Titan Image Generator․ Amazon-ը ներկայացրել է պատկերների սեփական գործիքը․ ինչո՞վ է այն առանձնահատուկ

30 նոյեմբերի, 2023  16:01

Պատկերը ստեղծված է Titan Image Generator-ով

AWS re:Invent համաժողով ժամանակ Amazon-ը ներկայացրել է արհեստական բանականության միջոցով պատկերների ստեղծման իր սեփական գործիքը՝ Titan Image Generator-ը, որն աշխատում է Bedrock հարթակի վրա։ Ինչպես տեղեկացնում է Engadget.com-ը, այն նախատեսված է տեքստային հարցումների հիման վրա պատկերներ ստեղծելու համար, ինչպես նաև առաջարկում է տարբեր լրացուցիչ գործառույթների աջակցություն՝ պատրաստի պատկերները խմբագրելու համար:

Ըստ Amazon-ի՝ գործիքը կարող է ցածր գնով ստեղծել «իրատեսական, ստուդիայի որակի պատկերների հսկայական ծավալներ»: Ընկերությունը նշում է, որ Titan Image Generator-ը կարող ստեղծել պատկերներ՝ հիմնված տեքստային բարդ հուշումների վրա՝ միաժամանակ ապահովելով պատկերում ստեղծված օբյեկտների ճշգրիտ կազմությունը՝ նվազագույն աղավաղումներով: Ըստ Amazon-ի մշակողների՝ դա կօգնի «նվազեցնել վնասակար բովանդակության ստեղծումը և մեղմացնել ապատեղեկատվության տարածումը»։

Titan Image Generator-ի գործառույթները թույլ են տալիս նաև խմբագրել նկարի առանձին տարրեր՝ հեռացնելով կամ ավելացնելով լրացուցիչ մանրամասներ: Օրինակ՝ գործիքը թույլ է տալիս փոխարինել պատկերի ֆոնը, ինչպես նաև փոխարինել կամ հեռացնել այն առարկան, որը կարող է լինել կադրում պատկերված մարդու ձեռքում: Titan Image Generator-ի արհեստական բանականությամբ աշխատող ալգորիթմները կարող են նաև ընդլայնել պատկերի կոմպոզիցիան և ավելացնել լրացուցիչ արհեստական ​​մանրամասներ՝ Photoshop-ի Generative Expand ֆունկցիայի նման:

Ընկերությունը նշում է, որ իր Titan Image Generator-ն իր ստեղծած յուրաքանչյուր պատկերի վրա կիրառում է անզեն աչքով անտեսանելի հատուկ ջրանիշ: Ըստ ընկերության՝ դա կօգնի նվազեցնել ապատեղեկատվության տարածումը և կապահովի արհեստական ​բանականության ստեղծած պատկերները նույնականացնելու մեխանիզմ, ինչպես նաև կնպաստի արհեստական բանականության տեխնոլոգիաների անվտանգ և թափանցիկ զարգացմանը: Amazon-ն ասում է, որ այս ջրանիշները հնարավոր չէ հեռացնել կամ փոխել:

Համաձայն հրապարակված տեսանյութի, որը ցուցադրում է Titan Image Generator-ը, գործիքը կարող է նաև ստեղծել պատկերների նկարագրություններ կամ համապատասխան տեքստ՝ հետագայում սոցիալական մեդիայի գրառումներում օգտագործելու համար: 


 
 
 
 
  • Արխիվ