Դատարանն Amazon-ի ամպային ծառայությանը տուգանել է $525 մլն-ով

13 ապրիլի, 2024  12:13

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալները Amazon Web Services (AWS) ամպային հարթակին մեղավոր են ճանաչել Չիկագոյում հիմնված Kove ընկերության արտոնագրերը խախտելու մեջ: Արդյունքում այլոց տեխնոլոգիաներն ապօրինի օգտագործելու համար AWS-ը տուգանվել է 525 մլն դոլարով, տեղեկացնում է Datacenter Dynamics-ը։

Kove-ի պնդումները վերաբերում են նրան, որ պատասխանողը խախտել է տվյալների պահեստի կառավարման համակարգերի և մեթոդների, ինչպես նաև տեղեկության որոնման և ստացման հետ կապված մշակման իրավունքները: Ըստ Kove-ի՝ AWS-ն առանց թույլտվության օգտագործում է համապատասխան տեխնոլոգիան իր S3 և DynamoDB ծառայություններում: Kove-ը նման մեկ այլ հայց է ներկայացրել Google-ի դեմ 2023-ին։ Այս գործը ներկայումս ընթացքի մեջ է:

Kove-ը AWS-ի դեմ հայցը ներկայացրել է 2018-ի դեկտեմբերին: Գործի նյութերում նշված է ընկերության երեք ամերիկյան արտոնագիր՝ թիվ 7,814,170, թիվ 7,103,640 և թիվ 7,233,978։ Որպես գյուտարարներ են նշված դոկտոր Ջոն Օվերթոնը և դոկտոր Սթիվեն Բեյլը, ընդ որում՝ Օվերթոնը Kove-ի գործադիր տնօրենն է: Իրենց բողոքում հայցվորները պնդում են, որ Kove-ի տեխնոլոգիան մեծ նշանակություն ունի AWS-ի համար, քանի որ Amazon-ի ամպում պահվող տվյալների ծավալն աճում է երկրաչափական պրոգրեսիայով, և նրա ամպային ծառայությունները բախվել են հսկայական ծավալի տվյալների մշակման և ստացման սահմանափակումների:

AWS-ը 2020-ին հայտարարել էր, թե չի խախտել խնդրո առարկա արտոնագրերը՝ պնդելով, թե դրանք անվավեր են: Այնուամենայնիվ, AWS-ի փաստարկները դատարանում հաշվի չեն առնվել, իսկ ամպային ծառայությունների հարթակը տուգանվել է։ Երդվյալ ատենակալները նաև չեն համաձայնել պնդման հետ, որ AWS-ը միտումնավոր է խախտել արտոնագրերը: Ընկերությունը հայտարարել է, որ համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել այն։


 
 
 
 
  • Արխիվ