Apple-ը ներկայացուցիչ կունենա OpenAI-ի տնօրենների խորհրդում․ ինչո՞ւ է դա պետք Apple-ին և ի՞նչ խնդիրներ կարող են ծագել

3 հուլիսի, 2024  17:34

App Store-ի ներկայիս ղեկավար և Apple-ի մարկետինգ բաժնի նախկին ղեկավար Ֆիլ Շիլլերը ընկերության շահերը կներկայացնի ոչ առևտրային OpenAI կազմակերպության տնօրենների խորհրդում, պարզել է Bloomberg-ը։ Շիլլերը կունենա դիտորդի դեր՝ նա կկարողանա մասնակցել խորհրդի նիստերին, բայց չի կարող քվեարկել կամ հանդես գալ որպես տնօրեն:

Խորհրդի կազմում տեղը Շիլլերին կօգնի ավելի լավ պատկերացում կազմել OpenAI-ի ներքին աշխատանքի մասին, ինչը կարևոր է, քանի որ Apple-ը նպատակ ունի այս տարի ChatGPT-ն ինտեգրել iOS-ում և macOS-ում: Օգտատիրոջ թույլտվության առկայության դեպքում՝ ինտեգրված ChatGPT-ով Siri-ն կկարողանա բարդ հարցումները ուղղորդել դեպի չատբոտ:

Որոշ տվյալներով՝ Apple-ը ոչինչ չի վճարում OpenAI-ին այս գործընկերային նախագծի շրջանակում, սակայն ակնկալվում է, որ ի վերջո տոկոս կստանա ChatGPT այն բաժանորդագրություններից, որոնք կձևակերպվեն իր հարթակների միջոցով:

Նախկինում OpenAI-ի տնօրենների խորհրդին միացել էր նաև Microsoft-ի ներկայացուցիչը, որը արհեստական բանականության մոդելների հեղինակ այս ընկերության խոշոր ներդրողներից է և գլխավոր գործընկերը:

Bloomberg-ը նշում է, որ Apple-ի և Microsoft-ի ներկայացուցիչների ներկայությունը OpenAI-ի տնօրենների խորհրդում կարող է բարդացնել ծրագրերի քննարկումները երկու ընկերություններից ցանկացածի հետ: Apple-ի ղեկավարությունը հազվադեպ է տեղ զբաղեցնում այն ​​ընկերությունների տնօրենների խորհուրդներում, որոնց հետ համագործակցում է։

OpenAI-ից և Apple-ից դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։


 
 
 
 
  • Արխիվ