Հրապարակվել է աշխարհի 100 ամենաթանկ ընկերությունների ցանկը․ Apple-ն առաջին տեղում է

23 նոյեմբերի, 2023  16:12

Interbrand Corp խորհրդատվական ընկերությունը կազմել է աշխարհի 100 ամենաթանկարժեք ընկերությունների ցանկը։ Ըստ հետազոտության՝ Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը․ ապրանքանիշը գնահատվում է 502,6 միլիարդ դոլար:

Նշվում է, որ Apple-ն արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է վարկանիշի առաջատարը։ Երկրորդ տեղում Microsoft-ն է, որը գնահատվել է 316,6 մլրդ դոլար, իսկ Amazon-ը (276,9 մլրդ դոլար) և Google-ը (260,2 մլրդ դոլար) զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։

Վարկանիշային աղյուսակի թոփ հնգյակը, ինչպես նախորդ տարի, եզրափակում է հարավկորեական Samsung ընկերությունը, որի արժեքը գնահատվել է 91,4 մլրդ դոլար։

Toyota-ն աշխարհի բոլոր ապրանքանիշերի մեջ 64,5 մլրդ դոլար արժեքով զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Ճապոնական արտադրողը գերազանցել է իր գերմանական մրցակիցներին՝ Mercedes-Benz-ին (61,4 մլրդ դոլար) և BMW-ին (51,1 մլրդ դոլար), որոնք զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ և տասներորդ տեղերը։

Ութերորդ և իններորդ հորիզոնականները բաժին են ընկել Coca-Cola-ին (58 միլիարդ դոլար) և Nike-ին (53,7 միլիարդ դոլար):

Interbrand Corp.-ի վերլուծաբանները նշել են, որ աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշերի ընդհանուր արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 5,7%-ով։ Interbrand Corp.-ը 1974-ին հիմնադրված ընկերություն է, որը մասնագիտացած է բրենդային խորհրդատվության ոլորտում և գնահատում է ընկերության ապրանքանիշերի արժեքը՝ օգտագործելով իր սեփական մեթոդաբանությունը:


 
 
 
 
  • Արխիվ