Amazon Q չատբոտը սխալ պատասխաններ է տալիս, տրամադրում ընկերության մասին գաղտնի տվյալներ

4 դեկտեմբերի, 2023  20:38

Amazon-ի վերջերս ներկայացված չատբոտը` Amazon Q-ն, այս տեսակ նեյրոցանցերին բնորոշ «հալյուցինացիաներ» ունի և գաղտնի տվյալներ է արտահոսում, հաղորդում է Platformer-ը: Նախադիտման տարբերակի օգտատերերին հասանելի են տվյալներ ընկերության տվյալների կենտրոնի գտնվելու վայրի, զեղչային ծրագրերի (որոնք հրապարակային չեն) և դեռ չներկայացված գործառույթների մասին։

Միջադեպը դասակարգվել է որպես 2-րդ մակարդակի արտահոսք, ինչը նշանակում է, որ այն բավական լուրջ է։ Q-ի հետ կապված խնդիրը ծագել է շատ անհարմար ժամանակ, քանի որ Amazon-ը փորձում է իր տեղը գրավել արհեստական բանականությամբ գործող օգնականների շուկայում: Այստեղ առաջամարտիկներն են Microsoft-ը, Google-ը և որոշ ստարտափներ: Սեպտեմբերին ընկերությունը հայտարարեց, որ 4 միլիարդ դոլար կներդնի Anthropic ստարտափում, իսկ այս շաբաթ այն վերջապես ներկայացրեց իր սեփական չատբոտը` Q-ն։

Ի պատասխան Q-ի խնդիրների մասին հաղորդագրությունների՝ ընկերությունը հայտարարել է, որ որոշ աշխատակիցներ իսկապես կիսվում են ծառայության մասին հաճախորդների կարծիքներով ներքին ուղիներով, սակայն ապացույցներ չկան, որ հետադարձ կապի նյութերում նշված լինեն տվյալների ակնհայտ խախտման դեպքեր:

Ավելի ուշ ընկերությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Amazon Q-ն գաղտնի տեղեկությունների արտահոսք չի արել։ Միևնույն ժամանակ, ընկերությունը պարզաբանել է, որ հետադարձ կապը ողջունելի է, քանի որ այն կօգնի ավելի լավ հարմարեցնել արհեստական բանականությամբ աշխատող այս օգնականի վարքագիծը։

Այնուամենայնիվ, ընկերության արտահոսած ներքին փաստաթղթերը ապացուցում են հակառակը. Q-ն տվել է ապակողմնորոշիչ կամ պոտենցիալ վտանգավոր պատասխաններ, օրինակ՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մինչ այժմ Amazon-ը խնամքով թաքցնում է տվյալների կենտրոնների գտնվելու վայրերի մասին տեղեկությունները։ Խոսքը վերաբերում է ինչպես սեփական, այնպես էլ վարձակալված օբյեկտներին։ 2018-ին WikiLeaks-ը հրապարակել էր ՏՏ հսկայի ներքին փաստաթղթերը, որոնք ներառում էին տեղեկություններ ընկերության տվյալների կենտրոնների կոորդինատների մասին 2015-ի դրությամբ:

Այդ ժամանակից ի վեր տվյալների կենտրոնների գտնվելու վայրերը բացահայտվել են միայն նախատեսված շինարարության վերաբերյալ փաստաթղթերում, սակայն ընկերության բոլոր այսպիսի կենտրոնների գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկատվություն դեռևս չկա: Իր վերջին զեկույցում AWS-ը հայտնել է, որ 2022-ի վերջին ողջ աշխարհում ուներ ավելի քան 1,4 մլն քմ տարածքով տվյալների կենտրոններ և վարձակալել է ավելի քան 1,6 մլն քմ տարածք:


 
 
 
 
  • Արխիվ