի միջոցով OverDrive-ից Kindle գրքեր ներբեռնելու վրա, սակայն չի ազդել iOS-ի և Android-ի համար նախատեսված Amazon Kindle հավելվածների վրա:


 
 
 
 
  • Արխիվ