Agility Robotics-ի մարդանման ռոբոտներն աշխատանքի կանցնեն GXO-ում

28 հունիսի, 2024  16:07

Agility Robotics ընկերությունը, որը մասնագիտացած է մարդանման ռոբոտների մշակման մեջ, գործարք է կնքել լոգիստիկայով զբաղվող GXO ընկերության հետ, որի շրջանակում իր Digit ռոբոտները կներգրավվեն արտադրական գործընթացներում:

Ինչպես տեղեկացնում է Techcrunch.com-ը, սա նշանակալի զարգացում է ռոբոտաշինության ոլորտի համար, որը մինչ այժմ շատ է լսել մարդանման ռոտոբոտներին տարբեր ոլորտներում կիրառելու մասին խոստումներ, ունեցել փորձնական ծրագրեր, սակայն գործնականում նշանակալի արդյունքներ չի հանգեցրել։

Մեծ մանևրունակություն ունեցող Digit ռոբոտի առաջին առաջադրանքը կլինի ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Spanx գործարանում պլաստիկ տարաներ տեղափոխելը: Թեև չի հայտարարվել, թե քանի ռոբոտ կաշխատի այս հաստատությունում, աղբյուրը ենթադրում է, որ այն դեռևս համեմատաբար փոքր է։ Եթե ​​խոսքը լիներ տասնյակ կամ հարյուր հազարավոր ռոբոտների մասին, ապա կողմերը, վստահաբար, հաճույքով կկիսվեին նման տեղեկություններով ողջ աշխարհի հետ։

Ըստ TechCrunch-ի՝ Digit-ի համակարգերը կտրամադրվեն վարձակալությամբ՝ «ռոբոտներ որպես ծառայություն» (robots-as-a-service, RaaS) մոդելով, ինչը ընկերությանը թույլ կտա խուսափել բարդ համակարգի հսկայական նախնական ծախսերից և միաժամանակ օգտվել աջակցության և ծրագրային ապահովման թարմացումներից:

Agility-ի գործադիր տնօրեն Փեգի Ջոնսոնը մարտին հայտարարել էր, որ ընկերությունը կենտրոնանում է ներդրումների վերադարձի վրա և դրանով առանձնանում է ռոբոտաշինության ոլորտի այլ ընկերություններից, որտեղ արդյունքներն այս առումով հիմնականում մնում են տեսական հարթությունում։

«Առաջիկա տարիներին մենք շատ մարդանման ռոբոտներ կտեսնենք շուկայում, բայց ես հպարտ եմ, որ Agility-ն առաջին ընկերությունն է, որը ռոբոտներ է տեղակայում հաճախորդների կայքում, որտեղ եկամուտ է գոյանում և լուծվում են իրական բիզնեսի խնդիրները», - ասել էր Ջոնսոնը:

Օրեգոնում տեղակայված Agility ընկերությունն առաջատարն է մարդանման ռոբոտների մշակման և տեղակայման գործում, ուստի զարմանալի չէ, որ այն նաև առաջատարն է այս ռոբոտներին գործնականում կիրառելու մեջ ևս մեկ կարևոր հանգրվանի հասնելու գործում: Ապագայում այս շուկայում ակնհայտորեն այլ առաջատարներ կհայտնվեն։

Նշենք, որ GXO-ն անցյալ տարի սկսեց փորձնական նախագիծ Digit ռոբոտների հետ, սակայն վերջերս հայտարարեց նոր փորձնական գործարքի մասին Agility-ի խոշորագույն մրցակիցներից մեկի՝ Apptronik-ի հետ:


 
 
 
 
  • Արխիվ