Հայաստանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելների առաջին ամառային դպրոցը

1 հուլիսի, 2024  10:39

Երևանում մեկնարկել է Մեծ լեզվական մոդելների (LLM) առաջին ամառային դպրոցը, որի նպատակն է Հայաստանում կրթել մեքենայական ուսուցման (ML) բնագավառում մասնագիտացված հետազոտողներ և ճարտարագետներ։

Ամառային դպրոցում դասավանդելու են առաջատար գիտնականներ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից (USC), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (MIT), Google Research-ից, Լոնդոնի համալսարանական քոլեջից (UCL), Կոպենհագենի համալսարանից (UCPH) և Ամազոն և Մետա ընկերություններից:

Հայաստանից ավելի քան 70 մասնակից՝ տարբեր ԲՈւՀ-երի ուսանողներ, տեխնոլոգիական ընկերությունների աշխատակիցներ և հետազոտողներ, կուսումնասիրեն Մեծ լեզվական մոդելների բնագավառի տարբեր տեսական և գործնական թեմաներ՝ կիրառելով իրենց գիտելիքները պրակտիկ խնդիրների լուծման համար:

Ամառային դպրոցի կազմակերպչական աշխատանքներին աջակցել է «Երևանէն» հիմնադրամը։ Դպրոցը հյուրընկալում է Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Ամառային դպրոցի կազմակերպմանն աջակցել է եվրոպական Nebius AI ընկերությունը։ Վերջինս դպրոցի անցկացման համար տրամադրել է անհրաժեշտ հաշվողական ենթակառուցվածքը: Յուրաքանչյուր ուսանող կունենա մեկ H100 GPU-ի հասանելիություն դպրոցի ողջ ընթացքում: Ընկերության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ տեղում գործնական աջակցություն ցուցաբերելու համար:

Picsart ընկերության, ինչպես նաև տեխնոլոգիական ձեռներեց Վահե Կուզոյանի աջակցությամբ Հայաստան են հրավիրվել մի շարք առաջատար գիտնականներ: Դպրոցի համակազմակերպիչ պրոֆեսոր Արամ Գալստյանը նշում է. «Այս դպրոցը կարևոր քայլ է Հայաստանի AI համայնքի զարգացման համար։ Այն ոչ միայն հնարավորություն է տալու կարևոր գիտելիքներ ձեռք բերել, այլ նաև ծանոթանալ և աշխատել մեքենայական ուսուցման բնագավառի առաջատար գիտնականների հետ»: 


Ամառային դպրոցի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կայքից
։


 
 
 
 
  • Արխիվ