Amazon-ը տիեզերքում լազերի միջոցով տվյալներ է փոխանցել․ ի՞նչ հնարավորություն կստեղծի այն

16 դեկտեմբերի, 2023  11:41

Amazon ընկերությունը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է տիեզերական լազերային կապուղին երկու Project Kuiper ինտերնետային արբանյակների նախատիպերի միջև: Ուղեծրում գտնվող կապի արբանյակների միջև լազերային հաղորդակցությունը Երկրի վրա բաժանորդներին թույլ կտա տվյալներ փոխանակել ուշացման ցածր միջակայքով, ինչն ինքնաթիռների, զբոսաշրջային նավերի ուղևորներին և հեռավոր վայրերում գտնվող բնակիչներին հնարավորություն կտա ամենուր արագ ինտերնետ կապ ստանալ:

«Նոյեմբերի սկզբին մենք ստեղծեցինք առաջին հաջող օպտիկական կապերը մեր երկու նախատիպ արբանյակների միջև, ինչը թույլ է տալիս ուղարկել և ստանալ տվյալներ մինչև 100 Գբիտ/վ արագությամբ մեկ ժամ կամ ավելի փորձնական ժամանակահատվածում»,- ասվում է Amazon-ի բլոգում:

Փորձարկման ռեժիմում 1000 կմ հեռավորության վրա լազերային ալիքի միջոցով տարբեր տվյալներ են փոխանցվել և ստացվել՝ ներառյալ առցանց խանութներում գնումների իմիտացիա, բարձր որակով տեսանյութերի դիտում և կայքերի զննում:

Amazon-ը միայնակ չէ լազերային հաղորդակցությունը տիեզերք հասցնելու իր ձգտումներում: Starlink ցանցի արբանյակները նույնպես տեղեկություն են փոխանակում լազերների միջոցով: Վակուումում օպտիկական ալիքները գործում են ավելի մեծ արագությամբ, քան մանրաթելային մալուխների դեպքում, ինչն ավելացնում է դրանց թողունակությունը:

NASA-ն նույնպես գնում է տիեզերքում լազերային հաղորդակցության կիրառման ուղղությամբ: Միջազգային տիեզերակայանում հայտնվել է սարքավորում՝ Երկրի հետ 1,2 Գբիթ/վ արագությամբ լազերային կապի ալիք կազմակերպելու համար, իսկ ավելի վաղ փորձարկվել էր հեռահար լազերային տիեզերական հաղորդակցությունը, որի շրջանակում Psyche տիեզերական սարքը տեղեկություն էր փոխանցել 16 միլիոն կմ հեռավորությունից:

Amazon Project Kuiper արբանյակների համաստեղությունը կսկսի տեղակայվել 2024-ի առաջին կեսին: Ալիքի փորձարկումը կսկսվի ավելի ուշ՝ 2024-ին, բայց միայն ընտրված հաճախորդների հետ: Ընդհանուր առմամբ, Kuiper համաստեղությունը կունենա 3236 արբանյակ։ 


 
 
 
 
  • Արխիվ